Ինչով կպատասխանի վարչապետի միզեռին Սերժ Սարգսյանը - 2

Ինչով կպատասխանի վարչապետի միզեռին Սերժ Սարգսյանը - 2

Եվ այսպես․ հայաստանյան պրեֆերանսային այս պարտիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է միզեռ՝ արցախյան խնդրի հետ կապված հնչեցնելով հայտնի մտքերը, եւ ակտիվացնում է խաղի մյուս 2 մասնակիցներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ ՀՀ երկրորդ նախագահն իր ասուլիսով հայտարարեց՝ «փաս», ինչը նշանակում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդը չի պատրաստվում հավակնոտ, հնչեղ ծրագրեր հնչեցնել։

Եվ խոսքը փոխանցվում է երրորդ նախագահին, Սերժ Սարգսյանը քայլ կատարելուց առաջ մտածելու ժամանակ է վերցնում, որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանի համար փաս գնալն առավել քան նպաստավոր իրավիճակ է ստեղծում, ապա Սերժ Սարգսյանի պարագայում ամեն ինչ ուղիղ հակառակն է։ Նա ունի 2 տարբերակ՝ կրկնել Ռոբերտ Քոչարյանի փասը եւ բացել իր խաղաքարտերը ու իր քայլերը երկրորդ նախագահի հետ համաձայնեցնելով՝ աշխատել Փաշինյանի միզեռի ձախողման ուղղությամբ, կամ մաքսիմալիստական պատվեր իջեցնել՝ մտնելով առաջին տեղի համար ընթացող կատաղի պայքարի մեջ։ Եթե Սերժ Սարգսյանը հետեւի Քոչարյանի օրինակին, Փաշինյանի միզեռի ձախողման «շոգեքարշը» նրան կտեղափոխի Բաքու, իսկ իրեն՝ պատվավոր թոշակի, ուստի նա կընտրի երկրորդ տարբերակը։ 

Պրեֆերանսային ալեգորիաներից գալով հայաստանյան քաղաքական դաշտ՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե արցախյան խնդրի հայանպաստ լուծումներն անհնարին են դարձել շատ վաղուց՝ դա էր բխում բանակցային տրամաբանությունից։ Հասկանալի է, որ Փաշինյանն ընդամենը ռուպորի դերում է՝ հնչեցնում է համաշխարհային կոնսենսուսային մոտեցումը։ Նա դրան դիմակայելու մեխանիզմները չի տեսնում եւ որոշել է գործել այդ հայտարարության շրջանակներում՝ որքան էլ զուգահեռաբար հնչեն հայրենասիրական երանգներով ճառեր ու քննադատություններ, նա այլեւս շարժվելու է այդ տրաեկտորիայով։ «Հայաստան» դաշինքի առաջնորդը, բնականաբար, համաձայն չէ այս մոտեցմանը, բայց Ռոբերտ Քոչարյանը նաեւ հրաժարվում է ալտերնատիվ տարբերակներ հնչեցնելուց եւ նախընտրում է պայքարը շարունակել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու կարգախոսի ներքո։ Ենթադրվում է, որ իր մոտեցումները եւ լուծումները երկրորդ նախագահը պատրաստվում է հանրայնացել իշխանափոխության պարագայում։

Ի դեպ, ընդդիմության համար բացվել է պայքարի երկրորդ ճակատը՝ հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման պրոցեսի շրջանակներում, պրոցես, որը նույնպես արտաքին խաղացողների կողմից է թելադրված, եւ այստեղ եւս արտաքին խաղացողների միջեւ կան որոշակի տարաձայնություններ, եւ ընդդիմությունը կկարողանա իր պայքարը տեղավորել այդ հակասությունների մեջ։ Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը Փաշինյանի ծրագրերը ձախողելու շատ մեծ ճակատ ունեն, ուստի նպատակահարմար չգտան հավակնոտ ծրագրեր հնչեցնել եւ ավելորդ անգամ հայտնվել քննադատության թիրախում։ Հստակ ծրագիր հնչեցնելն իր մեջ նաեւ այլ վտանգներ է պարունակում, այն ինչ-որ չափով կհակասի շախմատի խաղատախտակի մոտ հավաքված գրոսմայստերների պլաններին, կխանգարի նրանց կոմբինացիաներին, ինչը կարող է լուրջ հակազդեցություն եւ լրացուցիչ խնդիրներ առաջացնել երկրորդ նախագահի համար, ուստի Ռոբերտ Քոչարյանի ստրատեգիան միանգամայն հասկանալի է՝ փորձել ձախողել գլխավոր խաղացողի ծրագրերը, հասնել նրա գահավիժման եւ հայտնվել առաջատարի դիրքում։

Հասկանալի է, որ այս ամենն ունի գաղափարական հենք, մոտեցումների, աշխարհընկալումների հակասություններ, սկզբունքների բախում եւ այլն, բայց այս ամենը դիտարկելիս պետք է հաշվի առնել, որ խաղի բոլոր մասնակիցներն ունեն իրենց քաղաքական հետագիծը, առաջնայինի մասին իրենց ընկալումներն ու իդեոլոգիական ամուր հիմքի վրա կառուցված մոտեցումները։ 
Ինչեւէ, եթե երկրորդ նախագահի պարագայում ամեն ինչ միանգամայն հստակ է, ապա խնդիրը միանգամայն այլ է երրորդ նախագահի պարագայում։ Սերժ Սարգսյանի համար շատ լավ հնարավորություն է ստեղծվում՝ ակտիվացնել իր գործողությունները, միանալ առաջին տեղի համար մղվող պայքարին։ Հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանը որոշեց շարժվել համեմատաբար ապահով, զգուշավոր ճանապարհով, ուստի Սերժ Սարգսյանի հաղթանակի համար ավելի լայն ճանապարհ է բացվում։ Դրա համար նա անպայմանորեն պետք է գնա սրացման՝ խլելով նախաձեռնությունը վարչապետից, իսկ դա անելու համար հարկավոր է միզեռին ծածկող մաքսիմալիստական պատվեր իջեցնել։ Իսկ դա կարող է ունենալ մի քանի տեսք․ օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է հրապարակայնացնել զորեղ ինֆորմացիաներ, որոնք կարող են շրջադարձային ազդեցություն ունենալ հայաստանյան ներքաղաքական դաշտում եւ կարող են վերաբերել գործող վարչապետին, կամ բանակցային գործընթացին։ Նիկոլ Փաշինյանին վերաբերող հնարավոր նյութերը կարող են բազմազան լինել, բայց սա կոնսպիրոլոգիայի ժանրից է, ուստի պարզապես ֆիքսենք, որ կա նաեւ նման տարբերակ, եւ շարժվենք առաջ։ 

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի հետ կապված ցնցող բացահայտումներին, ապա վստահ եմ, որ այնտեղ առավել քան բավարար են նման դրվագները։ Հայտնի է, որ աշխարհի հզորները նման պարագաներում բանակցային պրոցեսներում միշտ բազմաթիվ  ականներ են տեղադրում, բազում խոստումներ տալիս կողմերին, գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերում, դիվանագիտական հնարքներ կիրառում, եւ դա արվում է ոչ թե խնդրի կարգավորմանը նպաստելու, այլ՝ աշխարհաքաղաքական ստրատեգիական նկատառումներից ելնելով եւ իրենց հակառակորդներին շրջանցելու միտումով։ Հետեւաբար, բանակցային գործընթացին վերաբերող ազդեցիկ փաստաթղթերի հրապարակման պարագայում Սերժ Սարգսյանն արդեն սկսում է խաղալ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ արտաքին գիգանտներից որեւէ մեկի, գուցե անգամ՝ միանգամից բոլորի դեմ։ Ադրբեջանին սիրաշահելու եւ միաժամանակ խնդրի գլխավոր թելերը պահպանելուն միտված այս կոնստրուկցիան կարծես ձեռնտու է բոլորին, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանին, նա կարող է Ադրբեջանին հավաստիացնել, որ «հայանպաստ լուծումը բացառվում է, փոխարենը՝ համաձայնություն տվեք, որ մենք շարունակենք մնալ տարածքում իբրեւ խաղաղապահ՝ միմիայն խաղաղ բնակչությանը պաշտպանելու առաքելությամբ։ Եվ մենք միասին կտորպեդահարենք Մինսկի խմբի վերակենդանացումը»։ Եթե ու երբ Ադրբեջանը սկսի ընդդիմանալ այս ամենին, ռուսներն իսկույն իրենք կձեռնարկեն Մինսկի խմբի վերակենդանացման գործընթացը եւ այնտեղ կակտիվանան։ Արեւմուտքի համար, բնականաբար, ընդունելի չէ Ադրբեջանում եւ Արցախում ռուսների ռազմական ներկայությունը, բայց նա Ադրբեջանի դեմ ուղղված քայլեր չի ձեռնարկի՝ Արեւմուտքը երբեք իրեն թույլ չի տա բաց խաղալ ՀԱՊԿ անդամ Հայաստանի օգտին, ընդդեմ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ նրա ստրատեգիական գործընկեր Ադրբեջանի։ Այսինքն՝ կարծես բոլորի համար էլ որոշակիորեն ընդունելի է այս իրավիճակը, եւ բոլոր կողմերը կփորձեն միմյանց դուրս մղել պրոցեսից, առանց հիմնական կոնստրուկցիային դիպչելու՝ ռուսները կփորձեն Արեւմուտքին որոշակի հեռավորության վրա պահել խնդրից եւ տարածաշրջանից, Արեւմուտքը կփորձի Թուրքիայի միջոցով դուրս մղել Ռուսաստանին, եւ դրանից հետո միայն նրանք լիարժեքորեն կմտնեն տարածաշրջան ու կհաստատեն իրենց կարգերը։ 

Առավել քան տեսանելի է, որ Փաշինյանի կողմից հնչեցված միզեռը շախմատի խաղատախտակի մոտ հավաքված հզորներն են հուշել, եւ դրա դեմ խաղալու համար՝ գերմարդկային ջանքերը, ֆանտաստիկ քաջությունն ու ստրատեգիական հնտությունները բավարար չեն, այստեղ նաեւ տիեզերքի հավանությունն է անհրաժեշտ։ Հետեւաբար, եթե Սերժ Սարգսյանի կողմից հրապարակ նետվեն լուրջ փաստեր, այդուհանդերձ, նա բախվելու է բազմաթիվ արտաքին եւ ներքին ախոյանների հետ։ Այդ նախաձեռնությունն անգամ Ռոբերտ Քոչարյանի հավանությանը կարող է չարժանանալ։ Համենայնդեպս, թե՛ պրեֆերանսի, թե՛ քաղաքականության կանոններից ելնելով՝ երկրորդ նախագահի շահերից չի բխում հավակնոտ պատվեր իջեցրած Սերժ Սարգսյանի օգտին խաղալը։ Օրինակ, եթե Ռուսաստանը դեմ լինի նմանատիպ սրացումներին, ապա զրոյական են շանսերը, որ Ռոբերտ Քոչարյանը կմիանա այդ նախաձեռնությանը։

Գալով կուլմինացիային՝ արձանագրենք, որ երբ Սերժ Սարգսյանը հանդես գա, Փաշինյանն էլ կարձագանքի՝ ազդարարելով՝ առանց ավելառուկի, «պրիկուպի» միզեռ։ Հայտնի է, որ պատվերների սկզբնական փուլից հետո խաղի մասնակիցները հնարավորություն ունեն իրենց մոտ եղած խաղաքարտերից երկուսը փոխարինել սեղանի վրա փակ տեսքով դրված ավելացած երկու խաղաքարտերով, ուստի առանց «պրիկուպի» պատվերներն ամենազորեղներն են այս խաղում։ Մեր պարագայում, Փաշինյանի կողմից առանց «պրիկուպի» միզեռը կլինի այն, որ նա ընդհանրապես կարող է հրաժարվել բանակցային գործընթացից՝ հղում անելով ստեղծված իրավիճակին եւ սրացման մեղքը բարդելով Սերժ Սարգսյանի վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանը կարողանա սրել իրավիճակը, ապա կա տարբերակ, որ դա կարող է հանգեցնել բանակցային գործընթացի տապալման՝ հնարավոր բոլոր հետեւանքներով։

Բայց այստեղ էլ ամեն ինչ չի ավարտվում՝ քաղաքականությունն ու պրեֆերանսն առհասարակ անսպառ հնարավորություններով խաղեր են՝ հանճարեղության եւ հնարամտության դրսեւորման յուրահատուկ թատերաբեմ, եւ այդ դեպքում էլ, երբ Փաշինյանը որոշի հրաժարվել բանակցային պրոցեսին մասնակցելուց, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին կարող է էլ ավելի բորբոքել կրքերը, լարվածությունը հասցնել առավելագույնի, հատել պատվերների վերջնագիծը եւ ջախջախելով Փաշինյանի առանց «պրիկուպի» միզեռը, հայտարարել՝ առանց «պրիկուպի» առավելագույն արդյունավետություն։ Այդ պատվերով ազդարարվում է, որ մասնակիցը պատրաստվում է ամենաանհավանական համարվող պատվերը եւ փակել առեւտրի փուլը։ Նորից գալով հայաստանյան իրականություն՝ նշենք․ սրացումների հետեւանքով բանակցությունների տապալման պարագայում Սերժ Սարգսյանը կարող է շարունակել իր պայքարը՝ արհամարհելով բանակցային սեղանը եւ դրա շուրջ հավաքված գիգանտներին։ Այս ֆանտաստիկ կոմբինացիայի շրջանակներում Սերժ Սարգսյանը, փաստորեն, պետք է պատրաստ լինի, անգամ եթե կարիքը կա՝ վերադառնալ հեռավոր 90-ականներ, ինքնաձիգ վերցնել եւ ղեկավարել հակառակորդի վրա գրոհը։ 
Այնպես որ, մոտ օրերս տալիք հարցազրույցից շատ բան կպարզվի՝ պրեֆերանսի բազմակի չեմպիոնը պետք է որոշի՝ գնո՞ւմ է անհավանական քայլերի՝ անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ, թե՞ հաշտվում է պարտիայում աուտսայդերի դերի հետ։

Պողոս Պողոսյան