Թուրքը զինվում է, հզորանում, իսկ մեր զինվորը նույնիսկ համազգեստ չունի

Թուրքը զինվում է, հզորանում, իսկ մեր զինվորը նույնիսկ համազգեստ չունի

«Իմ կարծիքով՝ Ալիեւն ուլտիմատում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին ու ասել՝ ականջներդ կկտրեմ, եթե բանակի տարեդարձ նշես: Նա էլ, ինչպես միշտ, ենթարկվում է Ալիեւի կամքին»,- Հայոց բանակի 30-ամյակը պետական մակարդակով չնշելու մասին իր տեսակետն արտահայտեց «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:

Չնայած իշխանությունը ոչինչ չի անում հոբելյանական տարեդարձը տոնելու համար, բայց ռազմական համալսարանում եւ զորամասերում միջոցառումներ կլինեն: «Հո չե՞նք կարող անտարբերության մատնել այդ կարեւոր օրը: 30-ամյակը մե՛ր բանակի տարեդարձն է, ոչ թե այս կառավարության»,- ասաց գնդապետ Ղումաշյանը:

Գործող կառավարության վտանգավոր լռությունից հրամանատարն ավելի հեռուն գնացող հետեւություններ է անում: Նրա կարծիքով՝ հիմա բանակի 30-ամյակը չեն նշում, վաղն էլ չեն հիշի Ցեղասպանության տարելիցը: «Ես սարսափով եմ սա ասում: Իրենց արդարացնելու համար հազար ու մի պատճառ կբերեն, մենք էլ, ինչպես միշտ, էդ կուտը կուտենք ու կմարսենք հերթական անարգանքը»,- նկատում է նա:

Խաղաղության դարաշրջան բացող հայրենի կառավարությանը Ղումաշյանը խորհուրդ է տալիս՝ նայել կողքերն ու տեսնել, թե ինչպես են աշխարհագրորեն հեռու եւ մոտիկ երկրները պատերազմի պատրաստվում: Մինչդեռ մենք քայլում ենք անդունդի եզրով ու խոսում խաղաղության մասին՝ այն դեպքում, երբ հակառակ կողմն անընդհատ զինվում է, մարզվում՝ հարմար առիթի դեպքում հարձակվելու համար:

«Թուրքը զինվում է, հզորանում, իսկ մեր զինվորը նույնիսկ համազգեստ չունի, քողարկման ցանցեր չունի: Արցախից զանգել, ինձնից քողարկման ցանց էին ուզում: Ինչի պետությունը ե՞ս եմ… ինչի՞ պիտի էդ ցանցերից պահեստներում լցրած չլինի, որ ինձնից կամ սրանից-նրանից խնդրեն: Բա տենց բանա՞կ են պահում: Եթե խաղաղություն կերտող բանակ ենք ուզում, ուրեմն այդ բանակը պետք է հզոր լինի՝ սպառազինված, ուժեղ, մարտունակ»,- վրդովվում է Ղումաշյանը:
Ծայրահեղ վատ պայմաններում իրենց ծառայությունն իրականացնող զինվորները, սակայն, Ղումաշյանի համոզմամբ, կոտրված չեն: Ուժեղ են թե՛ կամային, թե՛ բարոյահոգեբանական առումով: «Իրենք թքած ունեն էս իշխանության վրա էլ, դրանց անտարբերության վրա էլ, իրենք հայրենիք են պաշտպանում ու վերջ»:

«Տիգրան Մեծ»-ի հրամանատարը լուրջ մտահոգություն ունի, որ մի օր նոր պատերազմ կպայթի, իսկ մենք թմբիրի մեջ կլինենք: Ասում է՝ կողքներս կռվի են պատրաստվում, իսկ մենք հանգիստ նստած ենք: «Ամեն տուն, ամեն մարդ՝ մեծ թե փոքր, պետք է պատրաստ լինի պատերազմի: Հեռու չի այդ օրը: Այլեւս ժամանակ չունենք: Եթե Ուկրաինայում կռիվ սկսվեց, մեզ ջնջելու են: Էս երկիրը փրկել է պետք: Մենք հիմա այն վիճակում չենք, որ դիմություն-ընդդիմություն խաղացնենք: Մեզ հիմա միայն համախմբվել է պետք: Ո՞ւմ կողքն է պետք կանգնել. Նիկոլի՞, Ալենի՞, Քոչարյանի՞, Սերժի՞, գնանք կանգնենք, հավատացեք՝ անձերն այլեւս կարեւոր չեն: Սեւ-սպիտակի ժամանակն անցել է, պետք է մի կողմ թողնել տարաձայնություններն ու միավորվել հայրենափրկության գաղափարի շուրջ»:

Երեք պատերազմ անցած գնդապետի համոզմամբ՝ ազգը համախմբելու ուժ ու կարողություն ունի հատկապես լրագրողական համայնքը: Ասում է՝ դուք ամեն ինչ կարող եք անել, ձեր ձայնը լսելի է: Անգամ կարող եք առանց առաջնորդի ժողովրդին ոտքի հանել ու միավորել մեկ նպատակի ու մեկ գաղափարի շուրջ: «Կոչով դիմում եմ լրատվամիջոցներին՝ սթափեցրեք ու ոտքի հանեք հասարակությանը: Մենք էլ կմիանանք ձեզ, կգնանք Նիկոլին կասենք՝ քո հետ ենք, զինիր այս երկիրը, մենակ չասես՝ փող չկա: Փող շատ կա, անհատների ձեռքին է, հավաքիր այդ փողերն ու զենք գնիր: Մենք էլ մեր ունեցած-չունեցածը կդնենք, միայն թե քայլ անենք, գուցե վերջինն ու վճռականը…»: