Ադրբեջանից հետո՝ մենք

Ադրբեջանից հետո՝ մենք

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան կժամանի սեպտեմբերի 9-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Վրաստանի վարչապետ ընտրված Գեորգի Գախարիան, ինչը Hraparak.am -ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Այցի մանրամասներ՝ հանդիպումներ, բանակցություններ, հնարավոր ասուլիս, կհստակեցվի երկուշաբաթի։ 

Նշենք, որ ՌԴ նախկին բնակիչ և Թբիլիսիում հակառուսական ցույցերը ցրելու համար կոշտ ուժ կիրառելու հրաման արձակած ներքին գործերի նախկին նախարար Գախարիան «Վրացական երազանք» կուսակցության իշխանության վերջին 7 տարիներին 5-րդ վարչապետն է։Սեպտեմբերի 2-ին նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող քաղաքական ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։ Վրաստանի նոր վարչապետն իր արտասահմանյան առաջին այցերը սկսել է հարևան երկրներից․ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա հերթագայությամբ։ Բայց, փաստորեն, այսօր՝ հոկտեմբերի 12-ին առաջին պաշտոնական այցը սկսելով Ադրբեջանից։ Այդուհանդերձ, Ադրբեջանում Գախարիան բարդ խնդիր ունի լուծելու՝ փորձելով կարգավորել վրաց-ադրբեջանական վեճերի ու լարվածության առարկա դարձած միջնադարյան Դավիթ Գարեջիի վանքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչի համար նրան կոչով դիմել էր Վրաստանի Իլյա 2-րդ պատրիարքը։
 
Արդեն հայտարարվել է, որ չորրորդ այցը լինելու է Բրյուսելը։ Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մոտ ապագայում այցելել Ռուսաստան և այդպիսով փորձել նորմալացնել ռուս -վրացական հարաբերությունները, Գախարիան լակոնիկ պատասխանել էր՝ չեմ հաստատում։