Ծնողավարություն․ Ֆիզիկական հաղորդակցումը ծնող-երեխա հարաբերություններում

Ծնողավարություն․ Ֆիզիկական հաղորդակցումը ծնող-երեխա հարաբերություններում

Ծնողական ջերմ, մեղմ, հոգատար ու անհագ սերն արտահայտող հայացքը շատ կարեւոր է երեխայի հետ շփվելիս, սակայն այն երբեք չի կարող փոխարինել ծնող-երեխա ֆիզիկական հաղորդակցմանը, կարճ ասած` հպումներին ու գրկախառնություններին: Շատ փոքրիկներ կարող են ծնողին հասկանալ առանց խոսքի, ծնողի մի հայացքից, սակայն նույնիսկ այս դեպքում շատ կարեւոր է ծնողի հետ ֆիզիկական հաղորդակցումը: Ի դեպ, վերջինիս բացակայությունը հատկապես նկատելի է հայր-երեխա շփման մեջ, քանի որ հայրերը, որպես կանոն, ավելի պակաս հուզական են կամ էլ շատ հմտորեն կարողանում են թաքցնել իրենց հույզերը: Երեխայի հետ ֆիզիկական հաղորդակցումը կիրառելի է հատկապես մայրերի դեպքում, բայց նաեւ նրանք հաճախ չեն կարողանում ճիշտ ու լիարժեքորեն օգտվել շփման այս ձեւից:

Երբ երեխան դեռ շատ փոքր է, ֆիզիկական հաղորդակցումը նրա հետ կարծես անխուսափելի է ու շատ հաճելի ծնողների համար: Սակայն երեխաները մեծանում են: Արդյունքում, հատկապես տղաներն սկսում են ամաչել մայրական համբույրներից, իսկ դեռահասության շրջանում այս երեւույթն սկսում է խորանալ: Թվում է` այս փուլում երեխային ավելի շատ են անհրաժեշտ սեր ու հասկացվածություն, սակայն արի ու տես, որ դրանց դրսեւորումներին նրանք կտրուկ են արձագանքում: Սա, ի դեպ, հիմնական պատճառն է, երբ շատ ծնողներ պարզապես ընտրում են երեխային քիչ հակադարձելու ուղին եւ խուսափում են նրա հետ ֆիզիկական հաղորդակցումից` պարզապես սահմանափակվելով հոգատարությամբ ու բառերով: Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ երեխան խուսափում է ծնողի հետ ֆիզիկական հաղորդակցումից, նա դրա կարիքն ունի, ավելին` դա նրան կենսականորեն անհրաժեշտ է: Դրա բացակայությունն ավելի սրում է դեռահասության ճգնաժամը:

Տարիքին համապատասխան

Յուրաքանչյուր տարիքում ծնողական սերն արտահայտելու համար պետք է կիրառվի ֆիզիկական հաղորդակցման իրեն հարմար ձեւը: Դե, բնական է` 12-ամյա տղայի փորիկը չես համբուրի, կամ նրան գիրկդ չես նստեցնի: Կարեւոր է հիշել՝ յուրաքանչյուր երեխա սիրում է քնքշանք, սակայն ոչ բոլորն են կարողանում ընդունել այն: Այդ հպումները կարելի է խորամանկորեն քողարկել․ երբ երեխան ընդվզում է, որդու տաբատից թափ տալով փոշին կամ ուղղելով դստեր գուլպաները: Սրանք պարզ գործողություններ են, որոնց ազդեցության ուժը հսկայական է: Պարզ հպումների միջոցով ծնողը փոխանցում է իր հույզերը` կարծես ասելով երեխային. «Ես սիրում եմ քեզ, ես գնահատում եմ քեզ, այնքա՜ն լավ է, որ դու կողքիս ես»: Եթե այս խոսքերը պարզապես ասվում են եւ չեն ամրապնդվում ո՛չ գրկախառնությամբ, ո՛չ աչքերի հաղորդակցմամբ, ապա երեխան ենթագիտակցորեն, միեւնույն է, մտածում է` ինձ չեն սիրում: Դե, իհարկե, նա սխալվում է, սակայն մեղավորն այստեղ միայն ծնողն է: Իսկ պատճառները գուցե թաքնված են հենց ծնողի մանկությունում: Շատ հաճախ այն մարդիկ, որոնց մանուկ հասակում ծնողները չեն «գրկել, գզգզել ու պաչպչել», ունենում են լուրջ խնդիրներ հենց իրենց երեխաների հետ ֆիզիկական հաղորդակցման ժամանակ: 

Պատնեշներ պետք չեն

Աղջիկների հետ կարծես ավելի հեշտ է: Աղջիկը՝ ինքը կմոտենա, թուշիկը կմոտեցնի, որ ծնողը համբուրի: Սակայն նրանց դեպքում նույնպես դեռահասության շրջանը խնդիրներ է բերում: Հասարակությունը աղջիկների վրա դնում է իր «անփոխարինելի» կնիքը, եւ ահա՝ հայրն ամաչում է գրկել դստերը, էլ ի՞նչ խոսք կարող է լինել համբուրելու մասին: Հայրերը մտատանջվում են՝ համբուրե՞լ 15-ամյա դստերը, թե՞ ոչ, գրկե՞լ 12-ամյա որդուն: Իրականում պետք չէ այդքան խճճվել: Այստեղ կարեւոր է ոչ թե «ինչպես»-ը, այլ` «ինչու»-ն եւ «ինչ նպատակ»-ովը: Հաճախ երեխաներն ավելի շատ սիրո պակաս են զգում, քան` ավելցուկ: Ցանկանո՞ւմ եք գրկել որդուն, գրկեք, ցանկանում եք համբուրե՞լ դստերը, համբուրեք: Արտահայտեք ձեր հուզական պոռթկումները: Որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչպես են խնդիրներն անհետանում երեխայի հետ հարաբերվելիս, ինչպես է նա կայտառանում, ավելի բաց ու անկեղծ դառնում: Իսկ եթե այդ պոռթկումները մարեք, ճնշեք, ապա հոգում բույն կդնի ու կարմատանա սառնությունը:

Զգալ երեխային…

Հաճախ ծնողները վախենում են՝ իսկ եթե չափն անցնե՞ն: Ավելի լավ է անհանգստանալ այն ամենի համար, ինչը երեխան չի ստանում: Իսկ «չափն անցնելուց» կարելի է խուսափել, օրինակ, հետեւյալ կերպ. երեխայի հանդեպ սերն արտահայտել ֆիզիկական հաղորդակցմամբ` նրա պահանջմունքներից ելնելով: Ընկե՞լ է, վազում է դեպի ձե՞զ, գրկեք նրան, քայլում եք, շնից վախենո՞ւմ է, վերցրեք նրան ձեր գիրկը: Հեռուստացույց եք դիտում, իսկ երեխան անվերջ պտտվո՞ւմ է ձեր շուրջը, նստեցրեք այդ մարդուկին ձեր գիրկը: Եթե ծնողն այդպես չանի,  երեխան կփորձի գտնել իրեն անհրաժեշտ այդ էներգիան այլ աղբյուրներից` համակարգիչ, գիրք, փողոց: Ինչպես նաեւ երեխայի մոտ կձեւավորվի հուզական պատնեշ, որի հետեւանքով նա ծնողին կարող է ասել. «Դու ինձ չես հասկանում»:

Իհարկե, շատ ընթերցողներ գուցե մտածեն, որ սա բարդ բան է, կամ աշխատանքային հոգնած օրվանից հետո ցանկությունը հանգստանալն է, սակայն․
• ուշադրության բացակայությունը միայն բարդացնում է երեխայի հետ հարաբերությունները
• հուզական հաղորդակցման պահպանումը մեծ ջանքեր չի պահանջում. պարզապես պատասխանեք երեխային ձեր հայացքով, շոյեք նրա գլուխը, ուղղակի, հենց այնպես գրկեք նրան
• երեխայի հանդեպ սերն արտահայտելու առիթներ փնտրել պետք չէ: Նա` ինքը, կմոտենա ձեզ, նա` ինքը, ձեզ կհուշի այդ մասին: Պարզապես պետք է լսել երեխայի ներսի ձայնը, զգալ նրա հույզերը:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ