Թաղումներ, հարսանիքներ, կնունքներ ու ծնունդներ չենք անելու

Թաղումներ, հարսանիքներ, կնունքներ ու ծնունդներ չենք անելու

Հայաստանը երեկ միացավ աշխարհի բազում երկրներին եւ մոլորակին պատուհասած կորոնավիրուսի պատճառով հայտարարեց արտակարգ դրություն: Մոտ մեկ ամիս՝ երեկվանից մինչեւ ապրիլի 14-ը, պետությունը կկառավարվի արտակարգ ռեժիմով, քաղաքացիներիս կյանքը կընթանա այդ ռեժիմին բնորոշ սահմանափակումներով: Անգամ թաղումների ու հարսանիքների սահմանափակում է նախատեսվում: Իմաստը՝ մարդկանց ֆիզիկական շփումը նվազեցնելն է։
Եվ չնայած արտակարգ դրության իմաստը մարդկանց նույնիսկ հիմնարար իրավունքների սահմանափակում է նշանակում, բայցեւայնպես, մասնագետներն իշխանություններին խորհուրդ են տալիս լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, որոնք այս ճգնաժամային իրավիճակում ինչ-որ չափով կթոթափեն ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ տնտեսվարողների կաթվածահար եղած կենսակերպն ու լարումը:

Մինչ այդ առաջարկներին անդրադառնալը ներկայացնենք, թե ինչ սահմանափակումներ է նախատեսում արտակարգ դրությունը: Այսպիսով՝ խստորեն սահմանափակվելու են օդային եւ ցամաքային սահմաններով մարդկային եւ ուղեւորափոխադրումները, վիրուսի վտանգավոր աստիճան համարվող երկրներից քաղաքացիների մուտքը խստիվ կարգելվի: Հարկ եղած դեպքում պետությունն արտակարգ դրության պարետի որոշմամբ կտնօրինի մարդկանց սեփականությունը․ հիշեցնենք, որ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաներն ու այլ միջոցները, պարետի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Խիստ վերահսկողություն է սահմանվում ՔԿՀ-ներում և զորամասերում

Արգելվում են ծանրոցներ եւ փաթեթներ ստանալն ու ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը: ՔԿՀ-ներում եւ զորամասերում կարող են սահմանափակվել կամ արգելվել նաեւ զբոսանքները, կալանավորված անձանց եւ դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը, աշխատանքով զբաղվելը, շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակ նշանակված պարետի ցուցումով` այլ գործունեություն:

Ծերանոցներում եւ մանկատներում, ինչպես նաեւ հոգեբուժական կազմակերպություններում եւս նույն սահմանափակումներն են գործելու:

Այցերը նշված հաստատություններ չեն սահմանափակվելու միայն մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա իրավասու ներկայացուցչի, պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից: Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում են հավաքների եւ գործադուլների կազմակերպումը եւ դրանց մասնակցելը:

Հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումներ, ժամանցային, տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ: Սա նշանակում է, որ թաղումներին, հարսանիքներին եւս 20 հոգուց ավելի մասնակցություն չի կարելի:
Որքան էլ տարօրինակ է, սահմանափակումներ են նախատեսվել նաեւ ԶԼՄ-ների համար. «Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց եւ մեկուսացվածների քանակի, ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով»: Նույնն արգելվում է նաեւ սոցիալական ցանցերում: Պարզ ասած՝ խոսքն անցանկալի վիճակագրության եւ անձնական տվյալների տարածման մասին է, ինչը ԶԼՄ-ներն անում էին նաեւ մինչ արտակարգ դրությունը։

Արտակարգ դրությունը, այդուհանդերձ, փրկօղակ չի կարող լինել տնտեսության զարգացման, բիզնեսի հետագա ճակատագրի համար, եթե չասենք հակառակը: Ուստի առաջարկներ են հնչում, որ կառավարությունը սթափ գնահատի իրավիճակը ու միջոցներ ձեռնարկի տնտեսվարողների համար։ «Եթե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարությունները շարունակվեն 3 ամիս եւ ավելի, ապա ձեռներեցների (բոլորի) չստացված եկամուտների կեսը կփոխհատուցվի պետական ներքին պարտքի պարտատոմսերով, որոնցով կարելի կլինի փակել հիմնարկ-ձեռնարկությունների հարկային պարտավորությունները։ Ընդ որում՝ կլինի հատուկ հանձնաժողով, որը հատ-հատ կնայի բոլոր դիմումները։ Նպատակահարմար չեմ համարում լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրելը։ Կիսում ենք ձեռնարկատիրական ռիսկը եւ վերջ»,- ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ սրանից բացի մի շարք այլ քայլեր էլ է մատնանշում. «Հնարավորության սահմաններում կառավարությունը պետական ռեզերվներում առկա պահուստներից սննդամթերքի, վառելիքի եւ դեղորայքի հումք պետք է մատչելի գներով տրամադրի տնտեսվարող սուբյեկտներին։ Կառավարությունը եւ ԿԲ-ն հայտարարում են, որ կարճաժամկետ (մինչեւ 6 ամիս) հատվածում դրամի փոխարժեքի տատանումները չեն գերազանցի 7%-ը։ Նպատակահարմար է առաջիկա 6 ամիսների համար պետության կողմից վերաապահովագրել բոլոր ավանդները։ Առաջիկա 6 ամիսների համար պետք է չեղարկել հաստիքային կրճատումներն ու աշխատանքից մարդկանց ազատելը, մորատորիա մտցնել այլ գործատուների նմանատիպ գործողությունների նկատմամբ։ Դադարեցնել պետության կողմից վճարումները կուտակային կենսաթոշակային համակարգերին։ Կատարել օրենքի փոփոխություն եւ 6 ամիս ժամանակով գործավորների կողմից կենսաթոշակային կուտակային կատարվող վճարումները դարձնել կամավոր։ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեներից դադարեցնել կապիտալ վերանորոգման եւ ներդրումների այլ ուղղություններով ծախսերի ֆինանսավորումը։ Դադարեցնել բոլոր տեսակի վիճակախաղերի, լոտոների, տոտոների, վիվառոների, աջարաբեդների գործունեությունը 6 ամսով»: Նախկին վարչապետը նաեւ կրթական ոլորտի վերաբերյալ առաջարկներ ունի: Կրթական հաստատությունների գործունեության հետաձգումը ճիշտ է։ Բայց, նրա համոզմամբ, ավելի ճիշտ է բուհերի դիստանցիոն կառավարման անցնելը։ «Առանց այդ էլ այս հարցում մենք հետամնաց ենք։ Մինչդեռ ունենք տարածաշրջանում ինտերնետն ամենաշատն օգտագործող հանրություն։ Հայտարարել, որ այս տարվա ընդունելության քննությունները հետաձգվում են, եւ դադարեցնել ռեպետիտորական պարապմունքները։

Բժշկական ինստիտուտը եւ ուսումնարանները պետք է շտապ ետ կանչել արձակուրդից։ Ուսանողները, գործող բժշկական անձնակազմը պետք է ամենօրյա դասախոսություններ լսեն վիրուսաբանության, իմունաբանության (իմ տեղեկություններով, ցավոք սրտի, բժշկականում այս ստորաբաժանումը փակվել է), վարակի դեմ պայքարելու պրոֆիլակտիկայի, հիվանդների վերականգնման եւ այլ թեմաներով։ Այսօրվանից հանրապետության մեծ հիվանդանոցներից մեկը (դա կարող է լինել Հանրապետականը կամ «Նորքը») դատարկել եւ վերակառուցել կորոնավիրուսով հիվանդների համար»:

Ի դեպ, համացանցում էլ քաղաքացիներն են բանկերին կոչ անում որոշ ժամանակով սառեցնել վարկային պարտավորությունները, սակայն երեկվա դրությամբ միայն երկու բանկ են նման որոշում ընդունել՝ Ամերիաբանկն ու Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկը: