Հարց վարչապետին. ոմանց անձնական ամբիցիանե՞րն են կարևոր, թե՞ տնտեսական հեղափոխությունը

Հարց վարչապետին. ոմանց անձնական ամբիցիանե՞րն են կարևոր, թե՞ տնտեսական հեղափոխությունը

Քաղաքական հեղափոխությանը տրամաբանորեն պետք է որ հաջորդեր տնտեսական հեղափոխությունը, որի մասին բազմիցս հայտարարվեց, եւ առանց որի երկրում զարգացում ու բարեկեցություն պատկերացնելը դժվար է: 

Բայց ինչի՞ ականատեսն ենք լինում այսօր...

Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ հանդիսացող ծրագրերն ու նախաձեռնությունները, կարծես թե, ինչ-ինչ պատրվակներով կասեցվում կամ խոչընդոտվում են: Վերջերս նմանատիպ մի օրինակ, որի մեջ նաեւ արդեն նկատելի է օրինաչափություն, Աբովյան քաղաքում իրականացվող սոցիալական բնակարանաշինության վերաբերյալ տեղի ունեցավ: Խոսքն այն մասին է, երբ մոտ 20 շենքի շինարարական աշխատանքներ գրեթե մեկ տարի կասեցված են ինչ-որ իրավական տիրույթում արձանագրված խնդիրների պատճառով: Բայց փոխանակ ականատես լինեինք, թե ինչպես են բոլոր պատկան մարմինները շահագրգռված օր առաջ շտկելու այդ խնդիրները, կարծես թե լրիվ այլ բանի ականատեսն ենք լինում... 

Ականատեսն ենք լինում Աբովյանի քաղաքապետարան-Կոտայքի մարզպետարան իրավական խրթին ձեւակերպումների հակամարտությանը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պատկան մարմինները բոլորովին ցանկություն չունեն օր առաջ ազդարարել այս խոշորամասշտաբ բազմաբնակարանային համալիրի շահագործման մասին: Խոսքը բնավ այն մասին չէ, որ չշտկվեն արձանագրված շեղումները, այլ նրա, որ այլեւս ակներեւ է դառնում պետական մակարդակով խնդիրների չլուծման ցանկությունը:

Մինչդեռ տնտեսական հեղափոխությունն իրականանալի պետք է դառնա հենց նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ ,եւ պետք է, որ նման նախագծեր հաջորդեին մեծ հայրենադարձության մասին կոչերին եւս: Ամեն դեպքում, պետականամետ մտածելակերպն ու գործելակերպը հենց սա են հուշում:

Սակայն երբ նման հայրենանվեր գործերը պետության կողմից չեն խրախուսվում, դեռ հակառակը՝ անիմաստ ձգձգվում են, տրամաբանական հարց է առաջանում, որի հասցեատերը երկրի ղեկավարն է, այս դեպքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարց. այս գործընթացը նման ընթացք է ստացել, որովհետեւ Գագիկ Ծառուկյա՞նն է այն նախաձեռնել։

Կարո՞ղ ենք արդյոք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր այդ սոցիալական բնակարանաշինության շահառուները կարող էին դառնալ, մտածել, որ այստեղ խնդիրը բացառապես անձերով կամ այլ ամբիցիաներով է պայմանավորված, ինչի արդյունքում, սակայն, տուժում ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կարող եմ վկայակոչել Ծառուկյանի մեկ այլ նախաձեռնության մասին եւս․ խոսքն Աբովյան 5/5 հասցեում կառուցվող եւ էլի տեւական ժամանակ շինարարությունը կասեցված բարձրակարգ հյուրանոցային համալիրի մասին է։
Ի՞նչ է ստացվում․ մեր պետությունը, ցավոք սրտի, այսօր չի կարողանում իրականացնել սոցիալական բնակարանաշինություն, իսկ ովքեր էլ ցանկանում են եւ կարող են իրականացնել, իրենց համար խոչընդո՞տ է հանդիսանում: Ինչ է՝ կարծում եք ցանկացողները սա չե՞ն հասկանում, թե՞ նպատակ ունեք ամեն կերպ ցավեցնել եւ հիասթափեցնել վերջիններիս: Եվ ջհանդամը թե դրանից շարքային, հպարտ ՀՀ քաղաքացիներս չենք տուժի։

ՀԳ. Հույս ունենանք, որ բանը դրան չի հասնի, եւ, այնուամենայնիվ, վեր կկանգնենք ամեն տեսակ ամբիցիաներից եւ շեշտը կդնենք երկրի զարգացման եւ ժողովրդի բարեկեցության հրամայականի վրա:

Դավիթ ԱՆՏՈՆՅԱՆ