Հպարտ քաղաքացի մուրացկանները

Հպարտ քաղաքացի մուրացկանները

Մարդու զբաղմունքի որոշ տեսակներ օդի ջերմաստիճանի տատանումներին համընթաց աշխուժանում ու նվաղում են։ Այդպիսի զբաղմունք է նաեւ Երեւանի,  հանրապետության մյուս խոշոր քաղաքների, զբոսավայրերի բնապատկերների անբաժանելի մասը դարձած մուրացիկների գործը։  Գարունը եկավ, եւ գարնան հետ փողոցները ողողել են մուրացկանները։ Երեւակայությունից վեր է պատկերացնել, թե կենտրոնական ու քաղաքային իշխանությունները չեն նկատում նրանց կամ նկատում, սակայն հովանավորում են։ Ուրեմն ինչո՞ւ է ստվարանում տարբեր տարիքի, սեռի, ազգության մուրացկանների բանակը։

Որովհետեւ բացակայում են մուրացկանության պատճառներն ուսումնասիրելուն եւ վերացնելուն կոչված պետական ու համայնքային կառույցները - սա է քիչ թե շատ խելամիտ պատասխանը։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ չկան ինչ-որ երեւույթի դեմ պայքարի հստակ հատկանշված կառույցներ, ու առավել եւս՝ սահմանված չեն կանոններ, մարդիկ կարծում են, թե դա ոստիկանության գործն է։ Բայց կյանքը ցույց է տվել, որ իրավիճակը բարդացնելու, լավ գաղափարներն այլասերելու ամենակարճ ճանապարհը դրանց դեմ պայքարն իրավապահ մարմիններին հանձնելն է։

Սննդամթերքի ոտնատարած վաճառքի վիճակն ասվածի վկայությունն է։ Մուրացկանության մասին՝ որպես հասարակական երեւույթի, շատ է գրվել ու խոսվել, դիտարկումներ են արվել այն մասին, որ մուրացկանությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում հիվանդ, հաշմանդամ, ակնհայտ անմեղսունակ, անտերունչ, թափառական կյանք վարող անձինք։ Գրվել է ու ասվել, սակայն ոչինչ չի փոխվել։ Մուրացիկները շարունակում են ապրել, իսկ որոշներն էլ բարգավաճել ՀՀ հպարտ քաղաքացիների շարքերում։ Կյանքի լուսանցք նետված այս մարդիկ շարունակում են դիրքավորվել մայթերի՝ մարդկային հոսքերի «ռազմավարական» առումով եկամտաբեր խաչմերուկներում, նրանցից առավել ժիր ու անպատկառները տառացիորեն հետապնդում են իրենց ընտրած թիրախներին, լուսացույցների մոտ հերթապահող հատուկ պատրաստվածության մուրացիկներն էլի իրենց՝ վտանգներով լի գործին են։ Ու չնայած թվարկված ու մեզ դեռ անհայտ ձեւերին՝ մուրացկանությունը մնում է որպես ՀՀ հպարտ քաղաքացիների մի փոքր մասի կողմից ապրուստ վաստակելու միջոց եւ հասարակական բարքերի տեսանկյունից վնասակար կենսակերպ։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ