Բաբայանը «շատ կարևոր» է համարում Արցախի ճանաչումն ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից

Բաբայանը «շատ կարևոր» է համարում Արցախի ճանաչումն ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից

Երեկ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Սենատը բանաձև ընդունեց, որով ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը և անկախությունը, հարգալի կերպով հորդորում է ԱՄՆ նախագահին և Միացյալ Նահանգների Կոնգրեսին նույնը անել:

Նյու Ջերսին ԱՄՆ 10-րդ նահանգն է, որ ճանաչում է Արցախ անկախությունը։

 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։


- Պարո՛ն Բաբայան, նահանգային մակարդակով Արցախի ճանաչումն ի՞նչ օգուտ կտա հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հարցում։

- Ընդհանրապես Արցախի ճանաչումը եղել է, կա և կմնա մեր կարևորագույն արտաքին քաղաքական ուղղություններից մեկը։ Ճիշտ է, ոչ թե միակը, բայց կարևորներից մեկը։ Հետևաբար մենք, գիտեք, վաղուց մշակել ենք ճանաչման բազմաշերտ ռազմավարություն։ Այսինքն՝ մենք փորձում ենք ճանաչման գործընթացը սկսել ոչ թե ամենաբարձր, կենտրոնական պետական օղակներից, այլ օրիակ՝ տարածքային միավորումներից, վարչական միավորումներից։ Սկսած մունիցիպիալ, քաղաքային մակարդակով վերջացրած նահանգներով, վերջում՝ իհարկե պետական մակարդակով։ Եվ այստեղ արդեն ունենք արդեն շոշափելի հաջողություններ։ Եվ այն, որ Նյու Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը, շատ կարևոր է։ Ընդ որում, տեսե՛ք, այս բանաձևի մեջ դատապարտվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, Արցախի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը Խորհդրային շրջանում բռնի կերպով Ադրբեջանի կազմում գտնվելու ժամանակահատվածը և 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան [44-օրյա պատերազմը]։ Սա դիտարկում է որպես մեկ շղթա, մեկ գործընթաց, որը նույնպես, այսպես ասած, շատ հետաքրքիր մոտեցում է։

Մեզ համար դա առաջին հերթին բարոյական, մարդասիրական, ինչու չէ նաև քաղաքական հաղթանակ է, ձեռքբերում է։ Սա ցույց է տալիս, որ Արցախը որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ մնում է։ Եվ պետք է ամեն ինչ անել, որ էլ ավելի ընդլայնվի այդ [ճամաչողների] ցանկը։ Ե՛վ աշխարհագրությունն ենք փորձելու ընդլայնել, և՛ տարբեր երկրների քաղաքների, նահանգների կողմից ճանաչումը, և՛ այլ միավորումների հետ մեր հարաբերությունները զարգացումը։ Ընդ որում, խոսելով մեր հարաբերությունների զարգացման մասին՝ ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, բազմաթիվ անգամ դրա մասին խոսել ենք, մենք որպես նախապայման չենք առաջարկում Արցախի ճանաչումը։ Որովհետև հասկանում ենք, որ եթե այդպիսի նախապայման դնենք, ո՛չ ճանաչում է լինելու, ո՛չ էլ երկկողմ հարաբերությունների հաստատում [այլ պետությունների հետ]։ Ըստ իրենց ցանկության ընթանում է այդ [ճանաչման] գործընթացը։            


- Նյու Ջերսիի օրենսդիր մարմնի ընդունած բանաձևում նշվում է «Արցախի ճանաչում», բայց նշված չէ, թե կոնկրետ որ սահմաններով։ Ըստ Ձեզ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններո՞վ Արցախի ճանաչումը նկատի ունեն։

- Երբ որ մենք խոսում ենք ճանաչման մասին, նախևառաջ Արցախը երբեք ԼՂԻՄ սահմաններով չի անկախացել։ ԼՂԻՄ-ի քաղաքական և իրավական գոյությունը կատարվել է 1991 թվականի սեպեմբերի 2-ին, երբ որ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այսինքն՝ ԼՂՀ-ն ստեղծվել է նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հետ համատեղ։ Եթե մենք խոսում ենք միայն ԼՂԻՄ-ի մասին, մենք հարցականի տակ ենք դնում և հարված հասցնում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ձևավորման լեգիտիմությանը։ Հասկանո՞ւմ եք։ Սա նաև շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ, որովհետև երկրները կարող են միմյանց ճանաչել առանց սահմանները ճանաչելու։ Այսպիսի պրակտիկա կա միջազգային հարաբերություններում։ Սա փաստորեն ճանաչում է առանց սահմանների։ Այսպիսի բան էլ կա, որը շատ ավելի ճիշտ է։ Ինչո՞ւ սահմանների վրա կենտրոնանանք, Արցախն այս պահի դրությամբ չունի սահման։ Արցախն ունի շփման գիծ։ Արցախի Հանրապետության տարածքի 80 տոկոսից ավելին բռնազավթված է։ Մենք դա չենք համարում սահման, մենք համարում ենք շփման գիծ։ Եվ շատ լավ է, որ չկա նշում [նահանգային Սենատի բանաձևում]՝ ինչ սահմաններում, այսինքն՝ սահմանն ապագայի խնդիր է։ Բայց ճանաչումը, որպես այդպիսին, ինքնին կարևոր է։


- Այսինքն՝ կարող է գալ ինչ-որ փուլ, որ արդեն լինի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարց։

- Ուրեմն, դեմարկացիան, դելմիտացիան արդեն երկորդ փուլն է։ Պետությունները պետք է իրար ճանաչեն։ Դելիմիտացիա կարող է լինել կամ ընդհանրապես չլինել։ Օրինակ՝ Ճապոնիան և Ռուսաստանը․ իրար ճանաչել են, իրեր հետ հարաբերությունների մեջ են, բայց սահմանային հարցեր ունեն [Կուրիլյան կղզիների վեճ], չէ՞, բայց դա չի խոչընդոտում հարաբերություններին։ Դրա համար մենք պետք է այս բանն ընտրենք որպես ուղեգիծ․ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։


- Դուք նշեցիք՝ «Արցախի տարածքի 80 տոկոսից ավելին բռնազավթված է», նկատի՞ ունեք, որ ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքներն էլ են բռնազավթված։

- Բռնազավթված են Գետաշենի ենթաշրջանը, Շահումյանի շրջանը, նախկին Արցախի հանրապետության Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի շրջանները (Հարդութի շրջանը գրեթե ամբողջությամբ), այսինքն՝ այն տարածքները, որոնք 1991 թվականից մինչև 2020 թվականը եղել են Արցախի Հանրապետության տարածք, և որտեղ Արցախի Հանրապետությունը ձևավորվել և զարգացել է։       


- Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո անընդհատ հայտարարում է, որ «ղարաբաղյան հարցը մնացել է անցյալում», «կոնֆլիկտը լուծված է», օտգագործում է «հետկոնֆլիկտային / հետհակամարտային իրավիճակ» արտահայտությունը։ Հիմա ի՞նչ միջոցներով է հնարավոր Բաքվին բերել բանակցությունների սեղան, Մինսկի խումբն ինչպե՞ս պետք է ջանքեր գործադրի։

- Ադրբեջանից Դուք ի՞նչ եք սպասում, որ Ադրբեջանն ասի՞ «հակամարտությունը կարգավորված չէ»։ Իհարկե այդպես [հակամարտությունը լուծված է] է ասելու։ Նա ընդհանրապես միշտ ասում է, որ չկա այդպիսի խնդիր, Արցախ էլ չկա, պետություն էլ չկա, դա իրենց տարածքն է։ Թող ասեն։ Դա չի նշանակում, որ Արցախը չկա։ Եվ մենք պետք է մեր աշխատանքով, մեր վերաբերմունքով դեպի Արցախն ապացուցենք, որ Արցախը կա։ Եվ դա ամբողջ հայության գերխնդիրն է․ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում։ Որովհետև առանց Արցախի չի լինելու հայոց պետականություն, հայոց պետականությունը դառնալու է աշխարհաքաղաքական հաշմանդամ առանց Արցախի․ դա լավագույն դեպքում, սա առաջին փուլում, երկրոդ փուլում կորցնելու ենք ամեն ինչ։ Սա լավ պետք է պատկերացնենք։


- Հրադադարից ի վեր այս ժամանակահատվածում ինչ-որ փոքր քայլ նկատե՞լ եք, որ հնարավոր լինի Ադրբեջանին բերել բանակցությունների սեղան։

- Այս պահի դրությամբ դժվար է ասել, որովհետև Ադրբեջանը շարունակում է իր կարծր դիրքորոշումը: Կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը։


- Երեկ հանդիպեցին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, համատեղ ասուլիսով հանդես եկան։ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը և Թուրքիան աշխատելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասով ի՞նչ դիրտակումներ ունեք։

- Շատ լավ, թող աշխատեն, որովհետև դա նաև Թուրքիային զսպել էլ է նշանակում։ Թուրքիան բացեիբաց ունի հավակնություններ։ Եվ դրանք բարի հավակնություններ չեն։ Հասկանո՞ւմ եք, և սա պարզ է։ Եվ սրա ներքո պետք է Ռուսաստանն էլ, ինչպես նաև Հայաստանը, չեն կարող չանհանգստանալ Թուրքիայի նման ցանկություններով։ Կրկնում եմ, որոնք բարի չեն Հայաստանի նկատմամբ, այդ թվում Ռուսաստանի, ինչու չէ նաև նույն Արևմուտքի։ Հետևաբար եթե այնպես լինի, որ ռուս-թուրքական երկխոսությունն էական դերակատարություն ունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, մենք միայն կողջունենք դա։


- Լավրովը նաև ասել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության լրացուցիչ ոլորտներից մեկը փոխգործողությունն է տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ։ Նաև ասել էր, որ դրական արձագանք է ստացել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջարկը՝ «3 + 3» ձևաչափը ստեղծելու, որում պետք է ներգրավված լինեն Անդրկովկասյան երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, և 3 հարևանները՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Այս ձևաչափի մասով ի՞նչ դիտարկում ունեք։

- Մենք տեսնում ենք, որ ձևաչափն ինքնին աշխարհաքաղաքական առումով հավասարակշռված է, որովհետև կան և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ճանաչված երկրները։ Կտեսնենք՝ որքանով է դա էֆեկտիվ, բայց դա էլ է նորմալ ձևաչափ, որ հանկարծ հավասարակշռվածությունը չխախտվի։ Այսինքն՝ նման ձևաչափով կարող է պահպանվել աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում։ Սպասենք, տեսնենք։ Բայց նման ձևաչափը վատը չէ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ տարբեր հարթակներ են կարող ստեղծվել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը, փոխգործակցությունը ապահովելու համար։ Դրանցից՝ ռուս-թուրքական, ռուս-պարսկական, թուրք-պարսկական կամ համատեղ։ Հիմա եթե ստացվի այդ համատեղը, թող աշխատի, տեսնենք։ Ամեն ինչ, որ կարող է դրական ազդել հավասարակշռվածության պահպանման վրա, ինքնին արդեն լինելու է դրական զարգացում։