Դեղինը

Դեղինը

Դեղինը գույն է: Բանավոր եւ որպես կանոն չմտածված խոսքով կարելի է դեղին ներկել ամեն ինչ եւ բոլորին: ՀՀ իշխանությունները, չգիտես ինչու, այդ գույնով ներկում են միայն մամուլը: Իսկ իշխանությունները չե՞ն կարող դեղին լինել: Ինչո՞ւ եք զարմանում, մի՞թե աշխարհի ամենադեղին իշխանությունը չունենք այսօր: Հենց միայն այն փաստը, որ մեր իշխանության գլխին դեղնագույն մամուլի ներկայացուցիչ է նստած, արդեն իսկ խոսում է այն մասին, որ դեղին իշխանություն ունենալը միանգամայն բացատրելի բան է: Ո՞վ խառնակություն գցեց ազգի մեջ՝ դեղին վարչապետը, ո՞վ պատերազմ հրահրեց՝ դեղին վարչապետը, ո՞վ կապիտուլյացիա ստորագրեց՝ դեղին վարչապետը, ո՞վ է այդքանից հետո զբաղված մուտիլովկաներով (նկատի ունեմ մուխլյոժներն ու մանիպուլյացիաները)՝ դեղին վարչապետը, ո՞վ է այն ամենադեղին երեւույթը, որ առաջարկեց սեպտեմբերի 21-ը վերածել սատանիստների խրախճանքի՝ դեղին վարչապետը: Եվ դուք ի՞նչ եք ուզում՝ չասե՞նք դեղին իշխանություն:

Այդ իշխանությունից ինձ մեկին ցույց տվեք, որ դեղին չէ Նիկոլի նման: Իսկ կարո՞ղ են չլինել: Գլուխները կպոկի: Մի խոսքով՝ համատարած դեղնություն:
ԱԱԾ-ի ՝ մեր անվտանգությանը նվիրվածության մասին կարելի է առասպելներ պատմել: Դա չիմացության հետեւանք է: ԱԱԾ-ն դեղին իշխանությունների առկայության պայմաններում անվտանգության հարցերով լավագույն դեպքում 5-րդ տեղում է՝ ԶԼՄ-ներից հետո: Ավելի դժգույն ու դեղին ԱԱԾ դուք տեսած կա՞ք: Թե բա Էյվազլիում թուրքերը մեր ճանապարհը փակել են, բեռներն են ստուգում, մենք էլ բանակցում ենք, որ խնդիրը լուծվի: Ու գիտե՞ք, թե այս ողջ ինֆորմացիայում ինչն են կարեւորել մեր չեկիստները՝ «բանակցում ենք»: Իսկ որ թուրքը մեր երկրում մեր ճանապարհն է փակել՝ դա հեչ, կպատահի, ինչպես ասում են:

ՀՀ ԱԺ կառուցողական խոսնակ Ալեն Սիմոնյանը համարում է, որ այս երկրում դեղին է միայն մամուլը: Պատգամավորները 100-ներով հավաքվել՝ չեն կարողանում իրենից տեղեկություն ստանալ սահմանային ճանապարհներին տիրող անոտուգլուխ իրավիճակի մասին, իսկ նա մամուլին է դեղին անվանում: Բա եղա՞վ, պարոն Սիմոնյան: Ուրեմն մամուլը, որ տարածել է ԱԱԾ-ի դեղին հաղորդագրությունը, ինքն է՞լ դեղին է: Մամուլն էլ կարող է դեղին լինել, չեմ վիճում, բայց ումի՞ց է գալիս մամուլի դեղնությունը, կասե՞ք, եթե «դեղին» ինֆորմացիայի աղբյուրը երկրի ԱԱԾ-ն է: Թե բա՝ ես առաջնորդվում եմ պաշտոնական տեղեկատվությամբ… Դա ո՞րն է, մի՞թե այն տեղեկատվությունը, որ պատերազմի օրերից սկսած մինչ օրս երբեք չի հաստատվում, որովհետեւ դեղին է, դեղին է այն պետության ու իշխանության նման, որի պայմաններում ապրում ու «ստեղծագործում» է մեր մամուլը:

Ալեն Սիմոնյանը հասցրեց երկու անգամ մամուլը դեղին անվանել, բայց զլացավ դեղնացնել գլխավոր դատախազին, որ հայտնի կենդանու ականջում քնած՝ տակավին որեւէ քայլ չի կատարել երկիր ներխուժած հանցագործներին ձերբակալելու սանկցիա տալու ուղղությամբ: Իսկ գուցե Պնախարարը դեղին չէ՞: Մեր բանակը, ինչ է, խո՞տ է ուտում, որ զինված թուրքերն այս էլ որերորդ անգամ ներխուժում են երկիր ու կամայականություններ անում: Իսկ եթե ավելի լուրջ, պարոն Սիմոնյան, ապա Հայաստանում այսօր երկու իշխանություն կա՝ ձերը եւ Ալիեւինը, մեկը՝ դեղին, մյուսը՝ լկտի, հանդուգն եւ նվաճողական: Եվ ես խնդրում եմ իմ այս դեղին խոսքերը փոխանցել դեղին վարչապետին: Գուցե նա սթափվի՞ խշխանությունը կիսելու սպառնալիքից: Մարդ ես, էլի, գուցե անհանգստանա, կաբինետից դուրս գա փողոց ու Ալիեւին փռի Էյվազլիի ասֆալտին…

ՀԳ. Վերջում՝ երկու խոսք «դեղին» մամուլի գործընկերներիս: Սիրելի գործընկերներ, ձեր մասին Ալեն Սիմոնյանի ասածները տանձի տեղ չդնեք: Ձեր եւ իմ «դեղնությունը» դեղին երկրի դեղին կառավարման արդյունք է, ուրիշ ոչինչ: Ինչ էլ գրենք, առաջին գծում լինենք, հունական կղզիներում, թե մթնում կորած մեր գյուղերում, միեւնույն է, խայտառակություն է ստացվելու, այսինքն՝ քննադատություն այս դեղին իշխանությունների հասցեին, իսկ «դեղինը», դուք ինձնից ավելի լավ գիտեք, մի այնպիսի այլանդակ գույն է, որ կանգառում ավտոբուսի սպասող մարդուն է քսվում: