Հասանք, իջե՛ք

Հասանք, իջե՛ք

Երեկ երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայաստանցիներիս տեղեկացրեց, որ «սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։

Սակայն մի փոքր ավելի ուշ պարզվեց, որ պետական կառույցը թերի տեղեկատվություն է տրամադրել հանրությանը, ինչը նիկոլական Հայաստանում դարձել է կանոն: Փաստաթղթեր ստուգելուց բացի ադրբեջանցիները նաեւ 100-130 ԱՄՆ դոլարի չափով գումար են պահանջել վարորդներից, որպեսզի թույլատրեն ճանապարհ շարունակելը: Այսպես ասած՝ մաքսատուրք են պահանջել եւ ստացել՝ տեղը տալով պաշտոնական կտրոններ: Տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը (Para.tv կայքի հիմնադիրը):

Իսկ թերի տեղեկատվությունը, ինչպես ընդունված է ասել, ստից ավելի վատ է կամ, ավելի ճիշտ՝ վտանգավոր: Սուտն օգտագործվում է բազմաթիվ իրավիճակներում, բայց սովորաբար այն հարմար է չեղած երեւույթը գովազդելու կամ չեղած բանով ինչ-որ բան հիմնավորելու համար: Այսինքն՝ այն չի թաքցնում որեւէ էական տեղեկություն: Թերի տեղեկատվությունն օգտագործվում է հենց որեւէ էական բան թաքցնելու նպատակով, ինչը կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել: Ինչպես երեւում է, այս երեւույթը չի գիտակցվում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարության կողմից: Այն անձանց կողմից, ովքեր ի պաշտոնե պետք է կանխեն մեր երկրին եւ հասարակությանը սպառնացող պոտենցիալ վտանգները: Սա ի գիտություն թե՛ այդ անձանց եւ թե՛ ընդհանրապես ողջ իշխանության՝ ի դեմս Փաշինյան Նիկոլի:

Հաջորդ հարցն այն է, թե ինչու Իլհամը հանկարծ որոշեց դիմել նման քայլի՝ անօրինական մաքսակետ դնել եւ մաքսատուրք գանձել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին: Պատասխանը երկու շաբաթ առաջ տվել էր «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին աշխատակից, Հայաստանից վտարված միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, երբ ադրբեջանցիները մինչ այդ երկու-երեք օրով փակել էին նշված ճանապարհի երկու հատվածները: Վերջինս հիշեցրել էր, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին տարածքում արագ տեմպերով ճանապարհներ են կառուցվում՝ արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս: Եվ երկրորդ ուղղության նպատակը Հայաստանի վրայով Իրանից Վրաստան բեռնատար մեքենաների հոսքի կասեցումն է ու այն Ադրբեջան տեղափոխելը: 

Ստացվում է, որ մինչ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է նոր կոմունիկացիաների բացումից, ադրբեջանցիներն առարկայական քայլեր են անում եղածը փակելու ուղղությամբ: Բնականաբար, սա հենց այն ապագան է, որ խոստացել էր «հայ ժողովրդի փրկիչ վարչապետն» իր ընտրողներին: Ուղղակի ցավն այն է, որ այդ ապագայում կորուստներ է կրում ոչ միայն զոմբիացված կենսազանգվածը, այլեւ մնացած ժողովուրդն ու Հայաստան պետությունն ընդհանրապես: Բայց դա չի գիտակցվում «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վտանգավոր թեզով առաջնորդվող Նիկոլի եւ նրա ուսապարկերի կողմից: Դժբախտաբար, չի գիտակցվում նաեւ պետության ճակատագրի նկատմամբ անտարբեր՝ հանրության 50 տոկոսի կողմից: