Երեւանը «դիվանագիտական նախապատրաստությունների» մե՞ջ է

Երեւանը «դիվանագիտական նախապատրաստությունների» մե՞ջ է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է` մինչեւ այս տարվա վերջը տեղի ունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպում։ Խորհրդարանի նախագահն ասել է․ «Որեւէ տեղեկություն չկա, թե որտեղ է լինելու հանդիպումը, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով եւ պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Գիտեք, որ երեկ փոխվարչապետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել, եւ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կրկնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասով դեռ որեւէ կոնկրետ տեղեկություն չունենք, բայց մինչեւ տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի»։

Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ հայկական կողմն Ադրբեջանից առաջարկներ է ստացել՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Երեւանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը։ Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների մասնակցությամբ, եւ, բացի այդ էլ՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջն առաջարկել է Երեւանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ հանդիպում։

Այս ամենը եթե գումարենք հայաստանյան խորհրդարանական ընդդիմության՝ մի փոքր անհասկանալի վերջին «վայրիվերումներին», ապա բավականին հետաքրքիր պատկեր կստացվի։ Եթե վերլուծենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, ապա նա, ըստ էության, փորձում է հասկացնել, թե Երեւանի համար կարեւոր է, որ գործընթացն առաջ գնա ու, ի վերջո, հասնի որոշակի հանգուցալուծման հանգրվանի, իսկ դա կլինի Բրյուսելի օգնությամբ, թե՝ Մոսկվայի, երկրորդական հարց է։ Այսինքն՝ ինչ-որ առումով Ալեն Սիմոնյանը փորձում է հասկացնել Մոսկվային (հաշվի առնելով Լավրովի վերջին «բացահայտումները»), որ առանձնապես «խանդի առիթներ» չկան, եւ հայկական կողմի համար էական չէ, ի վերջո, թե ով է նվաճելու «Կովկասի խաղաղարարի» դափնեպսակը։ Էականը՝ որ խաղաղություն հաստատվի վերջնականորեն եւ տեւական կերպով։ Փոխվարչապետների հանդիպումն այս առումով կարելի է դիտարկել նույն գործընթացների համատեքստում։ Իսկ, ահա, Օրուջի առաջարկն ուշագրավ է այն իմաստով, որ ակամա մտածել է տալիս, թե զուգահեռ գործընթացներ են ընթանում ե՛ւ հայ-ադրբեջանական, ե՛ւ հայ-թուրքական «դիվանագիտական ճակատներում», որոնք, անկախ հանրային բաց հարթակներում հնչած հայտարարությունների հռետորաբանությունից, եւ ոչ մի ակնթարթ այս ընթացքում դադար չեն առել։

Այս ամենի ընդհանուր դիտապատկերում հետաքրքիր էին հայաստանյան խորհրդարանական ընդդիմության վերջին «վայրիվերումները»։ Գուցե սխալվում ենք, սակայն տպավորություն է, թե դրանք ոչ այնքան զուտ ներհայաստանյան իրողությունների հետեւանք կամ արձագանք են, որքան ավելի գլոբալ գործընթացների նախապատրաստություն։ Իսկ թե ինչ, թերեւս, կիմանանք առաջիկայում՝ միշտ աչքի առաջ ունենալով այն, որ դրանք կարող են կապված լինել թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական կարգավորումների հետ։