Հայաստանն ավելի «սավոկ» է, քան Բելառուսը

Հայաստանն ավելի «սավոկ» է, քան Բելառուսը

Վերջերս մի քանի օրով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում էի: Մեկնելուց առաջ շատ էի լսել, որ Բելառուսը գրեթե կոնսերվացված Խորհրդային Միություն է, այսպես կոչված՝ «սավոկ»: Այդ բառն ընդհանրապես օգտագործվում է որպես վիրավորանք ու մի քիչ էլ արհամարհանք է արտահայտում՝ ցույց տալու համար, որ այդ երկիրն անցած 30 տարիների ընթացքում առաջ չի գնացել, հետ է մնացել ժամանակից ու շարունակում է ապրել խորհրդային կենսակերպով: Հիմա համեմատելով Հայաստանն ու Բելառուսը՝ կարող եմ ասել, որ Հայաստանը մի քանի անգամ ավելի շատ «սավոկ» է, քան Բելառուսը:

Հա, Բելառուսում կանգնած են Լենինի, Կալինինի եւ խորհրդային գաղափարախոսությունը խորհրդանշող էլի մի քանի արձաններ, փողոցները շարունակում են կրել Վլադիմիր Լենինի, Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի անունները, մետրոյի կայարանները շարունակում են կոչվել Լենինի հրապարակ, Մայիսմեկյան, Պրոլետարական, Հոկտեմբերյան, բայց դա ավելի շատ անցյալի եւ սեփական պատմության նկատմամբ ունեցած հարգանքի եւ ոչ թե խորհրդային անցյալից կառչած լինելու դրսեւորում է: Մինսկում այդ նույն՝ խորհրդային անվանումներով մետրոների կայարանների մերձակայքում եւ փողոցներում արեւմտյան քաղաքակրթության խորհդանիշ մակդոնալդսներ ու բուրգեր քինգեր են, արեւմտյան տարբեր բրենդներ ներկայացնող խանութներ ու առեւտրի հսկայական մոլեր: Բայց դա խնդրի միայն արտաքին կողմն է:

Մինսկում ինձ զարմացրեց քաղաքի արտասովոր մաքրությունը՝ ծայրամասերից մինչեւ կենտրոն: Այդ՝ գրեթե կատարյալ մաքրությանը հասել են ոչ միայն քաղաքն անընդհատ մաքրելու, այլեւ բելառուսների անհատական մաքրասիրության շնորհիվ. ոչ մի անգամ չտեսա, որ ինչ-որ մեկը ծխախոտի մնացորդ նետեր փողոցում կամ սուրճի բաժակը դուրս շպրտեր մեքենայից: Մինսկում աղբը տեսակավորվում է, ընդ որում՝ շատ մանրակրկիտ: Յուրաքանչյուր շենքի մոտ կան թղթի, պլաստիկի, ապակու եւ սննդի մնացորդների համար նախատեսված աղբամաններ: Մի՞թե խորհրդային մտածողություն ունեցող հասարակությունը կարող է նման մշակույթ ունենալ, որ այդքան հարգալից վերաբերվի շրջակա միջավայրին եւ ռեսուրսներին: Պատկերացնո՞ւմ եք նման բան Երեւանում: Նման մի քանի մասնակի փորձ մեզ մոտ արվեց, բայց բոլոր փորձերը տապալվեցին, որի արդյունքում Երեւանն իրենից մի մեծ աղբանոց է հիշեցնում: Մինսկից հետո այդ կոնտրաստն ավելի ծանր եմ տանում:

Մինսկում եւ նույնիսկ բելառուսական գյուղերում, եղել եմ երեք գյուղում, չես տեսնի խորհրդային արտադրության որեւէ մեքենա: Կան ռուսական արտադրության «Պրիորա»-ներ կամ «Լադա»-ներ, բայց դրանք շատ թարմ են ու շատ քիչ: Հիմնականում եվրոպական եւ չինական մեքենաներ են, բոլորն էլ թարմ `10 տարեկանից ոչ մեծ: Բայց ոչ մի «Նիվա», «ՎԱԶ - 06», 07 կամ «ԳԱԶ 31»: Անընդհատ հայացքով փնտրել եմ, որ գոնե մեկ հատ տեսնեմ, ու չեմ գտել: Գյուղերից մեկում բելառուս ծանոթիս հարցրի, թե ուր են անհետացել խորհրդային արտադրության մեքենաները։ Ծիծաղելով պատասխանեց, որ դրանք վաղուց որպես մետաղի ջարդոն վերաձուլվել են:
Երեւանում անգամ կարելի է խորհրդային արտադրության հարյուրավոր մեքենաներ տեսնել: Իսկ հայկական գյուղերում քշվող մեքենաների առնվազն 30-40 տոկոսը խորհրդային է, այո՝ հենց խորհրդային եւ ոչ թե ռուսական, այսինքն՝ մի 35-40 տարեկան: Պետությունը «լավություն» է արել այդ մարդկանց ու թույլ է տալիս, որ մարդիկ այդ մեքենաները վարեն առանց համարանիշների, որ ո՛չ ապահովագրեն ու ո՛չ էլ տեխզննություն անցնեն: Դրանք ոչ մի պարամետրով տեխզննություն չեն էլ կարող անցնել, կամ դրա ի՞նչն ապահովագրես: Մյուս մասն էլ եվրոպական եւ ամերիկյան ավտոարտադրության ռիարիտետներ են`դարձյալ մի 20-25 տարվա վաղեմության, ժամանակակից անվտանգության կանոններին չհամապատասխանող, բայց առանց այլընտրանքի: 

Հայաստանում իշխանության ներկայացուցիչները ժողովրդից քերած վերջին շապիկի հաշվին իրենց 100 հազար դոլարանոց մեքենաներ են գնում, Նիկոլ Փաշինյանը, առանց ամոթի, դա հիմնավորում է իբրեւ թե չաշխատող «տռամլյորով», առանց հասկանալու անգամ, որ մեքենաների մեջ վաղուց նման դետալ չի օգտագործվում, իսկ հպարտ ու աղքատ հայ մարդիկ շարունակում են տասնյակներով ու հարյուրներով զոհվել անսարք ու հնամաշ մեքենաների մեջ:

Հիմա շատերը կոչ են անում՝ արգելել նման մեքենաների շահագործումը՝ մարդկանց անվտանգությունից ելնելով: Կարելի է, իհարկե, նման քայլի էլ գնալ, բայց դա նշանակում է արգելել աղքատ մարդուն մեքենա վարել: Հիմա քիչ թե շատ նոր մեքենայի գինը սկսվում է 10 հազար դոլարից: Գնացեք հայկական գյուղ եւ հարցրեք, թե գյուղում քանի մարդ կարող է նման շքեղություն իրեն թույլ տալ: Երեւի ոչ մեկը կամ գյուղում մեկ-երկու հոգի: Մյուս լուծումն էլ կարող է լինել 20-րդ դարի 70-80-ականներից վերադարձը դեպի 20-րդ դարի սկիզբ, երբ մարդիկ դեռ տեղաշարժվում էին սայլերով. ե՛ւ ավելի էժան է, ե՛ւ անվտանգ: Ի՞նչ կլինի որ. թող հարուստ իշխանավորները ման գան թանկ ու ճոխ ամերիկյան, ճապոնական եւ եվրոպական մեքենաներով, իսկ աղքատ գյուղացիները՝ հայրենական արտադրության սայլերով: Ի վերջո, գյուղացու ծնվելու եւ ապրելու միակ նպատակը եւ առաքելությունը մթերք արտադրելն ու այն մինչեւ Մեհմանդարի մեծածախ շուկա հասցնելն է, դա սայլով էլ կարող են անել: 

Երբ թասիբով ու թունդ հայրենասեր հայերն ատամները կրճտացնելով հայհոյում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ուզում եմ ասել. գնացեք տեսեք, թե ինչ կոկիկ ու զարգացող երկիր է ստեղծել Լուկաշենկոն, եւ ինչ փնթի ու անհեռանկար երկրի է վերածվել Հայաստանը: Ճիշտ է՝ Լուկաշենկոն կեղծ ժողովրդավար չի ձեւանում, եւ երկրում բացարձակ ավտորիտարիզմ է, բոլոր այլախոհներն էլ կա՛մ բանտերում են, կա՛մ տարագրության մեջ, բայց սեփական երկրի տնտեսական շահերը պաշտպանելու հարցում նա անգերազանցելի է թվում, գոնե՝ հայ իշխանավորների համեմատությամբ, որոնք դեռ բոլոր այլախոհներին չեն հասցրել սպանել, կալանավորել կամ քրեական մեղադրանքներով բանտ նետել:


Ավետիս Բաբաջանյան