Մարտի 1-ի բոլոր զոհերի իրավահաջորդները դիմել են դրամական աջակցություն ստանալու համար

Մարտի 1-ի բոլոր զոհերի իրավահաջորդները դիմել են դրամական աջակցություն ստանալու համար

Կառավարության նիստում արդեն հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

Ըստ այդմ՝ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին կտրամադրվի 30, ծանր վնասվածք ստացածներին՝ 15, իսկ միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 միլիոնական դրամ:

Մենք դիմեցինք արդարադատության նախարարությանը, թե քանի՞ հոգի է դիմել աջակցություն ստանալու համար, ե՞րբ են քննարկվելու դիմումները․ մեզանից գրավոր հարցում պահանջեցին։

Ներկայացնում ենք հարցման պատասխանը․ 

«2019 թվականի հունիսի 4-ին ընդունվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 2019 թվականի օգոստոսի 8-ին ընդունվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 990-Ն Կառավարության որոշումը (այսուհետ՝ Որոշում): Հայտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարություն մինչ այսօր ներկայացվել է 37 դիմում, որոնցից 10-ը՝ զոհված (մահացած) անձանց իրավահաջորդների կողմից, 7-ը՝ առողջությանը ծանր վնասվածք ստացած անձանց կողմից, 20-ը՝ առողջությանը միջին ծանրության վնասվածք ստացած անձանց կողմից: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել վերը նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Հարկ ենք համարում նշել, որ Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն` լիազոր մարմնի ղեկավարի կողմից ընդունվում են որոշումներ՝ դիմումը բավարարելու և աջակցություն տրամադրելու, դիմումը մերժելու և դիմումի քննարկումը կասեցնելու մասին: Դիմումը բավարարվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցվում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին»: 

Նախարարությունից նաեւ հայտնել են, որ արդեն սկսվել է դիմումների քննարկումը․ «ՀՀ արդարադատության նախարարությունում արդեն իսկ սկսվել են դիմումների քննարկումները: 2019 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվել է «ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1201-Ն Կառավարության որոշումը, որի հրապարակումից հետո կկայացվեն համապատասխան որոշումները»:

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։