Միջնադարյան ջրաղացքարին վտանգ է սպառնում

Միջնադարյան ջրաղացքարին վտանգ է սպառնում

Վայոց ձորի Եղեգիս գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հուշարձանների այս խմբին են պատկանում գետեզերքին գտնվող միջնադարյան երեք ջրաղացները: Ցավոք, դրանք խոնարհված են, եւ ջրաղացքարերից մեկն անհայտ պատճառներով հայտնվել է գետի հունից 50 սմ հեռավորության վրա: Այդ մասին ահազանգում է Եղեգիս համայնքի բնակիչ Մարատ Զաքարյանը: Մարդկային միջամտության դեպքում կամ գետը վարարելու արդյունքում այն կարող է հայտնվել գետի մեջ ու հավերժ կորսվել: Այս ճակատագրին է արժանացել խաչքարերից մեկը, որն այս տարվա գարնանը վարար Եղեգիսը քշել-տարել է: Նույն բախտին կարող է արժանանալ այս ջրաղացքարը։   

«Ջրաղացքարը գտնվում է 12-13-րդ դարի ջրաղացի անմիջապես կողքին՝ գետի եզերքին։ Անհասկանալի է, թե ինչու են ջրաղացի քարը ջրաղացի միջից գլորել, որը ցանկացած պահի կարող է հայտնվել գետի մեջ։ Քանի դեռ գետը չի վարարել, կարելի է այն փրկել»,- ասում է նա ու նկատում, որ այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմինների, այդ թվում՝ մշակույթի նախարարությանը․ «Նկարներ եմ ուղարկել, բայց լռություն է: Խնդրում եմ արձագանքել սրտացավ մարդկանց, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով տեղափոխել անվտանգ վայր՝ իր հարազատ ջրաղացի մեջ»: