Տան շուկայում սպասվում է գների իջեցում․ այսօրվա գներն արհեստական են
Անշարժ գույքի շուկայում սեզոնային ակտիվություն է սկսվում։ Աշնանը եւ ձմռանը ավելանում են գույքի շուկայում գործարքները, եւ այս տարին էլ բացառություն չի լինելու։ Ռիելթորներն ու անշարժ գույքի գործակալներն արձանագրում են, որ շուտով վերջապես դուրս ենք գալու երկարատեւ լճացումից, որը հաստատվել էր այս տարվա սկզբից։ Ինչպես հայտնի է, 2018 թ․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում առքուվաճառքի գործարքների թիվն ամսեամիս աճում էր, եւ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին առքուվաճառքի գործարքների ընդհանուր քանակը 17.5 %-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։ Իսկ այս տարվա սկզբից գործարքների թիվը նվազեց, եւ գնաճ գրանցվեց, տարբեր գնահատականներով՝ մոտ 7-8-ից մինչեւ 10%։ Արդյունքում Երեւանի կենտրոնում առանձնատներն ու բնակարանները նախահեղափոխական գների համեմատ մոտ 20 տոկոսով թանկացան։ Ըստ անշարժ գույքի գործակալ, «Թիվ մեկ» գործակալության ռիելթոր Գեւորգ Բեգլարյանի՝ այս աճն արհեստական էր եւ կապված էր հեղափոխական սպասումների հետ։ «10-20 տոկոս գնաթանկացումն իրականում կապ չունի շուկայական պատճառների հետ։ Այս թանկացումն արհեստական է տեղի ունեցել։ Հեղափոխությունից հետո մարդիկ մտածեցին, որ Հայաստան կվերադառնան սփյուռքի մեր հայրենակիցները եւ անշարժ գույք ձեռք կբերեն, եւ որոշեցին, որ կարելի է գումար աշխատել այդ մարդկանց հաշվին, ինչը որ եկավ սկզբի ամիսներին։ Չիմացողները եկան ու թանկ գներով բնակարաններ գնեցին,- ասաց Բեգլարյանը,- «հարեւան-բարեկամ» գործոնն աշխատեց։ Մեկն իր 50 հազարանոց բնակարանը վաճառեց 80 հազարով, եւ նրա հարեւանը, նրան նայելով, որոշեց ինքն էլ նույնն անել։ Ու այդպես՝ շուկայական կապով ամեն ինչ առաջ գնաց»։
Ըստ ռիելթորի՝ այս պահի դրությամբ անցյալ տարվա համեմատ գնանկում չկա, բայց կուտակվել է անհիմն թանկ չվաճառվող գույք, որն աշնան վերջին եւ ձմռան սկզբին էժանանալու է։ «Մարդիկ իրենք էլ կտեսնեն, որ արդեն երկրորդ տարին է՝ չեն կարողանում գույքը վաճառել իրենց ուզած արհեստական գներով, եւ պետք է վերադառնան հին արժեքներին, որոնք սահմանված են պետականորեն։ Այսօրվա գներն արդարացված չեն։ Պետք է նայենք, թե արդյոք ապրելակերպը ներո՞ւմ է, որ մարդը ձեռք բերի այդ բնակարանը։ Անշարժ գույքով զբաղվում է ով ասես՝ անհատներ, բրոքերներ, որոնք ավելացնում են մարդկանց շփոթմունքը։ Անշարժ գույքի ոլորտը պետք է կարգավորվի պետականորեն»։
Այս պահի դրությամբ Երեւանի կենտրոնում անշարժ գույքի քառակուսի մետրի գինը, ըստ գործակալների, տատանվում է 1500-2000 դոլարի միջակայքում, իսկ Հյուսիսային պողոտայում հասնում է 4000-5000 դոլարի։ Կենտրոնից քիչ հեռու՝ «Բարեկամություն» մետրոյի շրջակայքում, Մոնումենտի սկզբնամասում գները ցածր են մոտ 200-300 դոլարով, ավելի հեռու շառավղի վրա՝ Երրորդ մասի հրապարակի շրջանում, 850-1000 դոլարի են հասնում, իսկ ծայրամասերում՝ 500-800 դոլարի։ «Սրանք արդարացված գներ չեն»,- ասում է Գեւորգ Բեգլարյանը։
«Այս պահին էլ գները կանգնած են, բարձրացում չեմ տեսնում,- արձանագրում է փորձառու գործակալ Գոհար Լ․-ն, որը տասը տարուց ավելի աշխատում է անշարժ գույքի հետ։- 2018 թվականի վերջում 15-20 տոկոսով գնաճ եղավ, եւ այս տարի ոչ մի փոփոխություն չկա, բայց այս պահին շուկան ավելի ակտիվ է, քան ամռանը»։
Նա չի բացառում, որ փոփոխությունը երիտասարդներին տրվող գույքի ձեռքբերման արտոնությունների հետ է կապված։ Ըստ Գոհար Լ․-ի՝ վարձակալության շուկայում վերջին 2-3 տարում գները կրկնակի բարձրացել են։
«Միջին մեկ սենյականոցի համար պահանջվող վարձը Փոքր ու Մեծ կենտրոնում 350-600 դոլարից է սկսվում, բայց մի երկու տարի առաջ երկու-երեք սենյակն էր այդ գնի»,- ասում է գործակալը։
Կարծիքներ