Ինչպես Թումանյանը մերժեց տպագրել Աղայանի հոդվածը

Ինչպես Թումանյանը մերժեց տպագրել Աղայանի հոդվածը

Հրապարակախոսության ասպարեզը, հաճախ նաեւ անպտուղ բանավեճերն անարժան հակառակորդների հետ չեն կարող անհետեւանք անցնել ստեղծագործող անհատի համար։ Առավել եւս՝ Թումանյանի համար, առավել եւս, երբ բանակռիվների հիմքում դրված էր ստի եւ շարունակական կեղծիքի դեմ պայքարը, երբ հակառակորդներն անարժան էին՝ իրենց մտավարժանքներով, անազնիվ ու հարձակողական ոճով։ Այդ մթնոլորտում Թումանյանի համար չափազանց դժվար, գրեթե անհնար էր դառնում ստեղծագործելը. «Սուտ, սուտ, սուտ, կեղծիք, զրպարտություն, հայհոյանք եւ ամեն տեսակ վատություն։ Դե եկ ու էս տեսակ մթնոլորտում ոգեւորվիր ու բանաստեղծություն գրի։ Ամոթ էլ է»։

Թումանյանը համահայկական ընտրապայքարում ամենեւին էլ հակաօրմանյանական չէր, ինչպես որ նրա խմբագրած թերթը՝ «Հորիզոնը»։ Սակայն Մաղաքիա Օրմանյանի դեմ պայքարում էր հայ հասարակության զգալի մասը։ Հակաօրմանյանականների բանակը ստվարաթիվ էր հատկապես հայ առաջադեմ մտավորականության, գրողների ու արվեստագետների շրջանում։ Նրանց մեջ էր Թումանյանի ամենամտերիմ բարեկամն ու հարազատը՝ Ղազարոս Աղայանը։ Նրան «Հովիտ» շաբաթաթերթն անվանում էր մարդասպան, որն Օրմանյանին «տեռորի» ենթարկելու կոչ է անում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինեին Աղայանի վրդովմունքն ու բանավեճի թարմ հետքով գրված պատասխանը։ Երբ Աղայանն այն ներկայացնում է իր մտերիմ, ամենահարազատ ընկերոջը՝ թերթի խմբագիր Թումանյանին, վերջինս մերժում է նրան՝ լրագրական պատշաճ գրելաոճը չպահպանելու համար։ Իբրեւ խմբագիր՝ Թումանյանն իրեն պատասխանատու էր զգում լրագրում տպագրվող յուրաքանչյուր հրապարակման համար եւ ամեն ինչ անում էր՝ հեղինակներին ուղղորդելու միայն ու միայն պատշաճության եւ չափավորության սկզբունքներով առաջնորդվելու հարցում։ Հանուն սկզբունքի, նա կարող էր մերժել իր մոտիկ հարազատին, որին, թերեւս, բոլոր գրչակից ընկերների մեջ ամենից շատ էր սիրում։  

Այդ մերժման մանրամասները ներկայացնում է Մարգար Ավետիսյանը։ Նա գրում է. «Ալեզարդ Աղայանը հուզվեց. հանգիստ չուներ։ Մի օր մի հոդված բերեց խմբագրատուն՝ Թումանյանի մոտ, թե՝ պիտի տպես։ Թումանյանը կարդաց, գլուխը շարժեց…

- Ա, Ղազար,- ասաց Թումանյանը ժպտալով,- ասում է՝ գժերի աշխարհք ընկնողն ինքն էլ է գժվում…
- Ի՞նչ է, ճիշտ չե՞մ գրել, սո՞ւտ է, ինչ որ ասում եմ, բա դրանք անպատկառ լրբախոսներ չե՞ն…
- Ճիշտ ես գրել, Ղազար ջան, բայց դե՝ բարկացած ես գրել. Բարկանալը լավ չի։
- Ի՞նչ է, ուրեմն չես ուզում տպե՞լ,- ասաց Աղայանը հուզված։
- Ինչի՞ չէ, Ղազար ջան, կտպեմ, համա քեզ համար լավ չի. մի քիչ պիտի փոխես։
- Տպի, ախպեր, էդպես, թող լավ չլինի, տակը իմ անունն է լինելու, հո քո անունը չի՞ լինելու։

Թումանյանը մատներով շփեց քիթը, նայեց թղթին, ապա լուրջ, շատ լուրջ դեմք ընդունած՝ ասաց կտրուկ տոնով, որի մեջ բարկության շեշտ կար.

- Իմ անունը չի լինելու տակը, բայց Օհանեսը թույլ չի տա, որ Ղ. Աղայանի անունն էլ լինի էս անվայել գրության տակը»։ 

Ըստ ականատեսի՝ Աղայանի ընկճված դեմքով մի «երջանկությա՞ն, թե՞ խաղաղության» ալիք է անցնում, աչքերի մեջ նկատվում է խոնավ մի փայլ, որից արցունք է ծնվում։ «Նա լուռ վերցրեց թուղթը, ծալեց, դրեց գրպանը։ Թումանյանը թեւը գցեց նրա ուսով ու քաշեց, որ նստեցնի կողքին։ Աղայանը, թեւերը լայն  բացած, փաթաթվեց նրան,- պատմում է Մ. Ավետիսյանը եւ ավելացնում։- Ես սաստիկ հուզմունքից չկարողացա դիմանալ այս տեսարանին եւ արցունքով լցված աչքերս ցած խոնարհեցի»։

Մի փոքր վերամշակվելուց հետո Աղայանի հոդվածները շարունակվեցին տպագրվել «Հորիզոնում»։ Թումանյանի մյուս գրչակից ընկերները չէին կարող խուսափել Թումանյան խմբագրի խստությունից։ Նրա համար առաջնային էր հոդվածի թե՛ բովանդակությունը, թե՛ անաչառությունը, թե՛ հրատապությունը եւ թե՛ լեզուն ու ոճը։ Բանաստեղծի համախոհները չէին նեղանում։ Նրանք խոր հարգանք էին տածում Թումանյանի հանդեպ եւ փորձում էին գրել այնպես, որ բավարարեին բանաստեղծ-խմբագրի բծախնդրությունն ու պահանջկոտությունը։

Խմբագրի պաշտոնին Թումանյանն առմիշտ հրաժեշտ տվեց 1911 թվականի նոյեմբերի 2-ին՝ իր երկրորդ բանտարկության պատճառով։ Ամենայն հայոց բանաստեղծը, թերեւս,  ամենաժողովրդավար խմբագիրն էր, որովհետեւ թույլ էր տալիս, որ խմբագրի ու խմբագրության տարբեր մոտեցումներն իրենց արտացոլումը գտնեին միեւնույն լրագրում։

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ