Փաշինյանի միակ մտահոգությունն իր վարկանիշն է

Փաշինյանի միակ մտահոգությունն իր վարկանիշն է

Մինչև Կորոնավիրուսի նախահարձակ լինելը վարչապետ Փաշինյանին և կառավարող թիմին թվում էր, թե հնարավոր է առնվազն 5-6 տարի պահպանել բարձր վարկանիշն ու անել այն ամենը, ինչ մտքներով կանցնի։ Ավելին, լայն զանգվածների վստահությունը վայելող քաղաքական թիմը մատնվել էր անհոգության և անշարժության՝ ունենալով այն համոզմունքը, թե կարելի է ոչինչ չանել և հանգստանալ կառավարական օթյակներում։ Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն, որոնք են՝ բարձր պահել վարկանիշն ու չեզոքացնել բոլոր հնարավոր հակառակորդներին։ Այսինքն, պետությունը կառավարելու և ռեֆորմներ իրականացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն այս ամբողջ ընթացքում զբաղվել է վարկանիշափրկությամբ։ Սա էլ իր հերթին փոխակերպվել է խելահեղության մրցավազքի և անհոգ արկածախնդրության։ Փաստորեն կառավարությունն ամեն առիթով և անընդհատ վարկանիշը փրկելու տենդագին քայլեր է իրականացրել ու ժողովրդին  ներքաշել չվերջացող հրավառության մեջ, որտեղ գերակայող է ամբոխային փառաբանությունն ու գոհունակությունը։ Մոտեցումն այս երբեմն հանգեցրել է զավեշտալի դրսևորումների․ աղբահանության մեկ հաջողված օպերացիան ներկայացվել է որպես ինժեներական հրաշք, իսկ ասֆալտապատումն իր նշանակությամբ ավելի ազդեցիկ էր, քան Իլոն Մասկի արկածները տիեզերքում։ Բայց ամեն դեպքում վարկանիշափրկության ամենազորեղ գործիքը վիճակագրական մանիպուլյացիան էր, երբ տնտեսական մեխանիկական աճը ներկայացվում էր որպես տնտեսական նախադեպը չունեցող հեղափոխություն։ 

Ահա այսպիսի իրավիճակում, չգիտես որտեղից և պարզ չէ, թե ինչ ժամկետներով, վրա հասավ ամենակուլ և անկասելի համավարակը, իսկ այդ ընթացքում վարչապետն ու ամբողջ կառավարման համակարգը զբաղված էին քարոզչական կամպանիայով՝ հայտարարելով, թե «Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է»։ Նշենք, որ հենց այդ նույն ժամանակ Հայաստանում արդեն իսկ վարակակիրներ կային, իսկ բազմաթիվ երկրներ արձանագրում էին իրենց անզորությունը աղետի դեմ պայքարում։ Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում, արդյոք Հայաստանը պատրա՞ստ էր համամարդկային այդ աղետին դիմակայելու համար։ Խոսքը երկրի տարածք դրա ներթափանցումը կանխելու և հիվանդությանը հաղթելու մասին չէ, այլ՝ համակարգված կանխարգելիչ միջոցառումների։ Վստահաբար կարող ենք պնդել, որ Հայաստանի կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել մոտալուտ վտանգը և ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել։ Ավելին, վարկանիշափրկությամբ մտահոգ վարչապետը այդպես էլ իր մեջ ուժ չգտավ դիմել վճռական քայլերի և կոշտ մեթոդների։ Չէ՞ որ բնակչության հետ պարտադրանքի և լեգիտիմ բռնության լեզվով խոսելու պրակտիկան անխուսափելիորեն հանգեցնելու էր վարկանիշի անկմանը, ինչից Փաշինյանն պարզապես սարսափում է։ Այսպիսով անգործության և թուլամորթության հետևանքով կարանտինը փոխակերպվեց իսկական ծաղրի, իսկ պարետի որոշումներն էլ հեռախոսներին նամակ ուղարկելուց այն կողմ չանցան։ Բայց վարչապետը այս դեպքում նույնպես չհանձնվեց և իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդեց քաղաքացիների կամքի և խղճի վրա։ Բայց չէ՞ որ կարանտինի պահպանումը պետության առանձնահատուկ մենաշնորհն է և այն չի կարող գործել կամավորության սկզբունքով։ 

Իմ համոզմամբ հենց սա է վարակակիրների չափազանց բարձր թվի պատճառը։ Իր վարկանիշով մտահոգված թույլ իշխանությունը երբեք չի կարող հանդես գալիս պետության դիրքերից և մարտահրավերներին դիմակայել հենց այդ տրամաբանությամբ։ Ընդհակառակը՝ պետության ճակատագրով մտահոգ կառավարությունը պետք է նույնիսկ իր ինքնաոչնչացման գնով պաշպաներ բնակիչներին։ Բայց ունենք այն, ինչ-որ ունենք։ Մեզ բաժին հասած թույլ և անվճռական իշխանությունը դեռևս հույսեր է փայփայում, թե շուտով Կորոնավիրուսը կհեռանա և իրենք հանուն վարկանիշափրկության կվերսկսեն «մուկն ու կատու» խաղալ Հրայր Թովմասյանի և անցյալի հետ։