Ո՞վ է մարմնավաճառը, այ հայրենավաճառ

Ո՞վ է մարմնավաճառը, այ հայրենավաճառ

Մամուլի դեմ արշավները շարունակվում են։ Արդեն Ազգային ժողովի ամբիոնից են համարձակվում լրատվամիջոցների վրա մատ թափ տալ։ Օրերս ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էր համեմատականներ անցկացրել լրագրողների ու միջատների, սողունների միջև, ապա առաջատար ուսապարկերից մյուսը՝ Վահագն Ալեքսանյանն էր մարմնավաճառներին համեմատել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Ժուռնալիստների միության նախագահ, «168-ի» գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․

«Կոչ եմ արել ու հիմա էլ կոչ եմ անում մեր գործընկերներին որևէ դեպքում սադրանքների չենթարկվել։ Սրանք սադրիչ գործողություններ են, իսկ մենք պիտի շարունակենք մեր գործը անել։ Ընդհանրապես դրանք ով են, որ մենք մի հատ էլ ուշադրություն դարձնենք։ Դուք հիմա ինձ կոնկրետ անուններ տվեցիք, որոնք այդ արտահայտություններն արել են, բայց սա, կարծում եմ, կոնկրետ Փաշինյանի վերաբերմունքն է մամուլի նկատմամբ։ Եթե մի մարդ հայտարարում է, որ ինքը երբ ուզի նախարար կբերի, սրան կհանի, նրան կհանի, ապա կարող ենք ասել, որ հենց ինքն էլ նաեւ հրահանգներ է տալիս, թե ով որտեղից ու երբ ելույթ ունենա»,- ասաց Սեյրանյանը։ «Առհասարակ մենք այս իշխանությունների օրոք ամեն օր տեսնում ենք՝ ինչպես է դեգրադացիայի ենթարկվում քաղաքակրթությունը։ Բայց կոնկրետ այս դեպքերն, իհարկե, տոտալ քաղաքականություն են՝ ուղղված ԶԼՄ-ների դեմ ու կրկնում եմ՝ պետք չի ոչ մի դեպքում տրվել այդ սադրանքին, մենք պիտի շարունակենք մեր մասնագիտական կոչմանը արժանի գործունեություն ծավալել»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Օրերս եվրոպացի լրագրողները հեռացել էին Ստրասբուրգում մամուլի սրահից, որտեղ պետք է տեղի ունենար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ասուլիսը՝ ի նշան բողոքի, երբ տեղեկացել են, որ Ֆրանսիայի նախագահը չի պատրաստվում շեղվել օրակարգային թեմաներից և լրագրողների այլ հարցերի չի պատրաստվում պատասխանել։ Ս․ Սեյրանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանի լրագրողական համայնքում հնարավոր չէ՞ նման որոշումներ կայացնել՝ հետևելով եվրոպացի գործընկերների օրինակին։ «Մեզ մոտ, իհարկե, չկա այդ միասնականությունը։ Այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում արդեն այս դաշտում ևս մերոնքական- ձերոնքական ձևակերպումներ են լինում։ Միայն դաշտը չէ,նրանք մի ամբողջ հասարակություն են այս վիճակին հասցրել։ Մենք լրագրողներս պետք է այս որոշումները կայացնենք, դա մեր ներքին որոշումը պետք է լինի, սակայն մենք չենք կարող ասել՝ սա արեք, նա արեք, որովհետև արդեն կստացվի, որ մենք ինքներս ենք ուղղորդում։ Մամուլը, քաղաքականությունն ու հասարակությունը պետք չէ տարանջատել։ Պարզ է, որ երկրի վիճակը արտացոլվել է մամուլի վրա։ Չէ որ հասարակ մարդիկ են անգամ իրենց քաղաքական հայացքների համար սևերի ու սպիտակների բաժանվել, ընտանիքներ են միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորում, նույնը արտացոլվում է նաեւ մամուլի մասով, բայց ինչ էլ լինի՝ մենք մեր նշաձողը չպիտի իջեցնենք ու էդ մանր մարդկանց քննարկենք։ Մեր առաքելությունը շատ ավելի բարձր է, քան այդ մարդկանց քննարկելը։ Ամեն մեկի բառապաշարը խոսում է իր արժեհամակարգի մասին»,- հավելեց Ժուռնալիստների միության նախագահը։

«Ինձ համար սա նշանակում է, որ Հայաստանում ավանդաբար իշխանություններին չեն սիրում, չեն հարգում ու չեն էլ խուսափում այնպիսի արտահայտություններից, որոնք իրենց վրա կարող են վերցնել մեր ցանկացած գործընկերները։ Երբ իրենք դժգոհում են լրատվադաշտից, նախ պիտի հասկանան, որ այն բառապաշարը, որն օգտագործվում է լրատվամիջոցներում, առաջին հերթին հենց քաղաքական դաշտից էլ գալիս է։ Եթե իրենք են օգտագործում այդ բառապաշարը, ապա չպիտի զարմանան նաեւ մամուլի հրապարակումներից։ Մեզ մեղադրելու փոխարեն թող իրենց հայելու մեջ նայեն ու տեսնեն, թե ովքեր են տեղեկատվական դաշտի նորաձևության աստղերը»,- «Հրապարակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Ու մի հետաքրքիր բան էլ։ Այն, լրատվամիջոցներերը, որոնք աջակցում են իշխող քաղաքական ուժին, ոչ մի բանով չեն տարբերվում այն լրատվամիջոցներերից ու լրագրողներից, որոնց նկատի են ունեցել Վիգեն Խաչատրյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Դե թող մի հատ սրա մասին էլ մտածեն։ Մակրոնի հետ կապված ասուլիսի մասով կարող եմ ասել, որ այստեղ էլ չեմ բացառում նմանատիպ ակցիաների կարևորությունը, բայց, կարծում եմ, դրանք այն դեպքում են աշխատում, երբ կա համերաշխություն։ Մեզանում դա գիտեք, որ չկա։ Չնայած նորագույն պատմության ժամանակահատվածում եղել են դեպքեր, որոնք իմ նշած լրագրողական համերաշխության հետ կապ են ունեցել, բայց դա մոտավորապես 20 տարի առաջ է եղել ու այսօր, ցավոք, ես դա չեմ տեսնում»,- ասաց Նավասարդյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը նույնպես անընդունելի է համարում տեղի ունեցածը։ «Սա ես նոր արշավ չեմ համարում, քանի որ տեղի ունեցող պրոցեսը իրականում հեղափոխությունից հետո է մեկնարկել, վերջին շրջանում ակտիվացել է ուղղակի։ Ակնհայտ է, որ քաղաքական վերնախավը շատ անհանդուրժող է դարձել լրատվամիջոցներերի նկատմամբ։ Սա միայն Հայաստանում այսօր տեղի չի ունենում, գլոբալ խնդիր է, նպատակ կա հասարակության աչքում հեղինակազրկել մամուլին, փորձ են անում մամուլին զրկել հասարակական վստահությունից։ Իսկ Ազգային ժողովում մամուլի հետ կապված իրադարձությունները, թույլ տված բառապաշարը՝ մասնավորապես, ուղղակի անհամատեղելի է պատգամավորի աշխատանքի հետ։ Այդ պահվածքը պարտադիր պիտի քննության առարկա դառնա հենց էթիկայի հանձնաժողովում։ Լրագրողական հանրությունից միանշանակ պիտի ներողություն խնդրեն ու ոչ միայն լրագրողական հանրությունից, այլ առհասարակ ողջ հասարակությունից։ Իսկ լրագրողական միասնականության մասին ես դեռ խոսում էի օգոստոս ամսին, երբ ԱԺ-ում սահմանափակումներ մտցրին ԶԼՄ-ների հետ կապված։ Անհամաձայնության լավագույն ձևն այն կլիներ, որ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրագրողները ուղղակի դադարեցնեին լուսաբանման գործընթացը, բայց դրա համար պետք էր միասնական որոշում, ինչը չկար ու լրագրողները այն ժամանակ շարունակեցին իրենց աշխատանքը՝ կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել։ Համակերպվելը բոլոր դեպքերում շատ բացասական բան է, որը հնարավորություն չի տալիս հակառակն ասելու ու վերջապես քո կարծիքը տեղ հասցնելու»,- ասաց Դոյդոյանը։

Ի դեպ, իշխող ուժի՝ մամուլի դեմ արշավներին արձագանքում են նաեւ շարքային քաղաքացիները, Ֆեյսբուքյան օգտատերերը։ «Բա ձեր իշխանությունը ու՞մ պատվերով վաճառեց հայրենիքը։ Վաճառեց ու շարունակում է վաճառել, ձենդ կտրի գոնե»,- գրել է օգտատերերից մեկը։ «Ոտից գլուխ պատվեր կատարողը դուք եք։ Մարմնավաճա՞ռ, այ հայրենավաճառ»,- գրել է օգտատերերից մյուսը։