Կրեմլում նամազ անող Իրանի նախագահից մինչեւ Հիսուս Քրիստոսի արձան եւ Գարեգին Բ

Կրեմլում նամազ անող Իրանի նախագահից մինչեւ Հիսուս Քրիստոսի արձան եւ Գարեգին Բ

Օրեր առաջ, երբ Մոսկվայում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Tasnim լրատվական գործակալությունը հրապարակեց հաղորդագրություն, ըստ որի, նախագահ Ռայիսին Կրեմլում նամազ է արել։ Հաղորդագրությանը կից հրապարակված կար լուսանկար, որտեղ նամազի պատրաստվող Իրանի նախագահն էր, ոտաբոբիկ, կոշիկները աթոռի տակ դրած, կանգնած նամազի կարպետի մոտ Կրեմլի այն սենյակում, որտեղ գուցե րոպեներ առաջ բանակցություններ էր վարել իր ռուս գործընկեր՝ Վլադիմիր Պուտինի հետ։ 21-րդ դարի համար գուցե Ռայիսիի կեցվածքը լինի անհասկանալի։

Գուցե շատերը մտածեն, թե Պուտինը երեւի շոկ է ապրել տեսնելով Իրանի նախագահի բծախնդիր ջերմեռանդությունը որպես մահմեդական։ Սակայն եկեք հարցին նայենք այլ լույսի ներքո։ Ըստ էության Ռայիսին սեփական ինքնությանն հավատարմության «մաստեր կլասս» է ցույց տվել, ինքնություն, որը խարսխված է իր եւ իր ժողովրդի կրոնական ավանդական հավատքի վրա նաեւ։ Ու բնականաբար Ռուսաստանի նախագահը, որը փորձում է ներկայանալ որպես ավանդույթների պահպանման կողմնակից, իրեն դիրքավորելով որպես կոնսերվատիվ, ինչը նաեւ բնական է հաշվի առնելով Պուտինի՝ ԿԳԲ-ական լինելը, ապա կարելի է արձանագրել, որ Պուտինը ոչ թե շոկ է ապրել, այլ ընդհակառակը, այս քայլով ընդգծել է իր դիրքավորումը։ Արդյոք այս ամենը ակտուալ է մեզ՝ հայերիս, կամ Հայաստանի համար։ Ինչ որ առումով այո եւ հատկապես հիմա այո, որովհետեւ ասպարեզում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու հարցն է դրված եւ ակտիվ բանավեճեր են ընթանում այս ուղղությամբ՝ ներառյալ անձամբ Գագիկ Ծառուկյանի եւ Առաքելական եկեղեցու հոգեւորականների ներգրավմամբ։ Մի կողմից հասկանալի է՝ բարերարը, ով նաեւ գործարար է, փողատեր, իրավունք ունի իր հայեցողությամբ տնօրինելու իր գումարները՝ ներառյալ նաեւ բարերարություն անելիս։

Մյուս կողմից, որքան էլ բարերարի մղումները լինեն ազնիվ, հոգու կանչ կամ նույնիսկ ուխտ, այնուամենայնիվ, բարերարն ապրում է մի տարածքում, որտեղ ապրող բնիկ ժողովուրդը ունի իր ինքնությունը եւ այդ ինքնության մեջ օրինակ կարող է կրոնական նշանակության արձան կանգնեցնելու ավանդույթը չլինի։ Ու այս երկու բեւեռների արանքում՝ ճիշտ ու սխալի որոնումներում բավական հետաքրքիր հարցադրում է առաջանում․ մի կողմից օրինակ պատրաստ է արդյոք Գագիկ Ծառուկյանն իր նախագիծը որոշակիորեն սրբագրել, օրինակ արձանն այնպես կառուցել, որ վերջինիս մեջ հնարավոր լինի կառուցել փոքրիկ մատուռ եւ ապա՝ եթե օրինակ Վլադիմիր Պուտինը Գարեգին Բ-ին հրավիրի Մոսկվա՝ Կրեմլ եւ ընդունելություն նշանակի այն ժամին, երբ սովորաբար Առաքելական եկեղեցում կիրակնօրյա Պատարագն է արվում, ապա կունենա արդյոք Գարեգին Բ-ն այնքան համարձակություն, որպեսզի խնդրի, որ ընդունելությունը հետաձգեն Պատարագից հետո։

Ռայիսին այս դիլեմայի պատասխանը գտել է ու դա ցույց տվեց օրեր առաջ Կրեմլում արած նամազով։ Իսկ երբ որ մեր իրականության մեջ նշված դիլեման գտնի իր լուծումը, ապա ամեն բան կընկնի իր տեղը, եւ մենք այդ ժամանակ երեւի կդառնանք իրական քրիստոնյա, դադարելով լինել սոսկ նոմինալ «մշակութային քրիստոնյա», ինչպես օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում, էլի Քրիստոսի արձանի թեմայով, սահմանել էր ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպս․ Աջապահյանը։