Առնվազն չորս անգամ հնարավորություն է եղել պատերազմը կանգնեցնել

Առնվազն չորս անգամ հնարավորություն է եղել պատերազմը կանգնեցնել

Սեպտեմբերի 27-ից հետո առնվազն 4 անգամ հնարավորություն է եղել պատերազմը կանգնեցնել, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 

«Սրա մասին ասվել է սեպտեմբերի 29-ին, երբ ռուսական պատվիրակությունը՝ Դումայի պատրաստ էր 2 ժամվա ընթացքում գար։ Դա Դումայի որոշումն էր, կատակ չէր։ Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր շտաբի պետի 4 օր հետո արված հայտարարությունը, հոկտեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինի ասվածը։ Մենք մոռանում ենք մի բան, նա ասում էր՝ Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ, ուղղակի փախստականները պետք է վերադառնային այդտեղ։ Իսկ չկա՞ր ուրիշ տեղ, որ հայկական փախստականներ կարող էին վերադառնալ։ Իհարկե, կար։ Այսինքն՝ մի հատ թող մնա հայկական վերահսկողության տակ, հետո էդ գործընթացը կորոշենք, թե ով է գալիս, ով չի գալիս, ոնց է գալիս։ Բայց մենք փաստացի հնարավորություն ունեինք, որ Շուշին մնար հայկական վերահոսկողության տակ, այդ դեպքում նաև հարց կդրվեր, թե հայկական փախստականները ուր պետք է գնային»,- ասաց Մելքումյանը։

Նա տարակուսանք հայտնեց․ «Բա էդ նոյեմբերի 9-ին եթե մենք կնքում են փաստաթուղթ, որտեղ նշված է, որ երկկողմանի զորքերը կանգնում են էնտեղ, որտեղ կանգնած են, էդ ո՞նց եղավ, որ տարածքների կեսից ավելին՝ Քարվաճառը, Լաչինը մենք առանց պատերազմի տալիս ենք։ Կամ  Սյունիքի քաղաքներում, դիրքերը Գորիսից 26 կմ առաջ են տվել։ Առանց որևէ բանի բանավոր հետ են քաշում։ Ո՞վ է իրավունքը տվել, որ բանավոր հրամանով մենք հետ գանք և Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններով տեղաբաշխված գիծը դնենք անմիջական վտանգի տակ»։ 

Հիշեցնենք, որ վարչապետի Նիկոլ Փաշինյանը երեկ միֆ համարեց պատերազմը ավելի քիչ հողային կորուստներով կանգնեցնելու հնարավորության մասին խոսակցությունները: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ կապված պատերազմի նման արդյունքի համար իր բարոյական  և քաղաքական պատասխանատվության, հրաժարականի վերաբերյալ:

«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, չենք ունեցել, և դա միֆ է, և միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել»,-ասաց Փաշինյանը։