Իսկ Փաշինյանի կատարած ավիածախսերը չեն հետաքրքրում ոչ ՀՔԾ-ին, ոչ փաստերի ճշտման հանդեպ մեծ սեր ունեցող գործչին

Իսկ Փաշինյանի կատարած ավիածախսերը չեն հետաքրքրում ոչ ՀՔԾ-ին, ոչ փաստերի ճշտման հանդեպ մեծ սեր ունեցող գործչին

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել 5-10 տարի առաջ կատարված նախագահական ավիաթռիչքների մասին, իսկ ՀՔԾ-ն նրա հաղորդման հիման վրա անմիջապես գործ է հարուցել Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով (Քրօր., 308, 2-րդ մաս)։ 

Իոաննիսյանի ներկայացրած տվյալները ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ են և վերաբերում են վերջինիս պաշտոնավարման տարիներին։ «2008-2017 թվականների ընթացքում «բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության, պետական միջոցների հաշվին կատարել է  մի շարք չվերթներ․․․ դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի», - գրել է Իոաննիսյանը, եւ նրա գրածը հիմք ընդունելով` իրավապահներն անմիջապես քրեական գործ են հարուցել։ 

Իսկ ինչո՞ւ է Իոաննիսյանը ուսումնասիրել միայն 5-10 տարի առաջ տեղի ունեցած կասկածելի փաստերը և չի անդրադարձել ավելի թարմ, հանրության շրջանում ավելի մեծ հետաքրքրություն վայելող և ավելի ակտուալ ավիամիջադեպերին, ՀՀ ներկայիս ղեկավարին ու նրա ընտանիքին վերաբերող ավիասկանդալներին կամ Տաթեւիկ Ռեւազյանի լոուքոսթերին եւ 30 եվրոյով Միլան թռչելու խոստումներին։  

Իոաննիսյանը պատասխանում է, որ ձեռքի տակ ունեցել է բոլոր ավիաչվերթները, սկսած 2008 թվականի հունվարից, ու առաջին բորտի բոլոր թռիչքները: «Ճիշտն ասած՝ Նիկոլ Փաշինյանի որևիցե թռիչք անձնական նպատակով չեմ տեսել։ Բոլոր թռիչքները համընկել են գործուղումների հետ»։ Գուցե համընկնում էին, բայց տարբեր ստիլիստների ու վարսավիրների էլ էին իրենց հետ տանում-բերում: Իոաննիսյանը հիշեցնում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» վարչական դատարանում վիճարկում է Ալեն Սիմոնյանի մի քանի որոշումներ, գործող պաշտոնյաների վերաբերյալ հանցագործության հաղորդումներ է ներկայացնում և այլն։ 

-Ձեր կարծիքով, Փաշինյանի ավիածախսերն արդարացվա՞ծ են։ Դրանց մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։ 

-Կարող է հրապարակումներ լինեին, որ Նիկոլ Փաշինյանը կամ Սերժ Սարգսյանը երեկոյան երեխաներ են ուտում, եկեք խոսենք փաստերից։ Նիկոլ Փաշինյանի դեպքում պետական բորտը օգտագործվել է միայն պետության առաջին դեմքերի գործուղումների նպատակով։ Սերժ Սարգսյանի օրոք այն օգտագործվել է, բացի առաջին դեմքերի գործուղումներից, նաև հանգստի մեկնելիս և նաև ոչ արձակուրդ եղած ժամանակ հանգստի գնալու համար։ Այսինքն, այդ ժամանակաշրջանում մարդը չի եղել արձակուրդում, բայց թռել ու մի քանի օր անցկացրել է Բադեն-Բադենում։ Բայց պիտի լիներ գործի։ 

- Այսինքն, Դուք գործի գնալու, ոչ թե ծախսերի՞ մասով եք ուսումնասիրել։ 

- Եթե ինքնաթիռը թռչում է, դա ծախս է։

Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբանները սա կատարյալ անհեթեթություն են համարում, հասարակությանը շեղելու միջոց։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի ուսումնասիրել, թե ինչ է գրել Իոաննիսյանը, «իսկ ինչ վերաբերում է Ձեր ասած նյութին, ես համոզված եմ, որ այն, ինչ շրջանառվում է, իրականությանը չի համապատասխանում»։ «Իմ անձնական կարծիքն է, ես դրանով չեմ զբաղվում, չգիտեմ, թե ով է զբաղվում, այնքան անհեթեթ է, որ զբաղվելու իմաստ էլ չկա»։ 

ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն էլ, երեկ արձագանքելով ՀՔԾ-ին, ընդգծեց, որ այս նոր գործի հարուցումն իր համար սպասելի էր։ «ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում` պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաև մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում»։ 

Մամուլը բազմիցս գրել է գործող վարչապետի ընտանիքի հետ կապված ավիասկանդալների, ավելորդ ծախսերի ու վատնումների մասին։ Ամենաաղմկոտը թերևս նրա ընտանյոք հանդերձ այցն էր Բելգիա, 2019 թվականի մարտին։ Ամուսնու հետ «շփվելու» նպատակով վարչապետի կինը, որը պաշտոնապես պատվիրակության կազմում չէր, նրա հետ թիվ մեկ բորտով հասել էր  Բրյուսել։ Այցի շուրջ սկանդալային հրապարակումներին տիկին Հակոբյանը պատասխանեց, թե ինքնաթիռը «թռնում էր», ու ինքն այնտեղ նստած, թե չնստած, տարբերություն չկա, ու որ երկրի նախագահի համար նախատեսված սենյակներն այնքան ընդարձակ են, որ այնտեղ կարող է մի քանի ընտանիք տեղավորվել։ Նույն թվականի ապրիլին ԶԼՄ-ները գրեցին վարչապետի ուղղաթիռային ծախսերի մասին։ Թումանյանի 150-ամյակին Երեւանից Դսեղ մեկնելու համար պետական բյուջեից ծախսվել էր 525 հազար դրամ, Ստեփանակերտ թռել էր 1 մլն 102 հազար դրամով, իսկ Սյունիք էր հասել 1 մլն դրամով։ Այս վատնումները Փաշինյանը բացատրեց նրանով, որ եթե ուղղաթիռը չթռչի, կժանգոտի։ 

Սեպտեմբերին արդեն` Անկախության տոնի օրը, Փաշինյանը բիզնես դասի ամերիկյան «Gulfstream G550» ինքնաթիռով մեկնեց Լոս Անջելես, ապա ԱՄՆ տարբեր քաղաքներ ներքին թռիչքներ իրականացնելուց հետո մասնավոր ինքնաթիռն այդ սեպտեմբերի 27-ին վերադարձավ Երևան։ Մամուլը գրեց, որ բյուջեն վարչապետի մշակութաբանական այցի համար 300-400 հազար ԱՄՆ դոլար է վճարել, իսկ նրա մամուլի ծառայությունը ճշգրտեց, որ այցն արժեցել է 166 մլն դրամ, այսինքն՝ մոտ 350 հազար դոլար։ Որոշ հարթակներում հնչեց, թե, իբր, կառավարական «A319»  ինքնաթիռը չի կարող թռչել օվկիանոսի վրայով, քանի որ տեխնիկական ցուցանիշները չեն բավարարում, ինչը հետագայում ստվեց, իսկ վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանն արդարացավ, թե իբր «A319»-ը տրանսատլանտյան թռիչքների լիցենզիա չունի։  

Կարճ ժամանակ անց նույն Աղաջանյանը հայտարարեց, որ նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում վառելիքի և ծախսերի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար կարող է լինել նոր ինքնաթիռի ձեռքբերումը։ 

Նոր սկանդալ պայթեց՝ որ վարչապետի համար նոր ինքնաթիռ են պատրաստվում գնել` 55 մլն դոլարով։ Մամուլի աղմուկից հետո այս ծրագրից ստիպված էին հրաժարվել։ Այն ժամանակ, պատերազմից առաջ հասարակական կարծիքը և սեփական իմիջը դեռ մի փոքր հուզում  էին վարչապետին։ Նրա ընտանիքի աստղաբաշխական ծախսերը ավիավոյաժների համար, սակայն, հետագայում էլ շարունակվեցին։ 

Ուղիղ մեկ տարի անց կորոնավիրուսի ֆինանսական բեռի տակ կքած Հայաստանի վարչապետը որոշեց ներկել իրեն սպասարկող «A319» ինքնաթիռը, ինչը բյուջեի վրա 250.000 ԱՄՆ դոլար նստեց։ Այդքան արժեր օդանավի վրա դրոշ ու զինանշան նկարելն ու գրանցման նշագրում կատարելը։ Նոր, «Под Аэрофлот» դիզայնի համար առաջին բորտը տարան Չեխիա, Օստրավա քաղաք։ Չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը ներկման աշխատանքներն ավարտեց 10 օրում։ Թվարկված ծախսերը չեն հետաքրքրում փաստերի ճշտման մեծ սեր ունեցող  գործիչին, թեև նա համարում է, որ եթե ինքնաթիռը թռչում է, դա ծախս է։