Հիմա՝ պարտադիր պատվաստվե՞նք, թե՞ պարտադիր թեստավորվենք

Հիմա՝ պարտադիր պատվաստվե՞նք, թե՞ պարտադիր թեստավորվենք

Երբ սանէպիդկայանի Հերիք տոտան գալիս էր մեր թաղը՝ հավերին վակցինացնելու (սրսկելու), ամբողջ թաղում մի այնպիսի կչկչոց էր բարձրանում, որ նույնիսկ անընդհատ իրար հետ կռվող հարեւանների ձայնն էլ չէր լսվում: Օդում այնքան փետուր էր հայտնվում, որ հորանջելիս ստիպված էինք լինում բերաններս փակել: Արարողությունը շատ պարզ էր: Հավաբնի դուռը ներսից փակում էին, հավատերը մեկիկ-մեկիկ բռնում էր իր հավերին, տալիս Հերիք տոտային: Հերիք տոտան էլ հավին շուռ էր տալիս, փորի տակ սրսկում ու լուսածակից գցում դուրս:

Ես այսքանն եմ տեսել, իսկ թե Հերիք տոտան ու հավատերն ինչ անեծքներ էին տալիս չենթարկվող եւ հավաբնի անկյունները վազող հավերին, չեմ լսել ահավոր աղմուկի պատճառով, որ բարձրացնում էին լուսածակից դուրս թռչող հավերը: Հա, չմոռանամ ասել, որ Հերիք տոտան քույրական կուրսեր էր ավարտել եւ համարվում էր մեր տարածաշրջանի ամենալավ սրսկողը: Նա մեկ-մեկ էլ հարեւաններին էր սրսկում, երբ շտապօգնությունը խորհրդային Կիրովականի Սպիտակ կամ Անտառի տակի բժշկական կենտրոններից չէր կարողանում հասնել Ղշլաղ՝ մեր գյուղ:

Թե ինչու հիշեցի այս պատմությունը, կարծում եմ՝ արդեն գլխի ընկաք: Այո, հասել ենք մի տեղ, երբ մարդկանց են պարտադիր պատվաստում, եւ մարդիկ են նույն անասելի աղմուկը բարձրացրել: Հերիք տոտան, այս դեպքում՝ Անահիտ Ավանեսյանը, ասեղն առած՝ տնետուն է ընկել, որ մարդկանց պատվաստի, իսկ մարդիկ, շատ ներողություն, անհնազանդ հավերի պես դեսուդեն են ընկնում: Անահիտը դիմել է հավատիրոջ՝ Նիկոլի օգնությանը, որ սա մեկ-մեկ բռնի մարդկանց, տա իրեն, որ ինքը սրսկի ու բաց թողնի: Բայց գոնե Անահիտը քույրական կուրսեր անցած լիներ… Նա նույնիսկ դա չի արել, եւ մարդիկ, որ այդքան էլ հավ չեն, չեն վստահում նրան: Ի՞նչ անել: Մնում է, որ Նիկոլը մի բան անի, Նիկոլն էլ իրեն կորցրել է ու հավից բեթար ձայնը գլուխը գցել՝ բռնեք, դատեք, բանտարկեք… Հարցնող էլ չկա՝ ո՞վ բռնի, այ ցավդ տանեմ, հավատերը դու ես, էս…

Ներողություն, եթե համեմատությունների մեջ մի քիչ սահմանն անցա, բայց իսկապես ամեն ինչ շատ նման է մեր գյուղում սովորական դարձած հավապատվաստման գործընթացին: Տարբերությունը, թերեւս, համավարակների անվանման մեջ է: Հավերի հիվանդությանը, եթե չեմ սխալվում, ազար էին ասում: Ըստ տատիս՝ հավերին սրսկում էին, որ ազարը չտանի: Եվ պատկերացրեք՝ օգնում էր: Մեզ պատվաստում են քովիդի դեմ, բայց փաստ չէ, որ դա օգնում է քովիդից խուսափել: Ինչեւէ՝ անգիտությունից աղմկում ենք, չենք ուզում պատվաստվել, չգիտենք, թե վաղը, մյուս օրը ինչ կգա գլխներիս՝ անհասկանալի ու անբացատրելի Աստրա զենեկա, Սպուտնիկ, Պֆայզեր ու Մոդեռնա ընդունելուց հետո:

Բայց մինչ մենք աղմկում ենք եւ դիմադրում անվճար պատվաստմանը, ՀՀ իշխանությունները գերշահույթներ են ստանում վճարովի թեստավորումից: ԵԽԽՎ-ն մեր կողմից է, նա ասում է՝ մարդկանց չի կարելի հավերի պես պարտադիր պատվաստել, դա մարդու կամքին եւ իրավունքներին դեմ է: ՀՀ իշխանություններն էլ իրենց համար սողանցք են ստեղծել, այսինքն՝ կոռուպցիոն փող աշխատելու հնարավորություն: Նրանք չեն ասում՝ պարտադիր պատվաստվել, այլ մեջտեղ են բերել մի հիմար ձեւակերպում՝ պարտադիր պատվաստում կամ պարտադիր թեստավորում: Ապուշություն, որովհետեւ պատվաստումն ու թեստավորումը ՀՀ քաղաքացու գրպանի վրա տարբեր կերպ են ազդում եւ չեն կարող այլընտրանք հանդիսանալ միմյանց: Այլ հարց, եթե թեստավորումը նույնպես անվճար լիներ, եւ կամ պատվաստումը՝ վճարովի: Այդ դեպքում հնարավոր կլիներ ասել, որ մեր իշխանությունները պայքարում են քովիդի դեմ: Իսկ այսօր բոլորն են միաբերան պնդում, որ Նիկոլն ու Անահիտը (ՀՀ իշխանությունները), քանի որ ձախողել են համավարակի դեմ պայքարը, թուլացել եւ հաճույք են ստանում, այլ խոսքով՝ գործ են կպցրել ու փող են աշխատում թեստերից:

Հերիք տոտան, ներողություն, տիկին Անահիտը բոլորովին վերջերս մի հայտարարություն էր արել, որ խոսում էր Նիկոլի հետ բիզնեսն ընդլայնելու նրա մտադրության մասին: Նա հայտարարել էր, որ նախագիծ են մշակում, որով կարգելվի ժամանցի վայրեր այցելել առանց պարտադիր պատվաստման եւ թեստավորման: Մեր կարծիքով՝ այս նախագիծը, եթե հավանության արժանանա հավատիրոջ, ներողություն, Նիկոլի կողմից, կարող է հրաշալի էֆեկտ տալ, եթե ժամանցի վայրերի տերերին նաեւ տուգանեն չպատվաստված եւ չթեստավորված հաճախորդներ ընդունելու համար: Ասենք՝ մեծ հարսանիք է, ու ահագին մարդ է հավաքվել՝ հարսն ու փեսան, քավորը, հարսնաքուրը, ազաբ բաշին, խնամիներ երկու կողմից, նորապսակների ծնողները, հորքուր-մորքուրները, հորեղբայրներն ու քեռիները՝ իրենց կանանցով: Եվ ինչ անե՞լ:

Ոչինչ էլ չես կարող անել: Հարսանիքը տեղը-տեղին կանեք, մի լավ կխմեք, կպարեք ու կգնաք տներով՝ մտածելով, որ ՀՀ իշխանությունները պարզապես դուռակ են եւ իդիոտ, իսկ եթե մեկն իդիոտ է, ապա, ինչպես ասում են, դա շատ երկար կարող է տեւել: