Աշոտյանը չլռեց, կալանքը երկարաձգվեց, Արագած Ախոյանը լռեց, ազատ արձակվեց

Աշոտյանը չլռեց, կալանքը երկարաձգվեց, Արագած Ախոյանը լռեց, ազատ արձակվեց

Երեկ դատարանը՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց «Բռնության կոչի» մեղադրանքով։ Նա ընդամենը ասել էր, որ դավաճանների տներ է պետք է այցելել «սուրճ խմելու»։ Մալյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման։ Նա մեկ անգամ այս նույն մեղադրանքով արդարացվել էր «Չաուշեսկուների գործով», և հույս կար, որ այս անգամ ևս կարդարացվի, սակայն մեղադրական դատավճիռ եղավ։ Իրավապաշտպան Ավետիք Իշխքանյանին հարցրինք, թե ի՞նչ դիրակումներ ունի այս դատական գործի ու դրա ելքի վերաբերյալ․

«Կարելի է արդեն արձանագրել, որ վարչապետ կոչեցյալին հաջողվեց վերջնականապես հնազանդեցնել բոլոր դատավորներին։ Նման խոսքի համար գործ հարուցել, կալանավորելն արդեն աբսուրդ է։ Չեմ ցանկանա մանրամասն անդրադառնալ միջազգային նորմերին, ՄԻԵԴ նախադեպերին, որոնք հիմնովին խախտվում են։ Փաստորեն, Հայաստանն իր ողջ պետական կառույցներով վերածվել է մեկ մարդուն ծառայող և նրա քմահաճույքները կատարող երկրի»,- պատասխանեց Իշխանյանը։ 

Նույն «բռնության կոչի» մեղադրանքով քրեական գործեր կան նաև Արագած Ախոյանի, Հրանտ Բագրատյանի և այլոց դեմ։ Իշխանյանին հարցրինք, թե իր կարծիքով այս նախադեպը ինչպե՞ս կարող է ազդել մյուս գործերի քննության և խոսքի ազատության վրա առհասարակ։

«Հայաստանում չի գործում նախադեպի ինստիտուտը։ Եթե այն գործեր, ապա նման դատավճիռ չէր լինի։ Բոլոր քրեական գործերի ճակատագիրը  կախված է նրանից, թե ինչ կորոշի վարչապետ կոչեցյալը։ Որպես կանոն, նա բավարարվում է իր ընդդիմախոսներին, պատժելով՝ ամիսներով կալանքի տակ պահելով։ Կալանքի ժամկետը կախված է ընդդիմադիր գործիչի ակտիվության աստիճանից։ Օրինակ, երեկ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց ևս երեք ամսով, քանի որ Արմեն Աշոտյանը ոչ միայն չի լռում, այլև բանտից հոդվածներ է հրապարակում։ Իսկ Արագած Ախոյանը լռեց և նրա խափանման միջոց կալանքը փոխվեց։

Հայաստանում վտանգված են բոլոր մարդու իրավունքներն ու ազատությունները՝ խոսքի, խաղաղ հավաքների, անձնական անձեռնմխելիության, արդար դատավարության, խտրականության, խոշտանգումների արգելման, նաև կյանքի իրավունքը։Եվ այս ամենի դեմ չկա լուրջ, հետևողական դիմադրություն, պայքար։Այս իրավիճակում, Հայաստանում պետք է ստեղծվեր զանգվածային իրավապաշտպանական շարժում։ Օրինակ, պետք է կազմակերպվեր, որ տասնյակ մարդիկ կրկնեին Նարեկ Մալյանի խոսքը ․ «Դավաճանների տներ այցելել, սուրճ խմելու»։ Նույնը Նարեկ Սամսոնյանի և մյուսների դեպքում։Եվ ինչպես Արցախի, սպասվելիք այլ կորուստների, այնպես էլ քաղբանտարկյալներրի պարագայում, իշխանության «հաջողության» գրավականը մեր հասարակության անտարբերությունն է»։