Միակ ճշմարիտը, բնականն ու տրամաբանականը

Միակ ճշմարիտը, բնականն ու տրամաբանականը

Եվրոպական դիտորդների վարքը Ոսկեպար այցելելիս, երբ նրանք շրջանցել են Իջեւան-Ոսկեպար ճանապարհը, ցույց է տալիս, որ ԵՄ-ն համաձայն է, որ մեր տարածքի այդ հատվածը եւս նվիրվի Ադրբեջանին: Եվ այդ հարցը կարգավորված է Նիկոլի, Իլհամի եւ ԵՄ-ի միջեւ: Ավելի ճիշտ՝ ԵՄ-ն անուղղակի ողջունում է տարածքային այն բոլոր զիջումները, որ կատարվում են այստեղ: Թեկուզ այն տրամաբանությամբ, որ Իջեւան-Ոսկեպար ճանապարհն այսօր պատկանում է Հայաստանին, եւ այն շրջանցելու կարիք չկար: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ այդ տարածքի զիջումը որեւէ ձեւով չի առնչվում սահմանազատման գործընթացի հետ: Դա նույն գործընթացն է, ինչը տեղի ունեցավ Սյունիքի մի շարք տարածքների ու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածի հետ: Եթե այն ժամանակ պարտության խորհրդանիշ անձի կողմից դրա «հիմնավորման» համար օգտագործվեց Գուգլի վիրտուալ քարտեզը, այս անգամ այն փորձում է կապել սահմանազատման հետ: Ամերիկյան այդ կորպորացիան Նիկոլից երեւի պահանջել է իր հիմնավորումների համար օգտագործել այլ գործոններ: Երրորդ․ ինչպե՞ս կարելի է խոսել սահմանազատման մասին, երբ թշնամին զավթել է ՀՀ տարածքի մի մասը եւ ցանկություն չունի հեռանալու այնտեղից:   

Ի դեպ, թշնամին չի ընդունում նաեւ 1991 թվականի Ալմա-Աթայի համաձայնագրի դրույթները: Դա սկզբում ներկայացվում էր անուղղակիորեն՝ հայ-ադրբեջանական սահմանը բնորոշելով որպես պայմանական, իսկ այնուհետեւ ուղղակիորեն բարձրաձայնելով դրա մասին: Իսկ եվրոպական դիտորդներն էլ շարժվում են ոչ թե վերը նշված համաձայնագրի, այլ Բաքվից հնչող պահանջներին համապատասխան: Այդ դեպքում բացարձակ հասկանալի չէ, թե ինչ է ուզում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը ՀԱՊԿ-ից: Եթե Հայաստանի՝ դեպի Արեւմուտք թեքվելը չի խանգարում, որ Արեւմուտքն այդ հարցում եւս աջակցի Ադրբեջանին, ապա ինչո՞ւ պետք է դրա մասին անհանգստանա ՀԱՊԿ-ն: Ուրիշ հարց, որ եթե ՀՀ ղեկավարը լիներ ոչ թե Նիկոլը, այլ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նման մեկը, ապա անվտանգային այդ կազմակերպությունն էլ իրեն կպահեր համապատասխան ձեւով: Այս հանգամանքն է, որ չի ընկալվում նույնիսկ Նիկոլին չընդունող ռուսատյացների կողմից: Իսկ այդ հանգամանքը Հայաստանին զրկում է անվտանգային այն ամպհովանուց, որ հիմնականում նորմալ կատարում էր իր գործառույթը նախքան վարչապետի պաշտոնին Նիկոլի հայտնվելը: 

Եթե ՀԱՊԿ-ն չի խառնվելու, իսկ ԵՄ-ն համաձայն է Տավուշի տարածքների հանձնմանը, ապա ինչ կարող է անել մեր հասարակությունը: Կարող է չեզոք դիտորդի դեր ստանձնել՝ ճիշտ այնպես, ինչպես արել է բազմիցս, hամենայնդեպս՝ 2021-ից այս կողմ: Եվ հերթական անգամ համաձայնել հայրենիքի տարածքի կողմից հարուցվելիք կորստին: Երկրորդ․ կարող է փորձել կանգնել ոսկեպարցիների եւ մյուսների կողքին՝ պաշտպանելու սեփական տանն անվտանգ ապրելու իր իրավունքը: Բայց այդ դեպքում պետք է բախվի իրավապահ համակարգի լրջագույն խոչընդոտներին, ինչը հաղթահարելը բավական բարդ է լինելու: Եվ դեռ հարց է՝ այն տրվելո՞ւ է, թե՞ ոչ: Դրան գումարած՝ թշնամին կարող է օգտագործել մեզանում տիրող քաոսը եւ զավթել ավելին, քան պատրաստ է նրան կամովի հանձնել Նիկոլը: Սակայն որպեսզի խուսափենք այդ ամենից, կա մի երրորդ ճանապարհ՝ միակ ճշմարիտը, բնականն ու տրամաբանականը: Եվ դա, քանի դեռ հնարավոր է, Նիկոլին պաշտոնից հեռացնելն է: Ճիշտ այնպես, ինչպես ինքը հայտնվեց դրանում: