Bakutv-ն եւ Aztv-ն կփոխարինե՞ն ռուսական հեռուստաալիքներին
Եվ այսպես, Ռուսաստան-ՀՀ իշխանություն «հակամարտությունը» մտնում է նոր` հեռահաղորդակցության ոլորտ: Երեկ ԱԺ-ում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի բացառել, որ ռուսական ալիքները Հայաստանում կեթերազրկվեն: Ինչպես գիտենք, 2020 թվականի դեկտեմբերից Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ գործում է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող 3 ռուսական հեռուստաալիքները չպետք է անդրադառնան տեղական ներքաղաքական թեմաներին, չպետք է տարածեն ատելության խոսք եւ այլն։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մշտադիտարկում է հանրային մուլտիպլեքսի ռուսական ալիքները եւ պարբերաբար խախտումներ հայտնաբերում: Խախտումների դեպքում հայտնում է համաձայնագիրը ստորագրած նախարարությանը, նախարարությունն էլ համապատասխան ընթացակարգով դիմում է ռուսական կողմին:
Այդ ենթադրյալ խախտումներից մեկի արդյունքում Հայաստանի տարածքում եթերազրկվեցին Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները։ Հայկական կողմը պնդում է՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։ Ընդ որում, այդ հաղորդումներն արգելափակվել են նաեւ Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում, որոնք պետական չեն եւ որեւէ պարտավորություն չունեին՝ հետեւելու պետական այս կասկածելի որոշմանը։ Արգելափակման հիմնական պատճառ են հանդիսացել փետրվարի 25-ի «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Սոլովյովի եւ Մարգարիտա Սիմոնյանի` Հայաստանի ու Փաշինյանի մասին հնչեցրած մտքերը։ «Հայաստանի հետ ոչ մի խնդիր չէր լինի, եթե 2008-ին մենք չկանգնեինք։ Այ, եթե մենք 2008-ին լուծեինք Վրաստանի խնդիրը, Ռուսաստանը ցամաքային սահման կունենար Հայաստանի հետ, իսկ կյանքը բոլորովին այլ կլիներ Հայաստանում»,- ասել է Սոլովյովը։ «Սահման ընդհանրապես չէր լինի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի հետ, ինչը եւ պետք է լինի»,- հավելել է Մարգարիտա Սիմոնյանը: Այնուհետեւ հնչեցրել են մտքեր, կարծիքներ Նիկոլ Փաշինյանի մասին, որոնք դուր չեն եկել Հայաստանի իշխանություններին եւ նրա կամակատար ՀՌՀ-ին: Սոլովյովն ասել է, որ Հայաստանի իշխանության հետ պետք չէ խոսել, պետք է խոսել ժողովրդի հետ: Ռուսական հեռուստաալիքներ-փաշինյանական իշխանություն «հակամարտությունը» նոր չէ. 2023-ի հոկտեմբերի 23-ին էլ ռուսական Առաջին ալիքն էր եթեր հեռարձակել Փաշինյանին քննադատող մի ծրագիր՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով:
Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներն արգելափակելուց հետո իշխանությունը հիմա էլ չի բացառում Հայաստանում ռուսական ալիքներն ամբողջությամբ եթերազրկելու հնարավորությունը։ Ազգային ժողովում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դիտարկել Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը։ Ըստ տարբեր աղբյուրների, ՔՊ-ական իշխանությունում կողմ են ընդհանրապես ռուսական ալիքները եթերազրկելուն։ Թեեւ կառավարությունն առայժմ նման հրապարակային հայտարարություն չի արել` միայն զոնդաժ են անում։
«Հույս ունենք, որ մեր առաջարկները՝ միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբերյալ, կընդունվեն։ Եթե դրանք չընդունվեն, ապա ես իրականում չեմ բացառում հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- ասաց Հայրապետյանը, առանց մանրամասնելու, թե ինչ խմբագրումներ են առաջարկում զանգվածային հաղորդակցության ոլորտի երկկողմ համաձայնագրում։ Թեեւ Հայրապետյանը շեշտեց, որ այդ հարցում հայկական կողմը շատ կառուցողական է տրամադրված, սակայն իշխանության կողմից մեծ թափ հավաքած հակառուսական քարոզչությունն այլ եզրակացությունների տեղիք է տալիս, հատկապես, երբ հաշվի ենք առնում ԵՄ ցանկությունները` Ռուսաստանին վտարել տարածաշրջանից եւ եթերից զրկել ռուսական հեռուստաալիքները, որպեսզի ռուսական քարոզչությունը չտարածվի Հայաստանում: Իսկ ԵՄ-ն Հայաստանի իշխանությանը «վճարում» է: Չմոռանանք, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը...
Իհարկե, որեւէ երկրի լրագրող իրավունք չունի որոշել այլ երկրի սահմանները եւ մատ թափ տալ որեւէ երկրի իշխանության վրա: ՌԴ իշխանությունը նույնպես թույլ չի տալիս, որ իր երկրի իշխանության հասցեին նման արտահայտություններ հնչեն: Իսկ գերտերության հեռուստաընկերության լրագրող լինելը դա չի արդարացնում եւ չի տալիս լեզուն երկարացնելու իրավունք: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին ու «վիրավորական» հաղորդումներին, ապա դա նորմալ է այս պարագայում, քանի որ Փաշինյանն ինքն է իրեն դրել նման իրավիճակում, որ ոչ միայն դրսում, այլեւ սեփական երկրում չեն հարգում, չեն վստահում եւ իր սխալները տեսնում են բոլորը… Փաշինյանին շատ «սիրում, հարգում ու մեծարում են» միայն ադրբեջանական լրատվամիջոցները՝ է՛լ լեգիտիմ, է՛լ ժողովրդավար, է՛լ խելացի, է՛լ սիրուն, է՛լ ճշտախոս, ինչ գովասանքի խոսքեր ասես՝ չեն գրում ադրբեջանական լրատվամիջոցները, եւ, դա, բնականաբար, անչափ դուր է գալիս ՔՊ-ին ու նրա ղեկավարին: Bakutv-ն ու Aztv-ն գուցե Հայաստանում փոխարինե՞ն ռուսական հեռուստաալիքներին:
Կարծիքներ