Արեւմուտքը հերթական գունավոր հեղաշրջումն է նախապատրաստում Վրաստանում՝ կա՛մ հիմա, կա՛մ աշնանը

Արեւմուտքը հերթական գունավոր հեղաշրջումն է նախապատրաստում Վրաստանում՝ կա՛մ հիմա, կա՛մ աշնանը

Արեւմուտքը հերթական գունավոր հեղաշրջումն է նախապատրաստում Վրաստանում՝ համարելով, որ գործող իշխանությունները բավարար չափով չեն ենթարկվում իրենց հրահանգներին եւ փորձում են առաջնորդվել սեփական երկրի պետական շահերով։ Երկուշաբթի օրը Թբիլիսիում տեղի կունենա հերթական հուժկու հանրահավաքը` ընդդեմ իշխող «Վրացական երազանք» խմբակցության՝ խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա շահերով առաջնորդվող կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի։ Վրաստանի իշխանությունները փորձում են այդ օրենքի միջոցով սահմանափակել օտարերկրյա ազդեցությունը երկրի ներքաղաքական կյանքում, հատկապես որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, Արեւմուտքը, հակառակը` փորձում է հեռացնել գործող իշխանությանը՝ այն համարելով ռուսամետ։

Աշնանը Վրաստանում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները։ Բիձինա Իվանիշվիլու ստեղծած «Վրացական երազանք» կուսակցությունը 2013-ից իշխանության է, եւ բնական է, որ ձգտելու է հերթական անգամ հաղթել ընտրություններում։ Միայն թե իշխանության տարիներին իրականացնելով Արեւմուտքից բավական անկախ քաղաքականություն՝ «Վրացական երազանքն» արժանացավ Արեւմուտքի բացասական վերաբերմունքին։ Պատճառն այն է, որ Վրաստանն ամբողջ ծավալով չմիացավ հակառուսական պատժամիջոցներին եւ ընդլայնեց առեւտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ըստ վրացական ընդդիմության, Վրաստանի իշխանություններն օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել արեւմտյան պատժամիջոցները, այդ թվում՝ զուգահեռ ներմուծման միջոցով, երբ Ռուսաստանին անհրաժեշտ ապրանքները նախ ներմուծվում են Վրաստան, հետո վերաարտահանվում Ռուսաստան։

Արեւմուտքը չէր կարող ներել Վրաստանի իշխանության նման ինքնուրույնության դրսեւորումը, որովհետեւ, իրենց տրամաբանությամբ, եթե Վրաստանն ուզում է դառնալ արեւմտյան կայսրության՝ ԵՄ հպատակ երկիր, իսկ Վրաստանն այդ ճանապարհին է, ապա պարտավոր է կատարել այնտեղից իջեցվող բոլոր հրահանգները, անկախ նրանից՝ դրանք հակասում, թե համապատասխանում են երկրի շահերին։ Վերեւից՝ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից իջեցված հրամանները չեն քննարկվում, ենթակա են պարտադիր կատարման։ Քանի որ Վրաստանի իշխանությունները դրսեւորել են ինքնուրույնություն եւ պաշտպանել են իրենց երկրի ինքնիշխանությունը, նրանք ենթակա են հեռացման, որը պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների միջոցով` այս տարվա աշնանը։

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը բավական լավ են պատրաստվել այդ իրադարձությանը, եւ արեւմտյան երկրների դեսպանատների, տարբեր հիմնադրամների կողմից Վրաստանում ֆինանսավորվել են բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Նրանց խնդիրը պետք է լինի՝ աշնանը կազմակերպել հակակառավարական հանրահավաքներ եւ հասնել իշխանության հեռացմանը։ Արեւմուտքն ասում է․ եթե ուզում եք գնալ ԵՄ, ստանալ ԵՄ անդամի կարգավիճակ, պետք է մերժեք գործող իշխանությանը, եթե չմերժեք` կզրկվեք ԵՄ թեկնածուի կարգավիճակից, այլեւս չեք ունենա առանց մուտքի արտոնագրի ԵՄ այցելելու իրավունք։ Սա, իհարկե, ազդում է հանրային տրամադրությունների վրա, ձեւավորում է համապատասխան մթնոլորտ․ գունավոր հեղափոխությունների սցենարները եւ տեխնոլոգիաներն Արեւմուտքում շատ լավ հղկված են եւ գործում են գրեթե անթերի։ 

Վրաստանի իշխանությունները, ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, որոշեցին ընդունել օրենք, որը կսահմանափակի արեւմտյան ֆինանսավորում ստացող կազմակերպությունների գործունեությունը՝ շրջանառության մեջ դնելով, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որն իշխանությանը հնարավորություն կտա վերահսկողություն սահմանել այդ կազմակերպությունների ֆինանսավորման եւ գործունեության նկատմամբ։ Առաջին նման փորձն արվեց 2023-ի փետրվար-մարտին, բայց այն ժամանակ իշխանությունները, տեղի տալով նույն այդ միջազգային ֆինանսավորում ունեցող կառույցների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին, հետքայլ արեցին եւ օրենքը հանեցին շրջանառությունից։ Հիմա այն կրկին դրվել է շրջանառության մեջ, եւ հիմա նույն հակազդեցությունն է` նույնիսկ ավելի կոշտ, որովհետեւ եվրոպական երկրները հանդես են գալիս ավելի կոշտ զգուշացումներով եւ պահանջներով։ Մասնավորապես, խոսք է գնում օրենքի ընդունման դեպքում Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, այդ թվում եւ նրան ԵՄ անդամի կարգավիճակից զրկելու մասին։

Թվում է, թե Վրաստանի իշխանություններն իզուր գնացին նման քայլի, իզուր իրենց դեմ հանեցին արեւմտյան հանրությանը եւ նրա վրացական կողմնակիցներին։ Կարող էին առնվազն սպասել մինչեւ ընտրությունները եւ ընտրությունների միջոցով պաշտպանել իրենց իշխելու իրավունքը։ Բայց եթե նրանք սպասեին մինչեւ ընտրությունները, ապա այդ ժամանակ անհնար կամ շատ դժվար կլիներ պայքարել արեւմտյան հեղաշրջման սցենարի դեմ, որովհետեւ ընտրություններն ակտիվացնում են հասարակությանը եւ էլ ավելի են ռադիկալիզացնում նրան։ Վրաստանի իշխանությունը որոշել է ընդդիմությանը կոտրել մինչեւ ընտրությունները, այն հաշվարկով, որ եթե հիմա հնարավոր լինի կոտրել ընդդիմության դիմադրությունը, աշնանը հեշտությամբ կկարողանա արձանագրել իր հաղթանակը։ Նրանց տրամաբանությամբ, եթե Արեւմուտքն ուզենա գունավոր հեղաշրջում իրականացնել հիմա, երբ չկա ընտրական պրոցես, այլ կա միայն մերժելի օրենքի նախագիծ, ապա դա անհամեմատ ավելի դժվար կլինի անել, քան աշնանը, երբ լինեն ընտրություններ, եւ Արեւմուտքը գուցե չճանաչի «Վրացական երազանքի» հաղթանակը եւ հաղթող ճանաչի այլ ուժի։ Նման դեպքեր ժամանակակից պատմության մեջ բազմաթիվ են՝ Սիրիա, Վենեսուելա եւ այլն։ Հիշում եք, չէ՞, որ Վենեսուելայում Արեւմուտքը չէր ճանաչում Մադուրոյի հաղթանակը եւ օրինական իշխանություն էր ճանաչում Գուայդոյին, բայց, ի վերջո, համակերպվեց այն մտքի հետ, որ Գուայդոն իշխանություն չունի։ Բելառուսում էլ հաղթած նախագահ էին ճանաչում Տիխանովսկայային, եւ մինչեւ վերջերս նրա հետ էին արեւմտյան առաջնորդները հանդիպում։

Կհաջողվի՞ Արեւմուտքին հեղաշրջում կազմակերպել Վրաստանում եւ հեռացնել գործող վարչախմբին, այս պահին դժվար է ասել․ մի բան պարզ է, որ Արեւմուտքը տիրապետում է բավական լայն գործիքակազմի, որը գործում է շատ հստակ եւ արդյունավետ։ Բայց Վրաստանի իշխանություններն էլ ցույց են տալիս, որ մտադիր չեն հանձնվել եւ պատրաստ են պայքարի։ Բելառուսում Արեւմուտքը պարտվեց, որովհետեւ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հասկացրեց, որ Արեւմուտքից իջեցված հրահանգներն իր համար պարտադիր կատարման ենթակա չեն, եւ Արեւմուտքը չկարողացավ ազդել իշխանական թիմի վրա, կազմաքանդելով եւ նախագահի դեմ հանելով իշխանական վերնախավը։ Հնարավոր է, որ Վրաստանում եւս Արեւմուտքը տապալվի, եւ այդ դեպքում Վրաստանը կդառնա անհամեմատ ավելի պրոռուսական երկիր, քան հիմա է, եթե, իհարկե, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն որոշեն պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ նրան մղելով ամբողջապես հայտնվել Ռուսաստանի գրկում։ Չնայած Վրաստանում Արեւմուտքի հաջողվելու հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ վրացական հասարակությունն անհամեմատ պրոեվրոպական է, այն արդեն ճաշակել է եվրոպական ինտեգրացիայի քաղցրությունը եւ չի ուզենա այն փոխարինել պատժամիջոցներից առաջացող դառնությամբ։

Մի կարեւոր հարց եւս․ եթե Արեւմուտքը հեղաշրջումներ է իրականացնում Հայաստանում, Վաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, ապա ինչո՞ւ նույնը չի անում Ադրբեջանում։ Չէ՞ որ նրանք Բիձինա Իվանիշվիլուն հռչակել են օլիգարխ, Ռուսաստանի գործակալ, լիբերալ ազատական արժեքների մեծագույն թշնամի։ Մի՞թե Իվանիշվիլուց ավելի մեծ օլիգարխ չէ Ալիեւը, թե՞ նա եվրոպական արժեքների նվիրյալ է եւ Ռուսաստանի երդվյալ թշնամի։ Իհարկե, ոչ մի նման բան էլ չկա․ ուղղակի Ալիեւն այնքան խելոք է, որ ի սկզբանե իր երկրում վերացրել է արեւմտյան ազդեցության ցանկացած դրսեւորում` լինեն քաղաքական կուսակցություններ՝ ԶԼՄ-ների, թե ՀԿ-ների տեսքով։ Բացի դա, Ալիեւը չի հայտարարում, որ իր մանկության երազանքն Ադրբեջանը ԵՄ անդամ դարձնելն է, նրա ինքնիշխանության եւ անկախության ոչնչացումը։ Ալիեւը բոլորի հետ փոխշահավետ առեւտուր է անում՝ ցույց տալով, թե ինչպիսին է իրական անկախությունը` ե՛ւ հյուսիսից, ե՛ւ արեւմուտքից։ Սա է իրականությունը, որքան էլ այն մեզ դուր գա կամ չգա։

Ավետիս Բաբաջանյան