Իրական vs պատմական հակադրումը Փաշինյանի ուղեղում է, ներդաշնակումը՝ Վեհափառի ձեռքում

Իրական vs պատմական հակադրումը Փաշինյանի ուղեղում է, ներդաշնակումը՝ Վեհափառի ձեռքում

Ընթացիկ շաբաթ ՀՀ ԱԺ-ում 2023թ․ բյուջեի կատարողականի քննարկման համատեքստում Փաշինյանը երեւի իր կյանքի «ամենաինտելեկտուալ» ելույթն է ունեցել։ Այն առումով, որ ինտելեկտուալ բանավեճի թեմա է արծարծել՝ այն ձեւակերպելով «իրական Հայաստանը՝ ընդդեմ պատմականի» բառակապակցությամբ։ Մինչդեռ եթե Փաշինյանի մտավոր ունակությունները խիստ համեստ չլինեին, փիլիսոփայական-պատմական-քաղաքական dilemma-ն, որին բախվել է՝ իր ըմբռնման համար խիստ բարդ, ապա ավելի գիտակից հարցադրում կկատարեր․ ոչ թե «պատմական vs իրական Հայաստան», այլ, դիցուք, «հայության եւ Հայաստանի խնդիրների տարբերություն»։ 

Դեռ համալսարանական լսարաններում, Logica՝ տրամաբանություն, առարկայից բոլորիս սովորեցրել են, որ ճիշտ պատասխանի հանգելու համար պետք է նախ ճիշտ հարցադրում կատարել։ Փաշինյանը, որքան էլ իր մտավոր կարողությունների համար բարդ լինի, պետք է փորձի գիտակցել, որ աշխարհում կա 10 միլիոն սփյուռքահայություն, որի ազգային ինքնագիտակցությունը խարսխվում է բացառապես եւ միայն պատմական Հայաստանի վրա։ Այնուհետեւ կա Հայաստանի Հանրապետության սահմաններում ապրող, ՀՀ քաղաքացիություն ունեցող մոտ 3 միլիոն հայություն, որի համար գերական ու անսակարկելին Հայաստանի Հանրապետության շահն է՝ միշտ եւ ընդդեմ ամենայն ինչի։ Եթե Փաշինյանին հաջողվի սփյուռքահայության եւ Հայաստանի հայության հոգեկերտվածքի եւ խնդիրների տարբերություններն ընկալել, այդ ժամանակ  «իրական Հայաստանն ընդդեմ պատմականի» դիխոտոմիա չի քարոզի, այլ հայության եւ Հայաստանի  խնդիրների տարբերություններից կխոսի։

«Հայության եւ Հայաստանի խնդիրների տարբերություն» ձեւակերպումն իրեն կփրկի մտավոր ու հոգեկան տվայտանքներից եւ, ամենակարեւորը՝ կործանարար ընթացքից, որովհետեւ պատմական Հայաստանը զոհաբերես իրականին, թե իրականը՝ պատմականին, երկու դեպքում էլ գնում ես կործանման, մի դեպքում կործանում ես 10 միլիոնանոց սփյուռքը՝ իր ներուժով, ներկայությամբ, իրավունքներով, մյուս դեպքում կործանում ես Հայաստանը, նվազագույնը՝ ինքնիշխանությամբ կամ տարածքով։ Դրանով էլ նման հակադրումը՝ հայության եւ Հայաստանի, հայության խնդիրների եւ Հայաստանի խնդիրների, մահու չափ հակացուցված է։ 

Ի դեպ, այդ փակուղային հակադրության մեջ մենք արդեն եղել ենք։ Փաշինյանի «պատմական vs իրական Հայաստանը» ոչ այլ ինչ է, քան  երեք տասնամյակ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի միջեւ ընթացած «սովորական ազգ», թե «համաշխարհային ազգ» վեճի նոր արծարծումը։ Ամենքս գիտենք, որ Մանուկյանն ասում էր, թե մենք «համաշխարհային ազգ» ենք եւ մեր առջեւ կարող ենք Հայաստանի սահմաններից անդին խնդիրներ դնել, այդ մասշտաբում մտածել, դրանց լուծմանը հետամուտ լինել։ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ոչ, մենք ոչ մի համաշխարհային առաքելություն էլ չունենք, սովորական ազգ ենք, ինչպես պետականություն ունեցող բոլոր ազգերը, եւ պետք է պետության խնդիրներով զբաղվենք։ Հասկանալիորեն, երկու դիրքորոշումների մեջ էլ կար ե՛ւ ճիշտ, ե՛ւ սխալ հանգամանք։ Վազգեն Մանուկյանի դիրքորոշման մեջ ճիշտ է այն, որ ավելի քան 13 միլիոն կազմող հայ ժողովուրդը, որն ապրում է երկրագնդի վրա, համաշխարհային կամ համաշխարհային սփռվածության ազգ է։ Ճիշտ է, որ այդ 13 միլիոնանոց հայության մաս կազմող 10 միլիոն սփյուռքահայությունը կարող է իր առջեւ դնել Հայաստանի սահմաններից անդին գտնվող խնդիրներ եւ դրանց լուծմանը հետամուտ լինել, ընդհուպ մինչեւ Սեւրի դաշնագրով ճանաչված արեւմտահայության իրավունքների բարձրաձայնում, միջազգային արծարծում եւ պահանջատիրություն։ Սակայն այդ ընթացքի մեջ երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող ներքաշվել Հայաստանի Հանրապետությունը։ Այս որոշիչ հանգամանքը պրն Մանուկյանն անտեսում էր կամ չէր շեշտում։

Ճիշտ այնպես, ինչպես հրեաները կամ պաղեստինցիները՝ ի դեմս Համաշխարհային հրեական կոնգրեսի կամ Պաղեստինի ազատագրության կազմակերպության, ստեղծեցին հայրենադարձությանը հետամուտ ազգային կառույցներ եւ միջազգային ատյաններում հասան իրենց իրավունքների ճանաչմանը, նույն ուղին անցնելու շատ ավելի մեծ հիմքեր եւ իրավունքներ ունեն Սեւրի դաշնագրի վիժեցման արդյունքում հայրենազուրկ դարձած արեւմտահայության բազմամիլիոն սերունդները։ Դա սփյուռքահայության խնդիրն է, եւ այդ խնդիրը 30 տարի լռության մատնելն է Թուրքիային այդպես լկտիացրել, որ ՀՀ սահման է փակում, Ադրբեջանի փաստաբանությունն է անում, կամ տգետ Էրդողանը գնում եւ 3 հազար տարի առաջ Ուրարտուի հայկական պետության եւ արքայատան հիմնադիր Արամեի մայրաքաղաք Մանազկերտում, որտեղ թյուրքական ցեղախմբերը հայտնվել են 2 հազար տարի հետո՝ 1071-ին, ճամարտակում է, թե «մենք այստեղ միշտ եղել ենք եւ չենք հեռանա»՝ մոռանալով, որ իրենք Մանազկերտից էլ, մնացյալ հայկական տարածքներից էլ գրողի ծոցն էին շպրտվել ընդամենը հարյուր տարի առաջ եւ վերադարձան շնորհիվ ռուսների, 1920-ին Սեւրի դաշնագրի դեմ Լենին-Աթաթուրք տանդեմի գործակցության։ 

30 տարվա մեծագույն սխալ էր հայկական սփյուռքի ներուժնը Արցախի կամ Հայաստանի խնդիրների վրա վատնելը, երբ Սեւրի դաշնագրով ամրագրված իրավունքները կարոտ են սփյուռքի հետապնդմանը եւ պահանջատիրությանը։ Ինչո՞ւ պաղեստինցիները կարող են 1948-ի իրենց տեղահանումն ու Nakba-ն այսօր միջազգային թեմա դարձնել, իսկ հայկական սփյուռքն անհամեմատ մասշտաբային ու վայրագ հանցագործությունները՝ իրենց նախնիների հանդեպ կատարված, անհամեմատ մեծ իրավունքները՝ իրենց նախնիներին վերապահված, չեն կարող ասպարեզ բերել եւ հետամուտ լինել՝ Թուրքիայի համար  ստեղծելով այնքան խնդիր ու թեմա, որոնց միջից այդ երկիրը երբեք դուրս չգար։ Թուրքիային ոչ թե կամ ոչ միայն հայոց ցեղասպանության մեջ պետք է մեղադրել, այլ հատկապես Սեւրի միջազգային դաշնագրով ճանաչված հայկական տարածքները զավթելու, Հայկական բարձավանդակի պատմությունը կեղծելու, 1915-ին տեղահանված 1,5 միլիոն հայության տնտեսական, ֆինանսական կարողությունները յուրացնելու, հայկական 4500-ամյա մշակութային ժառանգությունը խեթականի, լուվիականի, հեթիթականի, հուրիականի ու չգիտես էլ ինչ ցնդաբանությունների անվան ներքո օտարել փորձելու համար։ Այլ հարց, որ սա չի կարող անել հայությունը՝ ՀՀ-ն ներառյալ, այլ լոկ հայկական սփյուռքը՝ առանց ՀՀ-ի։ 

Գալով Տեր-Պետրոսյանին, անշուշտ, նա ճիշտ էր իր դիրքորոշման մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի որպես պետություն, ոչ թե ազգային իղձերի հետապնդման պլացդարմ, եւ այստեղ քննարկելու ոչինչ չկա։ Մտածել, որ Հայաստանի Հանրապետության առաքելությունը, ասենք, Արցախը Հայաստանին ինտեգրելն է կամ Թուրքիայի հետ հակադրությունը, սխալ է ոչ միայն թեորիայում, այլեւ, ժամանակն ապացուցեց՝ գործնականում։ Որքան էլ Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանում իշխանության եկածներն օրիբուն կրկնում էին, թե առանց Ղարաբաղի չկա Հայաստան, ի վերջո 30 տարի Լեռնային Ղարաբաղի թեմայով այնքան հոգնեցրին, որ երբ 2020-23-ին Արցախը պատերազմում պարտվեց, հետո էլ հայաթափվեց, Հայաստանում դա հետեւանք չառաջացրեց՝ մի քանի հանրահավաքային ալիքներից բացի։  Քարոզչությամբ կարելի է ծխածածկույթ բարձրացնել, բայց հնարավոր չէ իրականություն փոխել։ Տեր-Պետրոսյանը բացարձակապես ճիշտ էր, որ 1997-ի բանակցություններով  ավարտում-փակում էր Արցախի թեման, Հայաստանին հնարավորություն տալով շրջելու այդ՝ այն ժամանակ դեռ հաղթական էջը եւ նայելու ապագային։ Սակայն Տեր-Պետրոսյանը նույնքան սխալ էր, որ սփյուռքահայության համար սեփական խնդիրներով զբաղվելը չէր կարեւորում, այլ հակառակը՝ ջանում էր, որքան կարող է, սփյուռքին զբաղեցնել եւ ծանրաբեռնել Հայաստանի խնդիրներով։ Ընդսմին հետաքրքիր է, եթե Տեր-Պետրոսյանն այդպիսի անհոգությամբ սփյուռքի ներուժը վատնում էր Հայաստանի եւ Արցախի վրա, հետագայում, ինչ է, Հայաստանը կամ Արցախն իրենց վրա՞ էին վերցնելու սփյուռքի խնդիրներին հետամուտ լինելը, ասենք, Սեւրի դաշնագրի ուղղությամբ։ Իհարկե՝ ոչ։ 

Այսպիսով, համազգային ընդգրկման սխալներ մեզնից առաջ լիուլի արվել են, եւ այդ սխալների հիմքում հաճախ նույն խեղված հակադրությունն է եղել, որ այսօր Փաշինյանն է ձեւակերպում։ Հայոց ժառանգության եւ իրավունքների, դրանց իրագործման հարցում Հայաստանի ու սփյուռքի խնդիրների տարբերությունը։ Մեկ դար շարունակ այդ սխալների մեջ դեգերելուց հետո, ժամանակն է վերջապես գիտակցելու, որ չպետք է ձեւակերպվեն խնդիրներ՝ ողջ հայության համար, այլ խնդիրներ՝ հայության տարբեր հատվածների համար։ Ոչ թե պատմական Հայաստանը պետք է հակադրել իրականին, այլ այդ երկուսը ներդաշնակել։ Ընդսմին, սա չի կարող անել ՀՀ որեւէ իշխանություն կամ իշխանավոր, որովհետեւ Հայաստանն ընդամենը ՀՀ 3 միլիոն ազգաբնակչությունը եւ պետականությունը ներկայացնող կողմն է՝ 13 միլիոնանոց համահայկական հարթությունում։ 

Ակնբախ է, որ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածներին ի մի բերել, նրանց գործողությունները ներդաշնակել, նրանց առջեւ հատվածական խնդիրներ դնել կարող է միայն համայն հայությանը ներկայացնող ինստիտուտը։ Նման ինստիտուտներ կայացնում է ժամանակը, հետեւաբար, նոր ինչ-որ բան ստեղծվել չի կարող։ Իսկ պատմականորեն, ասում են, դեռ Հայկազունիների ու Արատտայի ժամանակներից, Ուրարտուով եւ այլն, մենք ունեցել ենք աշխարհիկ-կրոնական ժողովի ինստիտուտ, որ քրիստոնեության ընդունումից հետո էլ աշխարհիկ-կրոնական բնույթը պահպանել է։ 

Սակայն այդ ժողովները հրավիրում է Վեհափառը, եւ վերջին 100 տարում էլ դրանք գումարվել են միայն Ամենայն հայոց կաթողիկոսներ ընտրելիս։ Այժմ Փաշինյանը թող մտածի, գուցե գնա Վեհափառի մոտ, նախ իր անտակտությունների համար ներողություն հայցի, ապա խնդրի, որ Վեհափառը քայլ ձեռնարկի համայն հայությանը ներկայացնող աշխարհիկ-կրոնական ինստիտուտը պարբերաբար գումարվող մարմնի վերածելու, որտեղ նաեւ աշխարհիկ-ազգային հարցեր բարձրացվեն, գումարումների միջեւ էլ մշտական գործող մարմին հաստատվի։ Այդտեղ արդեն կարելի է քննարկել, թե որն է Հայաստանի առաքելությունը, որը՝ սփյուռքի, որը՝ Արցախի եւ այլն, ով ինչ կարող է եւ չի կարող անել։ 

Անշուշտ, այդ քննարկումները վաղը չեն դառնալու որոշում, հաջորդ օրն էլ՝ գործողություն, բայց նման ատյանի հաստատումը, որտեղ հայության բոլոր հատվածները համազոր են, ուղիղ հաղորդակցվում են, ներազգային հակադրումները կվերացնի, դերերի եւ խնդիրների ներդաշնակում կբերի։ Այդտեղ արդեն պատմական Հայաստանի վրա Փաշինյանի կարճամիտ հարձակումները 10 միլիոնանոց սփյուռքի գոյության եւ ինքնագիտակցության հիմքերը չեն սասանի։ Նաեւ Փաշինյանի՝ գույժից չտարբերվող ելույթներից Հայաստանում տարածվող անորոշությունն ու անհանգստությունը գուցե այդքան ճնշող չլինի։ Այլ ելք չի երեւում, թե Փաշինյանն ունի։