Մարդիկ, ովքեր չեն հասկանում այդ աշխատանքի իմաստը, չպետք է զբաղեցնեն նման պաշտոն
Ուղիղ մեկ տարի առաջ` 2023-ի ապրիլի 12-ին, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անահիտ Մանասյանը, ով դեմ էր, այսպես կոչված, դատաիրավական բարեփոխումներին եւ հարցազրույցների ժամանակ քննադատում էր դրանք, նշանակվեց մարդու իրավունքների պաշտպան: Գուցե ամեն բան այլ լիներ, եթե նա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին չլիներ: ՄԻՊ-ը երեկ հայտարարություն է տարածել իր պաշտոնավարման մեկամյակի կապակցությամբ՝ նշելով. «Ինձ համար մարդու իրավունքների պաշտպան լինելը պարզապես աշխատանք չէ, այլ՝ կենսակերպ: Լինել պաշտպան՝ նշանակում է լինել հոգատար, մարդասեր, կարեկից, ապրումակցող եւ պրոֆեսիոնալ եւ այդ ամենն իրականացնել ոչ թե որպես հերոս երեւալու ձգտումով, այլ վերը նշված պատճառները նկատի ունենալով»: ՄԻՊ-ի աշխատանքի մասին զրուցել ենք իրավապաշտպան, Երեւանի ավագանու անդամ Նարե Արամյանի հետ:
- ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշում է պաշտոնավարման 1 տարին եւ ասում է` ՄԻՊ լինելը աշխատանք չէ, այլ՝ կենսակերպ: Իսկ ինչպիսի կենսակերպ է` ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, բռնի տեղահանված հայրենակիցներ, ի՞նչ է անում ՄԻՊ-ը:
- Օ, պետք է բոլորս մեծ շուքով նշենք նրա ՄԻՊ դառնալու 1 տարին (ծիծաղում է): Իրականում` ես ողջունում եմ, որ մարդիկ իրենց առաքելությունն ընկալում են որպես իրավապաշտպանի, սակայն պաշտոնատար անձանց կողմից նման որակումները գնահատում եմ ոչ կոռեկտ, ավելին` ես այդ հայտարարության մեջ հեգնանք նկատեցի: Մի երկրում, որտեղ աճում են հանցագործությունները, պետությունը կամայականություններ է թույլատրում շատերին: Տեսնում ենք, թե ինչպիսի հաշվետվություններ են ներկայացվում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից` Հայաստանում ժողովրդավարության բացակայության ու հետընթացի մասին: Հայաստանում ահաբեկչական մթնոլորտ է, եւ հատկապես տեղեկատվական դաշտում առկա նյութերը թույլ են տալիս պնդելու, որ մարդու իրավունքների ինստիտուտը գնալով շատ ավելի թուլացնում է զարգացում գնացող միտումները: Շատ ցավալի է սա` եվրոպական վարկանիշի տեսանկյունից: Եթե անգամ մի կողմ թողնենք այս ամենը, կարող ենք արձանագրել, որ այս իրականությունն ուղղակիորեն ազդում է քաղաքացիների առօրյայի վրա: Այսօր ոչ ոք ապահովագրված չէ ամեն րոպե իրավական համակարգի «զոհը» դառնալուց եւ անհիմն մեղադրանքներով, կոշտ, բիրտ, մարդու իրավունքները ոտնահարող, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով բերման ենթարկվելուց, կալանավորվելուց եւ շինծու մեղադրանքներով դատապարտվելուց:
- Անահիտ Մանասյանն ասում է` լինել ՄԻՊ, նշանակում է լինել հոգատար, մարդասեր, կարեկից, ապրումակցող եւ պրոֆեսիոնալ: Այս խոսքերից ո՞րն է իրեն բնութագրում:
- Ես միանշանակ կարող էի այս հայտարարության հետ համամիտ լինել, եթե այդ բոլոր մարդկային որակները լինեին չափելի: Որպեսզի մենք կարողանանք ինչ-որ մեկի մարդասիրությունն ու ապրումակցման զգացումը տեսնել, նախ պետք է շփվենք նրա հետ, ճանաչենք նրան: Ինձ թվում է` մենք կարող ենք բավարարվել նրա ամենօրյա աշխատանքը տեսնելով: Պետք է նման աշխատանք կատարվի: Ասեմ ավելին` խնդիրն այն է, որ ամեն բան գնալով դիտարկվում է որպես իմիտացիա: Խնդիրն այն չէ, որ աշխատողների պակաս կա, ՀԿ-ներին այս առումով նույնպես կարող ենք ներառել, խնդիրն այն է, որ զգալի քայլեր այս առումով չեն արվում:
- Եթե Հայաստանն իսկապես լիներ դեմոկրատ երկիր, ինչպիսի՞ն պետք է լիներ ՄԻՊ-ի գործառույթը:
- Նախ ասեմ, որ Հայաստանը երբեք ժողովրդավար երկիր չի եղել եւ առաջիկա տարիներին չի էլ լինի, սակայն նախկին իշխանությունների ժամանակ գոնե այս գործողությունները չեն եղել իմիտացիոն բնույթի: Հիմա լրիվ այլ է: Պետք է աշխատանքը լինի թափանցիկ, հասարակությունը պետք է վստահի մարդու իրավունքների պաշտպանին, ես այսօր նման վստահություն չեմ տեսնում: Իսկ ժողովրդավար երկրներում ՄԻՊ-ի գործունեությունը խիստ կարեւոր է, հատկապես եթե երկրում առկա են նման ցնցումներ, ինչպիսիք այսօր Հայաստանում են: Մեր երկիրը հայտնվել է ոչ սովորական վիճակում, պատերազմ է եղել, զանգվածային բռնի տեղահանում: Գործուն քայլեր են այսօր հարկավոր ՄԻՊ ինստիտուտի կողմից, որոնք պարզապես չեն արվում:
- Անահիտ Մանասյանի կաշկանդվածությունն ինչո՞վ է պայմանավորված: ՄԻՊ-ն անկախ մարմին է, մենք ունենք օրինակներ, երբ իշխանության կողմից նշանակված ՄԻՊ-երը որոշ ժամանակ անց նույն իշխանության դեմ են դուրս եկել` գիտակցելով իրենց գործի կարեւորությունը:
- ՄԻՊ-ը պարտավոր է լինել անկախ: Պետք է սկզբունքային մոտեցում ցուցաբերել: Իսկ ինչո՞ւ է պարտադիր ՄԻՊ-ի անկախությունը, որովհետեւ այն ստեղծված չէ իշխանությանը ծառայելու կամ իշխանությանը պաշտպանելու համար: Ի դեպ, այս տարի լրանում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 20-ամյա, ես կարող էի ասել՝ տարեդարձը, եթե լիներ այլ իրավիճակ, բայց ինձ թվում է՝ որոշ ժամանակ անց կնշենք ՄԻՊ ինստիտուտի տարելիցը: Մարդիկ, ովքեր չեն հասկանում այդ աշխատանքի իմաստը, չպետք է զբաղեցնեն նման պաշտոններ, իսկ եթե ավելի վատ` գիտակցում են, սակայն անում են այնպես, ինչպես իրենց է շահեկան, այդ դեպքում պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Կարծիքներ