Մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվել` այս հայհոյված իշխանությանը հայհոյելու համար

Մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվել` այս հայհոյված իշխանությանը հայհոյելու համար

2018-ի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու»: Այդ հայտարարությունից 6 տարի անց Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ` Մամիկոն Ասլանյան, Արմեն Աշոտյան, Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան, Նարեկ Մալյան, Միքայել Արզումանյան: Անգամ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներից ոմանք` ընդդիմադիր հայացքների պատճառով, հայտնվեցին բանտերում` Գայանե Մարտիրոսյան, Գարիկ Գալեյան: Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

«Այսինքն՝ մտածո՞ւմ եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դառել, վրեժ եմ լուծում։ Նախ՝ քեռին շոկոլադ տվել է, հետո՝ բա խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, դա ի՞նչ է, ձեզ համար է, դա ձեր արժեքային համակարգն է։ Մեկ էլ ասում են՝ էսինչը քաղբանտարկյալ է, կներեք, դուք ինչի՞ քաղբանտարկյալ չեք։ Այսինքն՝ դրանով ասում եք, որ նրանք, ովքեր բանտում են, «ասերն» են, ստեղ մնացել է այն ընդդիմությունը, որն իշխանությանը չի սպառնում, իսկական «ասերը», որից սարսափում է իշխանությունը․․․ »,- ասել է վարչապետը` դիմելով խորհրդարանում գտնվող ընդդիմադիրներին: Իսկ 2018-ի օգոստոսի 17-ին նա բղավում էր. «Ներհայաստանյան հարցերում բռնություն չի լինելու, ես դա երաշխավորում եմ, ով կփորձի այս կանոնը խախտել, ՀՀ օրենքի ողջ խստությամբ կպատժվի», բայց այսօր համատարած խախտվում է այդ կանոնը: Շաբաթներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես անհամաչափ ուժի կիրառմամբ, բռնություն գործադրելով՝ ձերբակալեցին, ապա կալանավորեցին Նարեկ Սամսոնյանին: 

Փաստաբան Վահե Եփրիկյանը, անդրադառնալով այս թեմային, ասում է, որ այսօր Հայաստանում քաղբանտարկյալների պակաս չկա, եւ դատարաններում` քաղաքական գործերով վճիռների վերեւում այսուհետ ոչ թե պետք է գրվի՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» եւ դրվի ՀՀ-ի գերբը, այլ պետք է գրվի` «հանուն Նիկոլ Փաշինյանի», իսկ ՀՀ-ի գերբի փոխարեն լինի Ադրբեջանի դրոշը։ «Բազմաթիվ միջազգային ակտերով, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով հստակ սահմանվել են քաղբանտարկյալ ասվածի չափորոշիչները: Դրանցից պարզագույնը հետեւյալն է. եթե նույնական արարքի համար մեկին կալանավորում են, մյուսի դեմ անգամ գործ չի հարուցվում կամ ընտրվում է այլ խափանման միջոց, դա նշանակում է, որ ազատազրկվածը միանշանակ քաղբանտարկյալ է:

Ամենացցուն օրինակը. Մամիկոն Ասլանյանը տեւական ժամանակ է՝ գտնվում է անազատության մեջ, բայց մենք ունենք բազմաթիվ նմանաբնույթ գործեր, ըստ որոնց` պրոիշխանական գործիչները ոչ միայն ազատության մեջ են գտնվում, այլեւ անգամ դատարանի առաջ չեն կանգնում, չկան հարուցված վարույթներ: Նույնը կարող ենք ասել Արմեն Աշոտյանի մասին: Ամսի 11-ին տեղի ունեցավ նրա գործով դատական նիստը, միջնորդվել էր մեծ գրավ եւ երաշխավորություն, անգամ առաջարկվել էր կիրառել տնային կալանք, ի դեպ՝ տնային կալանքը նույնպես խստագույն խափանման միջոց է, փաստացի` կալանքից հետո ամենախիստ միջոցը, սակայն դատարանն անդրդվելի է: Նույն բանը կարող ենք ասել բոլոր քաղբանտարկյալների` Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի եւ Նարեկ Մալյանի մասին: Գուցե անվանապես բոլորին չեմ նշում, բայց այսօր Հայաստանում քաղբանտարկյալների պակաս չկա: Ի դեպ, բոլորի անունները չհիշելը նույնպես փաստում է քաղբանտարկյալների աննախադեպ առատության մասին: Մեր հասարակության մեջ քաղբանտարկյալների առկայությունը դարձել է նորմալ երեւույթ: Ծանր վիրավորանքի տխրահռչակ` 137.1 հոդվածը, որով մի շարք մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվել` այս հայհոյված իշխանությանը հայհոյելու համար: Եկեք մեդալի հակառակ կողմն էլ նայենք: Գոնե մեկ դեպք կարո՞ղ ենք արձանագրել, որ, դիցուք, ինչ-որ նիկոլական դատարանի առաջ կանգնի ընդդիմադիր պատգամավորներին հայհոյելու համար: Չկա նման դեպք: Օրենսդիր իշխանության համար նման տարբերակումներ չպետք է լինեն: Ցանկացած պատգամավոր օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, ի՞նչ տարբերություն, որ ընդդիմադիր է, ո՞վ է որոշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորին կարելի է վիրավորել, ՔՊ-ականին` ոչ:

Պետք է ֆիքսել, որ տեւական ժամանակ Հայաստանում օրենսդիր իշխանության կողմից անտեսվել են բոլոր այն դեպքերը, երբ հայհոյում են ոչ ՔՊ-ական ֆրակցիաներին: Սա ամենացցուն օրինակն է՝ այս համակարգի մասին կարծիք հայտնելու համար: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Հայաստանում չկան քաղբանտարկյալներ», նույն Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ասում է, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են, որ հայը պետք է պատմական հայրենիքը պետությունից զանազանի եւ այլն: Նա փորձում է Վանո Սիրադեղյանից գրագողություն անել, սակայն Սիրադեղյանն իր հայտնի ստեղծագործության մեջ, երբ առաջ է քաշում պատմական հայրենիքի ու պետության տարբերությունը, բնավ նկատի չունի, որ հայրենավաճառությունը լավ բան է: Նիկոլ Փաշինյանի կարիերայի էությունը կարելի է մեկ բառով բնութագրել` սուտ: Ես առաջարկում եմ Փաշինյանին Հակակոռուպցիոն դատարան ուղեկցել, որտեղ ընթանում է Արմեն Աշոտյանի դատական նիստը, առաջարկում եմ նրան ուղեկցել «Նուբարաշեն» ՔԿՀ: Օգտվելով առիթից՝ ասեմ, որ դատարաններում քաղաքական բնույթ ունեցող գործերի վճիռների, որոշումների վրա ոչ թե պետք է ՀՀ գերբը լինի, վերեւում էլ գրված լինի` հանուն ՀՀ-ի, այլ պետք է գրվի` հանուն Փաշինյանի, իսկ վերեւում փակցվի Ադրբեջանի դրոշը»,- եզրափակեց փաստաբանը: