«Հրապարակ». Եթե մարդու գլուխը ցավում է, այն ոչ թե կտրում են, այլ՝ բուժում

«Հրապարակ». Եթե մարդու գլուխը ցավում է, այն ոչ թե կտրում են, այլ՝ բուժում

Երեկ էկոակտիվիստ փորձագետները հիմնավորված եւ մանրամասն հրապարակեցին հանրաճանաչ գիտնականների գրավոր կարծիքներ, որոնք ջնջում են Երեւանում իրականացվող ծառերի փոխարինման եղանակը, այն, ինչի բացակայության մասին գոռում էր Ավինյանը, ասելով, որ իրեն չի ներկայացվել գիտական հիմնավորում։ Հրապարակավ, ուղիղ եթերում ներկայացվեցին 5 միջազգային փորձագետների եզրակացություններ՝ Ֆրանսիայի լանդշաֆտային ֆեդերացիայի նախագահ (2008-2011), Գյուղատնտեսական արժանիքների շքանշանի ասպետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական ​​խորհրդի անդամ (2017-2022), «Paysagir» և «PaysSages» ասոցիացիաների նախագահ՝ Միշել Պենայի, Եվրոպական արբորիստների ասոցիացիայի անդամ, ծառերի խնամքի և փորձաքննության «Առողջ անտառ» կենտրոնի տնօրեն, գ.գ.թ.՝ Սերգեյ Պալչիկովի, ՌԴ կառավարությանն առընթեր «ՌԴ քաղաքներում ջրային և կանաչ կմախքների» հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ, ավելի քան 300 կանաչ գոտիների ստեղծման մասնագիտական խմբի ղեկավար, ճարտարապետ, քաղաքաշինարար՝ Դաշա Տոլովենկովայի, Ղազախսանի կանաչապատման ասոցիացիայի փորձագետների խորհրդի և ասոցիացիայի նախագահ, այգեշինության ճարտարագետ՝ Տատյանա Անդրոնենկոյի և Ուզբեկստանի լանդշաֆտային արվեստի ասոցիացիայի նախագահ, մշակութաբան, լանդշաֆտային դիզայներ՝ Տատյանա Յուգայի դիտողությունները վայրի ծառահատման վերաբերյալ։ Բայց պատմենք հերթով։

Եթե Տիգրան Ավինյանը չալարեր ու ներկայանար «Փրկենք Երեւանի ծառերը» նախաձեռնության երեկվա հավաքին, որին ներկա էին բազմաթիվ փորձագետներ, նա, վստահ եմ, շատ բան կիմանար ու կսկսեր սիրել Երեւանի ծառերն ու կանաչ գոտիները, անմիջապես կազատեր աշխատանքից կանաչապատման ՀՈԱԿ տնօրեն Բեգոյանին ու կլծվեր Երեւանի ծառերի ու թռչունների փրկության գործին: Օրինակ, նա այնքան էլ համոզված չէր լինի, որ ոչ մի գիտնական դեմ չէ ծառահատումների իր ծրագրին, որը կեղծ գիտական վերնագիր ունի՝ «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն արժեքավոր եւ գեղազարդ ծառերով»:

Հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը, օրինակ, ներկայացրեց Արբորիստների ասոցիացիայի անդամ, ITEG ծառերի անվտանգության գծով միջազգային անկախ փորձագիտական խմբի ներկայացուցիչ Սերգեյ Պալչիկովի, ֆրանսիացի հայտնի մասնագետ, մի քանի բնապահպանական ասոցիացիաների անդամ Միշել Պենայի, նաեւ այլ եվրոպական եւ ռուսական փորձագետների համատեղ կազմված ուղեցույցը, որում մասնագետները նշում են, որ չի կարելի ծառերը զանգվածաբար հեռացնել հարավային քաղաքներում, ու մանրամասնում են, թե ինչու: 

Բոլոր նյութերը Քրիստինա Վարդանյանը ներկայացրել է Ավինյանին, եւ եթե նա լուրջ վերաբերվեր քաղաքի կանաչապատման խնդիրներին, անպայման մի երեկո կնվիրեր այդ նյութերի ընթերցանությանը: Քրիստինա Վարդանյանը դիմել է նաեւ Ղազախստանի կանաչների ասոցիացիայի էքսպերտային խորհրդին, ինչպեսեւ՝ Ուզբեկստանի կանաչապատման ասոցիացիային, որոնք նույնպես գրել են, որ մեզ մոտ իրականացվող ծառահատման ձեւերն անթույլատրելի են: «Ամենակարեւոր խնդիրը, որ պետք է լուծեն, ծառերը քաղաքում, ջերմային սթրեսից բնակիչներին պաշտպանելն է, նաեւ պաշտպանելն է հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթումից, իսկ պարտեզային տեսակները, որոնք տնկվում են, չեն լուծում այս խնդիրը: Երեք օր առաջ Երեւանում ուլտրամանուշակագույն ճառագայթների ցուցանիշը 7 էր, որը համարվում է բարձր ցուցանիշ, սա դեռ ապրիլն է, հունիսին փողոցը լինելու է մերկ, ու տնկված ծառատեսակներն այդ խնդիրը չեն լուծելու»,- ասաց Քրիստինե Վարդանյանը: 

Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը խոսեց իրավական ասպեկտի մասին, որն անտեսված է: Ցանկացած հատակագիծ, սխեմա, ծրագիր պետք է անցնի փորձաքննություն, ինչը չի արվում, եւ սա օրենքի խախտում է, իսկ օրենքը գերակայում է ավագանու որոշումներից: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը բացատրում է, որ քաղաքում չկա ամբողջական պլանավորում: «Անցյալ տարի՝ աշնանը, Թումանյանի վրա ինչ-որ մարդիկ առանց նախագծի թեքահարթակներ էին կառուցում, էս տարի՝ փետրվարին, ՀՈԱԿ-ի աշխատողները քանդում էին ասֆալտն ու նույն տեղում խողովակ էին անցկացնում, հետո եղավ էկոցիդը: Գալիս են, իրենց սաստավով փողոցային խուլիգաններ, որոնք ընտրությունների ժամանակ ձայն էին ապահովում, կտրում են ծառերը, մոնստր ՀՈԱԿ-ները, որոնք ստեղծվում են պետական մարմիններում, որեւէ վերահսկողություն չեն իրականացնում… երբեւիցե քաղհասարակությանը չլսելու լկտի պահվածքը եւ ինքնավստահ դիլետանտիզմն այսքան արտահայտված չեն եղել, սրան պետք է վերջ տրվի, եթե ոչ՝ դա պետք է ունենա իր քրեաիրավական հետեւանքները»,- ասաց նա:

Դենդրոլոգ Տիգրան Հայրապետյանին լսելով, Ավինյանը կարող էր դարձյալ շատ բան սովորել: Օրինակ, ցանկացած ծառի կենսաբանական վիճակը պետք է ստուգվի, որ դրա համար կան հատուկ սարքեր, որոնց միջոցով ծառի կենսաբանական վիճակն է պարզվում, նաեւ կենսունակությունը կարելի է իմանալ, թե արդյոք ծառը գնում է դեպի անկո՞ւմ, հիվա՞նդ է, թե՞ ոչ, եւ ոչ թե այդ ամենը որոշել աչքով: Այդ գործիքները շատ թանկ չեն: Կարելի է մի 15.000 դոլարով գնել այդ սարքերից: «Սարքերի հետ կապված՝ դեկտեմբերին քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպվեց, բայց նախընտրեցինք 360.000 դոլարին համարժեք ծառեր գնել ու տեղադրել, փոխանակ գնեինք 30.000-ի սարքավորումներ ու փրկեինք շատ ծառեր»,- լրացրեց Քրիստինա Վարդանյանը

Ի վերջո, ըստ Հայրապետյանի, եթե ծառն ունի փչակ, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է կտրել, որովհետեւ այդ փչակում կապրի մի ինչ-որ օգտակար թռչուն: Թե ինչ ծիտիկներ են բնակվում ծառերի փչակներում, Ավինյանը կհասկանար, եթե լսեր կենսաբազմազանության մասնագետ Կարեն Աղաբաբյանին: Այդ ծիտիկը կոչվում է երաժշտահան: Նա ապրում է փչակներում ու մաքրում է ծառերը վնասակար միջատներից: Մի զույգ այդպիսի ծիտիկ 40 ծառ է մաքրում: Նա կպատմեր Ավինյանին, որ քաղաքում ունենք 60 տեսակի բնադրվող թռչուններ, իսկ չուի ժամանակ՝ 100-ից ավելի տեսակի թռչուն, ու այս կանաչ գոտիները նրանց համար բնադրավայր կամ հանգստի վայր են: «Եվ երբ որ մենք կրճատում ենք կանաչ գտիները, կրճատում ենք նաեւ մեզ օգնողների թիվը»,- ասում էր Աղաբաբյանն ու այլ օրինակներ բերում: