«Հրապարակ». Ինչու հայկական դրոնները չարտադրվեցին

«Հրապարակ». Ինչու հայկական դրոնները չարտադրվեցին

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով արտախորհրդարանական ուժերի թվում պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, հայտնվել է քրեական վարույթների հորձանուտում: Նրա դեմ է դուրս եկել նախկին կինը՝ Նաիրա Տերտերյանը: Տպավորություն է, թե նա ուզում է ջնջել նախկին ամուսնուն Երկիր մոլորակի երեսից: Նա 12 քաղաքացիական հայց է ներկայացրել Տերտերյանի դեմ եւ հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ: Արդեն գրել ենք, որ քրեական վարույթներից մեկով նախաքննությունն ավարտվել է, եւ ապրիլի 9-ից գործը դատարանում է: Տերտերյանն այդ գործով ամբաստանվում է կնոջը բռնության ենթարկելու համար: Մեկ այլ հաղորդմամբ, որը տրվել է մոտ մեկ ամիս առաջ, Նաիրա Տերտերյանը նախկին ամուսնուն մեղադրում է իր բանկային հաշվից մոտ 213 մլն դրամ հափշտակելու մեջ: Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել: Մհեր Տերտերյանն էլ իր հերթին է դատի տվել կնոջը: Նաիրայի դեմ Տերտերյանն ու նրա փաստաբանն ընդհանուր թվով 7 քաղաքացիական հայց ունեն:  

Բայց կան շատ ավելի լուրջ գործեր, քան նախկին ամուսինների ֆինանսական եւ կենցաղային վեճերն են: «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Տերտերյանի անունը շոշափվում է «Պրայդ Սիստեմս» ՍՊԸ-ի վերաբերյալ վարույթում: Մ. Տերտերյանն այս ընկերության տնօրենն է, իսկ համասեփականատերը նրա հայրն է: 2021 թվականին «Պրայդ Սիստեմս» ընկերությունը ստացել էր մարտական զենքի արտադրության լիցենզիա եւ պետք է դրոններ արտադրեր: Լիցենզիայի ժամկետն ավարտվել է այս տարվա փետրվարին, սակայն ընկերությունը չի արտադրել խոստացված դրոնները: Այս մասին է վկայում ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից օրերս տրված տեղեկանքը, որը հայտնվել է մեր ձեռքի տակ: Ըստ այդ փաստաթղթի, «Պրայդ Սիստեմս» ՍՊԸ-ն մինչ օրս պետական պատվերի շրջանակներում մարտական զենքի արտադրություն չի իրականացրել: Թե ինչ միջոցներ են վճարվել ՍՊԸ-ին, եւ ինչ պատվեր է տրվել, գաղտնիք է: «Ընկերությանը ՀՀ ռազմական կարիքների համար պետական պատվեր տալու եւ դրա շրջանակներում ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ հարցերն իրենց մեջ պարունակում են պետական գաղտնիք, ուստի տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման»,- գրված է ԲՏԱ նախարարության պատասխանում: 

Ընկերությանը տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի ժամկետը երկարացնելու վերաբերյալ էլ նախարարությունը տեղեկացնում է. «Ընկերությանը 2021 թ. փետրվարի 12-ին նախարարության կողմից տրամադրվել է զենքի արտադրության թիվ «ԶԱ N 013» լիցենզիան՝ 3 տարի գործողության ժամկետով: Ընկերությանը տրամադրված լիցենզիայի ժամկետն ավարտվել է 2024 թ. փետրվարի 12-ին: Հարկ ենք համարում նշել, որ լիցենզիան ընկերությանը տրամադրվել է «Զենքի մասին» օրենքի (ուժը կորցրած է ճանաչվել) կարգավորումների համաձայն: 2022 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ի կողմից «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի (22.10.2022 ՀՕ-368-Ն) (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը: Օրենքի անցումային դրույթների, մասնավորապես՝ 37-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, մինչեւ Օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության լիցենզիաների գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ իրավաբանական անձինք կարող են դիմել համապատասխան լիազոր մարմնին՝ օրենքի համաձայն լիցենզիա ստանալու համար, ինչի վերաբերյալ ընկերությունը տեղեկացվել է նախարարության կողմից: Սակայն վերջինս լիցենզիայի գործողության դադարեցումից հետո նոր լիցենզիա ստանալու նպատակով չի դիմել նախարարություն»: 

Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավն անհամբեր սպասել է հայկական դրոններին: Տերտերյանը նույնիսկ առանձնատուն է վարձակալել Դավթաշենում, խիտ բնակեցված տարածքում, որտեղ, իբր, զբաղվել է զենքի արտադրությամբ: Տարածքի տերը՝ Մարինե Համբարձումյանը, անցյալ տարի ահազանգել էր ԶԼՄ-ներին՝ ասելով, որ տվել է առանձնատունը, սակայն այն 6 ամիս զբաղեցնելով՝  Տերտերյանը չի վճարել վարձը: «Ասում էր՝ ԱԱԾ-ից հսկվող տարածք է, այստեղ զենք կա, ես չեմ կարող հանել զենքն այս տարածքից»,- պատմում էր Մարինե Համբարձումյանը: Մհեր Տերտերյանը սա զրպարտություն է համարում: Նա Համբարձումյանից դատական կարգով պահանջում է հերքել հրապարակված տվյալները եւ հատուցել իր արժանապատվությանը, պատվին եւ համբավին պատճառված վնասը:  
Ի դեպ, «Պրայդ Սիստեմս» ՍՊԸ-ն ներգրավված էր այն ընկերությունների ցանկում, որոնք 2021 թ. փետրվարի 21-25-ը պետք է մասնակցեին Աբու Դաբիում կազմակերպված IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, սակայն, ինչպես հայտնի է, հայկական տաղավարը դատարկ մնաց, իսկ ընկերությունները, որոնք պետք է զինատեսակներ բերեին, դրանց բացակայությունը պատճառաբանեցին լոգիստիկ խնդիրներով եւ նրանով, որ Ռուսաստանը 20-օրյա փորձաքննություն էր պահանջել, եւ «էքսպոնատներն» ուշացել են: 

ՀԳ. Ինչո՞ւ դրոնները չարտադրվեցին, ի՞նչ պարզաբանումներ կարող է տալ, ձախողված գործարքի վերաբերյալ կա՞ արդյոք քրեական վարույթ: «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, նշեց, որ չի վստահում կեղծանունով ներկայացող լրագրողին, եւ պահանջվող տեղեկությունները գաղտնիք են պարունակում: Նա զգուշացրեց, որ մեզ ձայնագրում է, իսկ մենք նրան հայտնեցինք, որ ընդամենը ցանկություն կար իր կարծիքը լսելու եւ հրապարակման մեջ արձանագրելու: