Ինձ համար լրիվ հեքիաթ է. 500 միլիոն դոլարով՝ օդային քաղաքային տրանսպորտ՝ Գյումրիում

Ինձ համար լրիվ հեքիաթ է. 500 միլիոն դոլարով՝ օդային քաղաքային տրանսպորտ՝ Գյումրիում

Երեկ Գյումրու համայնքապետարանում « Սքայ Գյումրի» ծրագրի  հանրային քննարկումն էր: Ծրագիրը ոչ միայն եզակի է, այլև՝ զարմանալի:  Սա մի յուրահատուկ ծրագիր է, որով նախատեսվում է 500միլիոն դոլարով Գյումրիում կառուցել օդային քաղաքային տրանսպորտ:  Այն նման է լինելու ժամանակակից ճոպանուղու, որը 14 կանգառ եւ կայանատեղի է ունենալու: Կայանատեղիներն էլ իրենց հերթին առանձնանալու են շքեղ ժամանցային վայրերով: Մի խոսքով, ինչպես քաղաքապետը նկատեց՝ հեքիաթային մի բան է լինելու:

Իսկ այս ամենի ներդրողը «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանն է, որը երկար տարիներ արտերկրում է ապրել: Խաչատուր Սարգսյանի խոսքերով՝ քաղաքի ընտրությունը պատահական չէ: Այն ունի ե՛ւ օբյեկտիվ,  ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Խաչատուր Սարգսյանը ծնունդով գյումրեցի է. «Մեծացել, դպրոց եմ գնացել Գյումրիում, գալիս է մի տարիք՝ զգում ես, որ պարտք ունես տալու»,-ասում  է Խաչատուր Սարգսյանը՝ նշելով, որ քաղաքի բնակիչների համար օդային տրանսպորտի գինը առավել մատչելի է լինելու: Զբոսաշրջիկների համար այլ գին կսահմանվի: «Վիրուսի հետ կապված՝ շատ փոփոխություններ են կատարվել աշխարհում: Մարդիկ ճոխությունից անցնում են հարմարավետության, իսկ ամենաթանկն այսօր ժամանակն է։

Մեծ քաղաքներում մարդիկ կորցնում են ժամանակ, չկա հարմարություն:  Գյումրին այն քաղաքն է, որն ունի հարմարավետություն և հնարավոր է զարգացնել, հասցնել առավելագույնին։ Գիտենք, որ ամբողջ աշխարհով զբոսաշրջությունն անկում է ապրում, բայց մենք մոռանում ենք, որ ներգնա տուրիզմն է աճ ապրում։ Եթե մենք չունենանք դրսից տուրիստներ, կարող ենք հաշվել, որ մեր հանրապետության երեք միլիոն բնակչությունը բավարար է ծրագիրն աշխուժացնելու համար»,-ավելացնում է ներդրողը։

Նշենք, որ նախատեսվում է  2023 թվականին  ավարտել շինարարական աշխատանքները, եւ օդային տրանսպորտը Գյումրիում պատրաստ կլինի, որի շարժիչ ուժը էլեկտրաէներգիան է լինելու:

Մանրամասները՝տեսանյութում