Քաղաքական դաշտի առավոտը-4

Քաղաքական դաշտի առավոտը-4

Սկիզբը՝ նախորդ համարներում

Կորոնավիրո՞ւսը

Իրավիճակներ կան, որոնք փորձություն են ոչ միայն իշխանությունների, այլեւ ժողովուրդների ու պետությունների համար: Այդպիսիք են պատերազմներն ու համաճարակները: Դրանք  լակմուսի թղթի պես պարզ են դարձնում  յուրաքանչյուրի ունակությունն իրեն վստահված պատասխանատվության հարթակում: Կորոնավիրուսը, իր խորհրդավոր ծագմամբ ու իրարամերժ մեկնաբանություններով հանդերձ, ահազանգ էր բնությունից կտրված, ինքնաբավ ու ինքնագոհ  մարդկությանը: Աղետի այս տեսակը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինն է լինելու մոլորակի վրա: Ավելին, հնարավոր է, որ դրանց բռնկման պարբերականությունը սաստկանա: Որքան էլ մեծ են նրա վնասները, դա այն ուղերձն է, որով ճշգրտվելու են առանձին-առանձին վերցրած պետությունների ու ողջ երկրագնդի ընդհանրական անելիքները: Եվ այստեղ միայն ներսից հայացքը խնդիր չի լուծի: Ներսում մենք փորձում ենք մեղադրել մեկս մյուսին: Փորձանքը մտել է մեր տունը, ու մենք հենց այդ տան մեջ ենք փնտրում մեղավորներին: Շատ ու շատ  անկեղծ մտահոգություններ աննկատ են մնում ակնհայտ շահարկումների հեղեղում: Ջուրը շատ է պղտորվել, ձկնորսների թիվը՝ շատացել: Ձկան խաղն ու որսի ելածների ցանկությունը բնական լինելով հանդերձ, հատել են անվտանգության սահմանը: Երկու կողմում էլ միջոցների մեջ խտրություն չի դրվում: Ոմանց համար լավ առիթ է իշխանության ողնաշարին խփելու, իշխանության համար էլ՝ հասարակական կարծիքը համահարթելու համար: Հանգուցալուծումը շատ չի ուշանա: Մեր ժողովրդի պատմության մի ամոթալի էջ իր դասերն է առաջադրում: 428 թվին վերացավ Արշակունյաց թագավորությունը: Երիտասարդ արքան՝ Արտաշիրը, իր փառավորյալ հոր՝ Վռամշապուհի շնորհներից շատ էր հեռու: Պատմիչները  վկայում են, որ նա զվարճասիրության, հատկապես կնամոլության պատճառով կորցրել էր իր հեղինակությունը: Երկրի մեծերը, բացառությամբ կաթողիկոսի, դիմեցին պարսից արքային՝ հեռացնելու նրան գահից: Արդյոք հենց պարսից արքունիքից չէ՞ր եկել գահընկեցության գաղափարը, որն այնպես հաճույքով իրականացրին հայ նախարարները: Գրեթե 460 տարի պետք եղավ՝ նորից հայոց գահը վերականգնելու համար: Մինչդեռ  համախմբվելով թեկուզեւ թույլ ու անառակ արքայի շուրջ՝ մենք կպահպանեինք ամենագլխավորը: Այսօրվա  ներքին գզվռտոցը, եթե չհասցնի պետականության կորստի, հաստատ կթուլացնի երկրի ինքնիշխանությունը: Հետեւաբար, վտանգի պահին թվացյալ ու իրական հազար ու մի սխալ ունեցող իշխանությունների շուրջ համախմբումը տվյալ իրավիճակի հաղթահարման ամենաանվտանգ լուծումը կլիներ:

Հայացք դրսից

Կորոնավիրուսը ցույց տվեց մեր պետության թուլությունը, արտակարգ իրավիճակներում ռեսուրսների բացակայության խոցելիությունը: Խոսքն ազգային հարստությունների ու մոլորակի վրա մեծ տարածություն զբաղեցնելու մասին չէ: Խոսքը պետության հայեցակարգի մասին է: Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ վարակակիրներին տեղավորելու համար անհրաժեշտ է բանակցել  հյուրանոցատերերի հետ, ակամա պարզ է դառնում, որ պետության քաղաքականության հաջող ելքը կախված է սեփականատերերի կամքից: Հազիվ թե արդարացված է պետության նման դերակատարությունը: Մի՞թե պարզ չէ, որ այդպիսի պետության հիմքերն ամուր չեն: Ուժեղ պետությունը ոչ թե խնդրողի դերում պետք է լինի, այլ ունենա սեփական ռեզերվներ՝ խնդիր լուծելու համար: Խոսքը պետական սեփականության մասին է: Արդյոք  այդպիսի երկրների փորձը կորոնավիրուսի դեմ հաջող պայքարում մեզ չի՞ հուշում փոխել առկա մոտեցումները: Անկախության տարիներին Հայաստանում ոչնչացվեց տնտեսության պետական հատվածը: Դա հետեւանք էր ոչ այնքան  տնտեսական անհրաժեշտության, որքան խորհրդային համակարգի նկատմամբ ներմուծովի ծայրահեղ ատելության ու  այն  ոչնչացնելու մոլուցքի:

Մասնավո՞ր, թե՞ պետական

Ոչ ոք չի վիճարկում մասնավորի շահագրգռության արդյունավետությունը տնտեսվարելիս: Բայց կան ոլորտներ, որտեղ մասնավորը ցանկություն չունի մտնելու շահույթի քիչ լինելու պատճառով: Այստեղ իր խոսքը պետք է ասի պետությունը: Թող շահույթը լինի քիչ, բայց ապահովվի բնակչության մի մասի զբաղվածությունը: Վերջին հաշվով, աշխատատեղերի ստեղծման հարցը հրատապներից մեկն է արտագաղթից թուլացող Հայաստանի համար: Ամենադասական կապիտալիստական երկրներում մասնավոր սեփականության գերակշռության պայմաններում պատկառելի տեղ ունի նաեւ պետական հատվածը: Սա ինքնանպատակ չէ: Այն հանդիսանում է պետության անվտանգության ու ինքնապաշտպանության գործոններից մեկը: Պետական սեփականությունն այն պահուստն է, որի նշանակությունն ի հայտ է գալիս արտակարգ իրավիճակներում: Այն առանձին դեպքերում կարող է դրսեւորվել որպես տնտեսության տվյալ ճյուղի առաջմղիչ, ինչպես նաեւ մենաշնորհային վիճակից խուսափելու գործոն: Հայաստանի պես երկրին դա առավել անհրաժեշտ է: Հայաստանը կարող է արտակարգ իրավիճակում հայտնվել ոչ միայն շրջափակման ու չհայտարարված պատերազմի, այլեւ  գլոբալ կամ առանձին երկրում բռնկված տեխնածին ու կենսաբանական աղետների դեպքում: Դա պայմանավորված է հարյուրից ավելի երկրներում հայկական համայնքների առկայությամբ, որոնք վտանգի դեպքում հայացքը հառելու են հայրենիքին, ինչպես դա տեղի ունեցավ իրաքահայերի, սիրիահայերի, մասամբ՝ ուկրաինահայերի պարագայում: Հայաստանը պետք է ունենա պետական սեփականություն հանդիսացող ե՛ւ արդյունաբերական, ե՛ւ սոցիալական ամուր ենթակառուցվածքներ: Կորոնավիրուսը եկավ հաստատելու վերոնշյալի անհրաժեշտությունը:

Հեղափոխության աքիլեսյան գարշապարը

Հեղափոխությունների պատմությունը ցույց է տվել, որ դրանք անշրջելի են դառնում, երբ հետեւողականորեն իրականացվում են  զանգվածներին առաջ մղող ամենաառանցքային խոստումները: Հեղափոխությունը կառավարման վահանակից հեռացրեց ոչ միայն օլիգարխիային, այլեւ «հրացանավոր» մարդուն: Նվիրյալ ու իրական շատ հերոսներ մնացել էին ստվերում, մինչդեռ այլոք  տարիներ շարունակ  շահարկել էին այդ կերպարը: Այն հաճախ եղել էր քող՝ ծածկելու անձնական շահագրգռությունները: Ուստի պատռվեցին ոմանց դիմակները: Ետին պլան մղվեց հերոսականության բաղադրիչը: Հանրությունն ականատես եղավ ագահության «թակարդն» ընկած հերոսների անփառունակ վախճանին: Պատժի անխուսափելիությունը սկսեց ընկալվել որպես հասարակական հարաբերությունների կարգավորման կարեւորագույն գործոն: Դա ազդարարումն էր այն բանի, որ բարձր դիրքն այդուհետ չէր կարող լինել պատասխանատվությունից խուսափելու փրկարար օղակ: Դա վերաբերելու էր նաեւ երկրի նոր առաջնորդին, ով համարվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդանիշ: Ներքաղաքական կյանքի ոչ մի սխալ կամ վրիպում չի կարող այնպես ցնցել շարքային քաղաքացուն, ինչպես կոռուպցիայի մեջ առաջնորդի ներքաշված լինելու փաստը: Դժվար է ասել, թե այդ դեպքում ինչ կկատարվի այն մարդկանց հետ, ովքեր նրան հավատացել են իրենց ծնողից կամ զավակից առավել: Սա՛ է հեղափոխության ու նրա առաջնորդի աքիլեսյան գարշապարը:

Սա՛ է ամենազգայուն հարցը, որը կարող է մարդկանց լցնել հրապարակ, որի արդյունքը բոլորովին էլ հանդարտ իշխանափոխությունը չի լինի: Առաջնորդն իր անբասիրությամբ խոցելի կլինի նաեւ այն դեպքում, եթե պարզվի, որ մեղքի մեջ են թաղվել իր հարազատները կամ նրանց հետ փոխկապակցված մարդիկ: Դա վճռորոշ դեր է խաղալու հեղափոխությամբ ծնվածների ճակատագրում: Ինչպիսի բացթողումներ էլ ունենան իշխանությունն ու նրա առաջնորդը, չի կարող համեմատվել կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու փաստի հետ: Ուստի հեղափոխական ճամբարը ոչ միայն պետք է զերծ մնա գայթակղություններից, այլեւ ամենօրյա տքնաջան աշխատանքով հեռու վանի  նվազագույն  կասկածներն անգամ: Կասկածները կարող են մաս-մաս ու անտեսանելիորեն մաշեցնել իշխանության վարկն ու հեղինակությունը: Այդպիսի երեւույթներից մեկը բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձի ու պարգեւավճարի բարձրացումն էր: Թեեւ քաղաքականության ուղղությունը ճիշտ էր ընտրված, սակայն ճիշտ չէին ընտրված վարձավճարի չափն ու ժամանակը: Հրապարակում ծնված իշխանությունն ու իշխանավորներն իրենց սոցիալական կարիքներով  ու հնարավորություններով չպետք է էապես տարբերվեն իրենց ծնունդ տվողներից: Առավել եւս, երբ խոսք է գնում ժողովրդի ընտրյալ լինելու  մասին: Հիսուսն ու իր աշակերտները գնում էին ոչ թե վայելելու, այլ ծառայելու մարդկանց: Հիսուսի ընտրյալ լինելու զգացումը նրան մղում էր լվալու այլոց ոտքերը: Ժողովրդի զգալի մասի մոտ ծնվել է կասկած: Նա իր պատկերացմամբ՝ առաջ է մղել նվիրյալների: Իսկ արդյոք դա այդպե՞ս է: Եթե՝ ոչ, խզումը իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում անխուսափելի  է:

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ