Նիկոլի «հեղափոխությունը». Ձեւ եւ բովանդակություն

Նիկոլի «հեղափոխությունը». Ձեւ եւ բովանդակություն

2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցածն իսկապես աննախադեպ էր, որովհետեւ կատարվում էր իշխանափոխություն… կարգախոսներով: Իշխանափոխությունների, հեղաշրջումների պատմությունը ցույց է տալիս, որ դրանք սովորաբար կարգախոսների կարիք չեն ունենում` հանկարծակիության, գաղտնիության, սրընթացության եւ այլ հանգամանքներով պայմանավորված: 

Իսկ ճշմարտությունն այն է, որ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական»-ը հեղափոխական կարգախոս չէր, թեկուզ հենց այն պատճառով, որ հեղափոխությունները տեղի են ունենում բ ո վ ա ն դ ա կ ա յ ի ն կարգախոսներով: Վերջիններս հեղափոխությունների ներքին ուղղորդիչներն են եւ սովորաբար սեղմ ձեւակերպում են այն նպատակները, որոնց նվաճմանը միտված է հեղափոխությունը:  Հիշենք, որ ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսն էր` ազատություն, հավասարություն, եղբայրություն. այս բառերից յուրաքանչյուրը նաեւ նպատակ է, որին հասնելուն էր կոչված հեղափոխությունը: Այլ խնդիր է, թե դրանք որքանով իրականացան, սակայն դրանց հռչակումն արդեն իսկ որոշակիացնում էր այն ուղին, հանուն որոնց հեղափոխությունը պետք է ընթանար: 
 Իսկ ահա նիկոլյան «հեղափոխությունը» բովանդակային նպատակադրումների փոխարեն հրապարակ նետեց իշխանափոխության, այսպես կոչված՝ ընթացակարգը, ձեւը, առերեւույթը` «թավշյա», «ոչ բռնի»: 2018-ին քաղաքացին հեղափոխություն էր անում, որ հասներ ինչի՞ն` «ոչ բռնի-թավշյայի՞ն». չէ՞ որ դա անհեթեթություն է: Ակնհայտ է, որ նշված երկու հատկանիշն էլ (ի դեպ` մեկը մյուսին անուղղակիորեն կրկնող) բնորոշ են ի շ խ ա ն ա փ ո խ ու թ յ ու ն երեւույթի ընթացքին, բայց ոչ` հեղափոխության բովանդակությանը:

Այո, 2018-ին մարդիկ փողոցներ էին դուրս եկել` փոխելու իշխանությունը: Իսկ Նիկոլի երազած հեղափոխությունը, ապրիլյան դեպքերի յուրօրինակ ընթացքով եւ տրամաբանությամբ պայմանավորված, կարող էր  հ ա ջ ո ր դ ե լ իշխանափոխությանը, դա նաեւ հանրային ակնկալիք էր, բայց`   բովանդակային այնպիսի կարգախոսով, որով հստակ կուրվագծվեին այն նպատակները կամ տեսլականը, ինչին հասնելուն միտված էր հեղափոխականացող իշխանափոխությունը: 
Սակայն, ի հեճուկս հանրության եւ նրա սպասումների, հեղափոխություն այդպես էլ տեղի չունեցավ, ավելի ճիշտ` այն լռվեց-մնաց իշխանափոխության մատույցներում (հետո կպարզվի` ճիրաններում), լռվեց-մնաց, որովհետեւ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» կարգախոսը հենց այդքանն էր ենթադրում` անարյուն իշխանափոխություն՝ բռնություններով չուղեկցված: Մինչդեռ, ինչպես վերն ասվեց, հեղափոխություն ասվածը ենթադրում է գաղափարներ եւ դրանց այնպիսի բանաձեւումներ, որոնք հռչակում են սոցիալական, հոգեւոր եւ իրավական որոշակի նպատակներ: Նիկոլի, նրա թիմի նպատակը, դժբախտաբար, իշխանափոխությունն էր, ոչ ավելին: Ահա թե ինչու նրանք  այդպես էլ չունեցան զուտ հեղափոխական կարգախոս եւ փչացած երգապնակի պես անվերջ կրկնում են «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» անհեթեթ տաղտուկը:

Նիկոլի իշխանափոխության «ժողովրդական» ինքնաբնորոշումը եւս չունի բովանդակային խորք. այն ցույց է տալիս ապրիլյան իրադարձությունների մակերեւույթը, սակայն ոչ՝ ծավալը, որ խորքային չափման արդյունք է: Ի դեպ, նիկոլյան «հեղափոխականները» հետին թվով այդ շարժմանը վերագրեցին շատ հատկանիշներ, որոնք նրան  բոլորովին հատուկ չէին, եւ դրանցից մեկն էլ այս «ժողովրդականն» է. սորոսասուն եւ համատիպ ՀԿ-ների աշխույժով հրահրված «ժողովրդականությունն» իրականում այդպիսին չէր: Եվ այս ճշմարտությունն ամիսներ անց երեւան պիտի գար խորհրդարանական ընտրություններում՝ ընտրողների աննախադեպ ցածր մասնակցության տեսքով: 

Անշուշտ, 2018-ի իշխանափոխությունը պիտի լիներ. դա մեծ առաջընթաց էր: Պիտի լիներ, եթե նույնիսկ հետո պարզվեր, որ առաջընթացը դիլետանտ ու թերուս իր առաջնորդի մեղքով մթագնվելու է օրենսդիր, դատական իշխանությունների, նույնիսկ` չորրորդ իշխանության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ պարբերական, ոչ թավշյա՝ բռնի ոտնձգություններով, որոնց սաստկացող տեմպը առաջընթացի հանրային ընկալումը փոխում է նույնքան մեծ հետընթացի եւ հիասթափության: