Փո՞րձ, թե՞ փորձանք. տարբերության գինը

Փո՞րձ, թե՞ փորձանք. տարբերության գինը

«Սահմանադրական կարգի տապալում» եւ «սահմանադրական կարգի տապալման փորձ»: Իրավաբանները, կարծում եմ, մեզ կօգնեն հասկանալու այս ձեւակերպումների տարբերությունը եւ կհստակեցնեն, թե ինչ է սպասվում «տապալողին» եւ ինչ՝ «տապալման փորձ» անողին: Ինչու եմ սա ասում, որովհետեւ մոտ 20 օր անց հերթական առիթն ենք ունենալու այս մասին վիճելու՝ «Իմ քայլը» տապալե՞լ է սահմանադրությունը», թե՞ ընդամենը փորձել է «տապալել»: Իսկ մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչ արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Իմ քայլի» համար՝ հայտարարելով, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը՝ հարակից օրենքով: Իրավաբանների եւ մեկնաբանների կարծիքները տարբերվում են այս հարցում:

Նախագահի մասին ինչ ասես գրում են՝ նսեմացնելուց մինչեւ վսեմացում: Իմ կարծիքով, սակայն, ճշմարտությունը բոլորովին այլ տեղում է: Խնդրում եմ ժամանակավրեպ չծիծաղեք, բայց ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանն իմքայլականներին շունչ առնելու, այս վտանգավոր գործից ձեռք քաշելու ժամանակ եւ հնարավորություն է տվել: Նրանք 20 օր ժամանակ ունեն այլեւս. կա՛մ կգնան մինչեւ վերջ եւ կտապալեն սահմանադրական կարգը, կա՛մ կանգ կառնեն կես ճանապարհին եւ հետագայում կմեղադրվեն միայն սահմանադրական կարգի տապալման փորձ կատարելու մեջ:
Հազիվ թե արդարացված են այն պնդումները, թե Արմեն Սարգսյանը Փաշինյանի թիմի հետ համագործակցաբար կամ վարչապետի ճնշման տակ ստորագրեց Սահմանադրության մասին օրենքի առաջին փոփոխությունները, որոնցով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է դառնար ՍԴ դատավոր, իսկ դատավորներ Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը: Նախագահ Արմեն Սարգսյանն ունի բավականաչափ անկախություն (թե՛ օրենսդրությամբ եւ թե՛ մնացած առումներով), որպեսզի լիարժեքորեն իրականացնի իր պարտականությունները: Այլ հարց է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ու Նիկոլ Փաշինյանն իրենց հապճեպ գործողություններով ուղղակի անելանելի (կասեի՝ հիմար) վիճակի մեջ էին դրել բոլորին: Գուցե անհավատալի թվա, բայց մենք հայտնվել էինք քաղաքացիական պատերազմի շեմին, եւ եթե գիշերը Արմեն Սարգսյանը չստորագրեր փոփոխությունների մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, դա կարող էր լինել այն կայծը, որից կբռնկվեր ներքին արյունահեղությունը: Ստորագրելով օրինագիծը՝ Արմեն Սարգսյանը պարզապես զսպեց Նիկոլ Փաշինյանին, որ դժգոհ էր թե՛ Գագիկ Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելու տրագիկոմեդիայից, թե՛ սարսափահար` հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստից, որտեղ քննարկվելու էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Փաշինյանն արդեն խոսում էր Ծառուկյանի կողմնակիցների դեմ ավելի մեծ զանգվածներ հանելու մասին, իսկ նման բաներ վտանգ զգացող ղեկավարները հենց այնպես չեն հայտարարում:

Մյուս կողմից էլ՝ Արմեն Սարգսյանը հրաշալի տեղեկացված էր, որ «Իմ քայլի» օրինագիծը թերի է եւ ոչ մի պարագայում չէր կարող օրենքի ուժ ստանալ, եթե չլինեին արդեն հաջորդիվ կատարված փոփոխությունները: Բայց մինչ իմքայլականները կհասցնեին հասկանալ իրենց սխալը, Հրայր Թովմասյանը գնաց արձակուրդ՝ ՍԴ նախագահի պարտականությունները դնելով Ալվինա Գյուլումյանի վրա: «Իմ քայլում» անհրաժեշտ հետեւություններ չարեցին դրանից եւ գնացին երկրորդ կոպիտ քայլին. Արարատ Միրզոյանը ՍԴ նախագահի ԺՊ նշանակեց, ինչի իրավունքը չուներ: Աշոտ Խաչատրյանն իր մասնագիտական պարտքը համարեց ԱԺ նախագահին տեղեկացնել, որ դա հնարավոր չէ, որովհետեւ դա հակասում է սահմանադրական ինչ-ինչ օրենքների: Բայց «դուխով» իշխանությունների համար, ինչպես գիտենք, անհնարին ոչինչ չկա: Փաշինյանն իսկույն շնորհավորեց Աշոտ Խաչատրյանին, Միրզոյանն էլ նրան խոստացավ դրստել գործերը՝ ՍԴ-ի մասին օրենքի մեջ նոր փոփոխություններ անելով: Շատ չերկարացնեմ, միայն ասեմ, որ մեկ օրում ամեն ինչ արվեց այնպես, ինչպես Արարատ Միրզոյանն էր խոստացել, եւ օրինագծերի նոր փաթեթն ուղարկեցին Արմեն Սարգսյանին՝ հույս ունենալով, որ նա կստորագրի, եւ «Իմ քայլը» կազատվի քաղաքական լծակների գործադրմամբ Սահմանադրությունը ոտնահարելու պատասխանատվությունից:

Բայց, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու նոր փոփոխությունների փաթեթը՝ չհստակեցնելով թե ինչ է անելու այդ փաթեթի հետ, առանց որի առոչինչ են դառնում ՍԴ օրենքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից արդեն իսկ կատարված փոփոխությունները: Մոտ 20 օրով երկրում վերականգնվեց սահմանադրական կարգը, եւ այդ պահից Հրայր Թովմասյանը կրկին դարձավ ՍԴ նախագահ, իսկ մյուս դատավորները մնացին իրենց տեղում: Սպասել, որ «Իմ քայլը» կանգ կառնի, երբ գնդակը կրկին իր դաշտում է, կարծում եմ՝ միամտություն կլինի: Նրանք 20 օր ունեն իրենց տրամադրության տակ՝ ստեղծված իրավիճակից «հաղթանակած» դուրս գալու կամ ԱԺ-ն լուծարման տանելու: Հաղթական ելք ես չեմ տեսնում: Մնում է ոչ կոմպետենտ խորհրդարանի լուծարումը, որն այս պահին միակ ճանապարհն է, որով դեռ կարելի է փրկել Փաշինյանի դեմքը: Ասելս այն է, որ սահմանադրական կարգի տապալման չհաջողված փորձը նվազ պատժելի արարք է, քան գլուխ բերված սահմանադրական հեղաշրջումը, որ կարող է ուղղակի փորձանք դառնալ մեր պետության ու ժողովրդի գլխին:

Իսկ մեր սիրելի հայրենակիցները, որոնք իրենց կյանքն առանց Նիկոլ Փաշինյանի չեն պատկերացնում, կարող են ԱԺ արտահերթ ընտրություններում մի փոքր ավելի սառը ուղեղով քվեարկել նրա օգտին եւ կրկին բերել իշխանության: Փաշինյանը վստահ է, որ ունի այդպիսի ընտրազանգված, կարող է բողոքավորների դեմ իր ցույցերն անել ու էլի այդպիսի «դուխով» բաներ: