«Հրապարակ»․ Փաշինյանի իշխանությունը կարող է դիմել Ադրբեջանին
Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է. «Եթե հարեւան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում եւ սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից եւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, հաշվի առնելով տարածաշրջանում կայունության կարեւորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանն աջակցելու համար»։
Այն, որ Ադրբեջանում մեծարում են Փաշինյանին եւ ամեն ինչ կանեն նրա իշխանությունը պահելու համար, վաղուց գաղտնիք չէ։ Այն, որ Փաշինյանը պայմանավորվում է Ալիեւի հետ եւ հայ ժողովրդին ահաբեկում է Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքով, եւս նորություն չէ: Բայց ադրբեջանական լկտիությունը հասել է նրան, որ այլեւս չեն թաքցնում, որ Փաշինյանի իշխանությունը պահելու համար պատրաստ են անգամ զորք մտցնել Հայաստան: Փաշինյանը կազմալուծում է հայկական զորքը, թշնամին՝ ուժեղացնում իր զորքը եւ խոստանում` ՀՀ ոստիկանության հետ միասին ապահովել նրա պաշտոնավարումը։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը կարծում է, որ Փաշինյանի իշխանությունը վտանգի տակ է միշտ՝ ցանկացած րոպե։ «Հարցն այն է, որ Փաշինյանի իշխանությունն իսկապես կարող է դիմել Ադրբեջանին՝ սադրանքներ ծավալել սահմանին, որ ուշադրությունը շեղի պատերազմով, բնականաբար, պատերազմական դրությունում իշխանություն փոխելն անհնարին է` չեն կարող լինել ընտրություններ, եւ գործող իշխանությունը մնալու է այնքան, մինչեւ պատերազմն ավարտվի, իսկ պատերազմի ավարտը հայտնի է՝ Ադրբեջանը պարզապես կզավթի Հայաստանը։ Փաշինյանի համար էլ մեկ է՝ կլինի Հայաստան, չի լինի Հայաստան, նրան պետք է մնալ իշխանության, ունենալ այն կարողությունները, որը նրան նվիրել են 2018 թվականին, եւ, իհարկե, չի ուզում հրաժարվել այդ բարիքներից»։
Անդրադառնալով Ալի Հաջիզադեին՝ Ադիբեկյանն ասաց, որ նա Ալիեւի հին «շնիկներից» է` հայտնի հայատյաց եւ ադրբեջանական քարոզիչ, ինչով բավականին գումարներ է աշխատում։ Ադիբեկյանը նշում է, որ Հաջիզադեի հետ գործի բերումով առնչված մարդիկ կհամաձայնեն իր հետ, որ նա ունի 10 տարեկան երեխայի մտածելակերպ եւ բազա։ «Ալիեւը նրա բերանով հնչեցնում է այն, ինչ մենք ակնհայտ հասկանում ենք, եւ ինչքան արագ մենք ձերբազատվենք այս թուրք-ադրբեջանական գործակալական ցանցից Հայաստանում, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ կկարողանանք պահպանել Հայաստանը որպես անկախ պետություն եւ ապահովել մեր անվտանգությունը»։ Ադրբեջանաթուրքական զորախումբ Հայաստան մտցնելու մասով էլ ասաց, որ թուրք-ադրբեջանական տանդեմն առիթի է սպասում, իսկ Փաշինյանին ոչինչ չի կաշկանդում ասել․ «Այո, դուք ճիշտ եք, մտցրեք ձեր զորքերը եւ պաշտպանեք իմ իշխանությունը, եթե ուզում եք, որ ես ներսից Հայաստանը քանդեմ եւ ձեզ հրամցնեմ»։ «Այն փաստը, որ ադրբեջանցիներն ու թուրքերը տագնապի մեջ ուզում են Նիկոլի իշխանությունը պահպանել, արդեն շատ խոսուն երեւույթ է, որ Նիկոլը թուրքերի գործակալն է Հայաստանում»,- եզրափակեց ադրբեջանագետը։
Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/
Կարծիքներ