Երևանում ձայնի գինն ընկել է մինչև 5 հազար դրամ

Երևանում ձայնի գինն ընկել է մինչև 5 հազար դրամ

Երկու տարի շարունակ մեզ հանդիմանում են՝ «բա Սերժի վախտ խի՞ չէիք քննադատում»։ Որպեսզի հատ-հատ չպատասխանենք բոլորին, որոշել ենք ամեն օր մի հոդված ներկայացնել «Հրապարակի» արխիվից։ Այսօր հրապարակում ենք 2017 թ․ մարտի 2-ի հոդվածը։ Հեղինակ՝ Սյուզան Սիմոնյան։

Վերջին շաբաթում ձայնի փոխարժեքը Երեւանում իջել է: Եթե 10 օր առաջ քվեն գնանշվում էր մինչեւ 100 դոլարի սահմաններում, ապա երեկ Երեւանում վաճառքի մինիմալ փոխարժեք գրանցվեց՝ ձայնի դիմաց 5 հազար դրամ: Լուրեր են պտտվում, որ Հանրապետական կուսակցական վերնախավից ռեյտինգայիններին հրահանգել են առեւտուրը վերջացնել եւ 5 հազարից ավելի չբաժանել։ Իհարկե, սա իրական գին չէ, այլ խոստում է: Եթե 2012 թվականին քաղաքացիները խելոք հերթ էին կանգնում շտաբներում՝ 5-հազարականները ցուցակով ստանալու համար (դիտորդների լեզվով սա կոչվում էր կուտակում՝ Ս․ Ս․), ապա այս անգամ 5 հազարի մասին լսելով, թքում-մրում են «վստահված անձին»: Այսպես են անվանում ռեյտինգային ցուցակի պատգամավորացուների համար փող բաժանողներին: Իսկ բուն պատգամավորացուների համար ժողովուրդը նոր ու հասկանալի տերմին է մոգոնել՝ «աթոռի մարդիկ», որը նույնպես ընտրություններ-2017-ի ծնունդ է:

Հիմնականում ձայն առնող-ծախողներն անցյալ շաբաթ 10 հազար դրամ էին նշում: Բայց գնանշման գործընթացը դանդաղել է: Ձայն առնողները գերադասում են ձայնի պաշարներ ստեղծել եւ չեն շտապում իրենց հավաքագրած անձնագրային տվյալները հանձնել փող տվողներին, որովհետեւ դեռ գումար չի պտտվում, իսկ անձնագրային տվյալը ռեալ արժեք է, որի գինն ամեն րոպե կարող է փոխվել: Ժողովուրդն այս ընտրություններում ավելի հնարամիտ է դարձել, քան երբեւէ: Քանի որ «աթոռի մարդիկ» շատ են, եւ առայժմ հստակ չէ, թե ով ինչ կտա ձայնի դիմաց, քաղաքացիներից շատերն իրենց անձնագրային տվյալները գրանցում են միաժամանակ տարբեր ցուցակներում՝ հույսով, որ բոլորից էլ փող կվերցնեն: Բայց «աթոռի մարդիկ» էլ են հմտացել եւ ընտրակաշառքի արդյունավետության վերահսկման նոր մեխանիզմներ են կիրառում:

Տարբեր թեկնածուների «վստահված անձինք» ամեն երեկո, ցուցակները ձեռքներին՝ անցնում են միմյանց շտաբներով եւ համեմատում դրանք: Եթե հայտնաբերում են, որ նույն մարդը տարբեր թեկնածուների ցուցակում է, նրա անունը ջնջում են բոլոր ցուցակներից: Սա պատժի առավելագույն չափն է, որը, սակայն, վտանգավոր է, քանի որ ցուցակից ջնջվողները պոտենցիալ «գործ տվողներ» են: Ուստի նրանց պարզապես բացատրում են, որ մնան մի ցուցակում, իսկ մյուսներից ջնջվեն: