Նիկոլը դավաճանեց Պողոսին

Նիկոլը դավաճանեց Պողոսին

Պողոսը տվյալ պարագայում բոլորս ենք, որ ժամանակին, Սերժին բարեհաջող մերժելուց հետո կանգ չառանք, շարունակեցինք մերժումը եւ «Նիկոլ, վարչապետ» գոռալով՝ Կարեն Կարապետյանին փոխարինեցինք պոպուլիստ Նիկոլով: Ու այսօր մեզ հասնում է, որ փողոցից իշխանության եկածները մեզ անվանում են «անգրագետ Պողոս»: 

Պողոսը մեծ հույսեր էր փայփայում, որ հիմա գալու է ամենալավ, ամենաչկոռումպացված, ամենահայրենասեր վարչապետը ու 30 տարվա թալանածը վերցնելու է թալանչիների ձեռքից եւ վերադարձնելու է իրեն: Պողոսը հույս ուներ, որ ապրելու է օրենքի եւ արդարության երկրում, լավ է ապրելու, եւ իր ձայնը լսելի է լինելու վերեւներում։ Հավատում էր, որ ինքն է դարձել վարչապետ եւ վերջապես դուրս կգա աղքատության ճիրաններից: 

Բայց իր ընտրած վարչապետը մի օր եկավ ու ասաց, որ աղքատությունը, Պողոս, քո գլխում է: Իսկ հետո երկու կոպեկ նպաստ տալու համար Պողոսին անվանեց թամբալ ու չաշխատող: Պողոսը վիրավորվեց, նեղվեց, բայց ներեց: Ոչինչ, ջահել է, անփորձ է մեր վարչապետը, բան էր՝ ասաց: Պողոսն արցախյան կռիվների ժամանակ եղբայրներ է կորցրել, դրանից հետո սահմանին խաղաղ պայմաններում ադրբեջանցիները սպանել են նրա որդուն: Պողոսը չի ներում ադրբեջանցուն՝ իր տոհմածառը ճյուղակոտոր անելու համար, բայց հպարտանում է իր զոհերով. նրանք զոհվել են հանուն հայրենիքի: Բայց մի օր վարչապետի կինը վեր կացավ ու ասաց. «Նրանք զոհվել են հանուն ոչնչի»: Պողոսի սիրտը կտոր-կտոր եղավ: Իսկ երբ Նիկոլը կանգնեց ու ասաց, թե Ալիեւը կիրթ ու կառուցողական մարդ է, Պողոսն իրեն դավաճանված զգաց, իր վարչապետին տեսավ իր որդիներին սպանողին գովերգելիս…

Օրերս Պողոսի հայրը մահացավ կորոնավիրուսից: Կինը նույնպես հիվանդ պառկած է տանը, բայց ասում են՝ հիվանդանոցներում տեղ չկա, տանը բուժեք: Պողոսը չգիտի, թե գլուխը որ քարով տա, երեխեքին ոնց պահի, որ չվարակվեն, ոնց բուժի կնոջը, ոնց երեխաների հացի փողն աշխատի: Ու այս նեղ իրավիճակում նրա վարչապետ Նիկոլը, փոխանակ Պողոսին օգնի՝ այս դրությունից դուրս գա, ԱԺ-ում արագ-արագ օրենքներ է ընդունել տալիս, որոնցից Պողոսն էլի իրեն դավաճանված է զգում։

Ժամանակին Պողոսն աչքալուսանք է տվել մարդկանց, որ աղջիկ է ունեցել, ազգը բազմացնող է ծնվել՝ ծերության օրոք իրեն մի բաժակ ջուր տվող: Պողոսն անչափ ուրախացել էր, որ ծնվել էր տղան. օջախի ծուխը ծխող էր ծնվել: Բայց այսօր, մինչ Պողոսի գլուխը խառն է իր ընտանիքին պատուհասած հիվանդությամբ, նրա վարչապետ Նիկոլը խայտառակեց Պողոսին, թե՝ բա գիտե՞ք, որ Պողոսը տանը, երեխայի հետ մենակ եղած ժամանակ… մեղա՜ քեզ, Աստված… Նիկոլն ափալ-թափալ մի օրենք ընդունել տվեց, որ Պողոսի օջախը կարող է հիմքից քանդել. Պողոսի վեցամյա երեխային դպրոցում սովորեցնելու են, թե ինչ բան է սեռը, ինչ բան է հաճույքը ու նման էլի մեծական բաներ… Պողոսի դպրոցական տղային սովորեցնելու են, որ կապ չունի, որ ինքը «պասպորտով» տղա է ծնվել, ինքը, եթե ուզի, կարող է աղջիկ դառնալ: Իսկ Պողոսի սիրունատես աղջիկը կարող է տղա դառնալ: Ու մի օր էլ Պողոսը զուռնա-դհոլով մի սիրուն հարս տուն բերելու փոխարեն կարող է քաղաքից մի որձ տղա «հարս» բերի, թե բա՝ իր որդու սեռական կողմնորոշումն է… Իսկ Պողոսի աղջիկը կարող է ամուսնանալ մի անսեռ արարածի հետ: Ու Պողոսի ընտանիքի պատմությունը դրանով կավարտվի… Պողոսն իրավունք չունի իր երեխաներին հիշեցնել ավանդական ընտանիքի մասին. կգան կբռնեն կտանեն, թե՝ երեխաների իրավունք ես ոտնահարում… 

Պողոսը հույս ուներ, որ Նիկոլ վարչապետը գալու է՝ թեթեւացնի ու բարելավի իր կյանքը: Բայց մինչ Պողոսը կորոնավիրուսի հետ կռիվ է տալիս ու չգիտի ոնց անի, որ իր ընտանիքը զոհ չտա այս վիրուսից, Նիկոլը հաջորդ դավադիր օրենքն ընդունել տվեց, որը Պողոսի կյանքը բարդացնելու է: Պարզվում է, Պողոսը սրանից հետո հարկ ու տուրքեր է տալու իր պապից ժառանգած տան համար, հարկ է տալու նաեւ իր հոր կառուցած գոմի համար, հարկ է տալու նաեւ ավագ որդու համար իր ձեռքով կառուցած տան համար: Փաստորեն, Պողոսն այսուհետ ահագին հարկեր է մուծելու պետությանը, որ Նիկոլի բերած ջահել-ջուհուլ պաշտոնյաները հանգիստ միլիոնավոր պարգեւավճարներ ստանան: Լուրը լսելուն պես Պողոսը զարմանքից քար կտրեց. ո՞նց կլինի, ո՞նց է այդքան հարկի տակից դուրս գալու: Ուզեցավ գնա Նիկոլի դուռը, որ ասի՝ ախպեր, մենք սենց չէինք պայմանավորվել: Էն էլ հարեւան Պետրոսն եկավ ու զգուշացրեց Պողոսին, որ չգա Նիկոլի դուռը բողոքի, ոստիկանները կձերբակալեն կտանեն… կարանտի՜ն է, կարանտի՜ն…
Նիկոլը դավաճանեց Պողոսին… իսկ Պողոսը դավաճանությունը չի ներում…