Մեր դպրոցի հիմնական թերությունն այն է, որ աշակերտն անգործ նստած է

Մեր դպրոցի հիմնական թերությունն այն է, որ աշակերտն անգործ նստած է

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, որն արդեն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում:   

Ձեւավորվել են նաեւ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը․ «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի խումբը ղեկավարում է գիտությունների թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը։

Թե ինչ սկզբունքով են փորձագիտական խմբերը ձեւավորվել, եւ ովքեր են այդտեղ ընդգրկված, Թ․ Ալեքսանյանն ասում է, որ իրենց խումբը ձեւավորվել է նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։ Խմբում ընդգրկված է 6 հոգի, որոնց հիմնական մասն այժմ էլ աշխատում է դպրոցում։ Իսկ ինքը համաձայնել է ղեկավարել փորձագիտական խումբը, քանի որ ոչ միայն դասագրքերի համահեղինակ է, այլ նաեւ նախորդ չափորոշիչների աշխատանքային խմբում է եղել, 2004-ից ուսուցիչների է վերապատրաստում, հեղինակ է ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների եւ կրթական խնդիրներին ծանոթ է մոտիկից։

«Հանրակրթության պետական չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգի մասին» նախագծով նախատեսվում է ուսուցչին տալ ստեղծագործելու եւ ազատությունների որոշակի հնարավորություններ։ Այդ ազատությունները գործնականում ինչպե՞ս են իրացնելու ուսուցիչները, որոշակի ուղղորդումներ լինելո՞ւ են։ «Այդ գործն արդեն սկսված է, մեր խմբի բոլոր անդամները մի քանի հարթակներում ուսուցիչների համար սեմինարներ են վարել, որի ընթացքում ցույց ենք տալիս դասավանդման նոր եղանակներ ու ձեւեր, որտեղ ամբողջ շեշտադրումն աշակերտի աշխատանքն է դասի ժամին եւ դասից դուրս»։

Թ․ Ալեքսանյանն ընդգծում է՝ նախորդ չափորոշիչները վատը չէին, պարզապես նախորդը չափելի չէր, հիմա աշխատել են այն դարձնել չափելի։ «Այսինքն՝ վերջնարդյունքների մեջ սահմանել ենք հասկացություն, ենթահասկացություն եւ դրա համար՝ 4-5 հատկորոշում, որ ուսուցիչը հստակ տեսնի՝ եթե ինքն ուզում է աշակերտի հաղորդակցական կարողությունները զարգացնել,  պետք է առաջնորդվի այս 4 հիմնական հատկորոշումներով եւ դրա շուրջ կառուցի իր ուսուցման գործընթացը եւ նաեւ աշակերտին գնահատի։ Այդ վերջնարդյունքներին հաջորդում է ծրագիրը, որը եւս հետաքրքիր ձեւով է կառուցված, որի սկզբունքը մեր բոլոր մյուս թիմերի համար նույնն է։ Այստեղ մենք հստակ տալիս ենք թեման, նպատակները, վերջնարդյունքները, այսինքն՝ այդ թեման որ անցավ, ի՞նչ վերջնարդյունքների պետք է հասնի»,- ասում է նա ու նկատում, որ մինչեւ վերջերս ընդունված էր երկչափ կրթությունը, երբ շեշտադրվում էին գիտելիքն ու կարողությունները, հիմա եռաչափն է ընդունվում՝ գիտելիք, կարողություն եւ հասկացություն։

«Եվ դա է պատճառը, որ բոլոր խմբերը սահմանել են որոշակի հասկացություններ։ Մենք վերցրել ենք հաղորդակցումը, ընթերցանությունը, քերականական համակարգը, խոսքի ստեղծում եւ արժեքային համակարգ, որը գնահատելի չէ։ Կա նաեւ մեկ այլ կարեւոր բան․ դա միջառարկայական կապերն են, օրինակ՝ եթե ես հեքիաթ եմ սովորեցնում, ինչքանո՞վ է դա կապվում ազգային մշակույթի, մեր կենցաղի, ազգային տոների, մարդկային հարաբերությունների, հայրենասիրության, արվեստի, օտար լեզուների, աշխարհագրության, պատմության հետ։ Այս առումով ուսուցումը տարրական դպրոցում դառնում է վերառարկայական, որովհետեւ աշխարհը դիտարկում ենք ամբողջության մեջ, միջին դպրոցում՝ միջառարկայական, իսկ ավագ դպրոցը՝ ավելի առարկայական, երբ աշակերտն ինքը պետք է ընտրի այն ուղղությունը, որն իրեն անհրաժեշտ է, եւ դրա համար այստեղ անհատական դասացուցակ է առաջարկվում»։

Ուսուցիչներից շատերի կարծիքով՝ անհատական դասացուցակը լավ է, եթե գիտակից աշակերտի հետ գործ ունեն, եւ մտավախություն չկա՞, որ եթե ողջ պատասխանատվությունն աշակերտի ուսերին է դրվում, գուցե այս մոտեցումն իրեն չարդարացնի։ Թ․ Ալեքսանյանն ասաց․ «Չգիտես ինչու, ուսուցիչները վախենում են աշակերտին իրենց դաշտ բերելուց, բայց սա միայն ուսուցչի վախն է, իհարկե, գուցե կլինեն այդպիսի աշակերտներ, բայց մենք ներքեւից իրենց պետք է բարձրացնենք որոշակի պատասխանատվության։ Այսինքն՝ հիմա աշակերտը միայն սպառող է, իրեն պետք է անընդհատ բացատրես, ուսերիդ դրած տանես, բայց աշակերտը պետք է պատասխանատվություն կրի իր ուսումնառության համար։ Մեր հայ դպրոցի հիմնական թերությունն այն է, որ աշակերտն անգործ նստած է, ուսուցիչը գրատախտակի մոտ խոսում է, երգում, պարում, հետո էլ ասում է՝ ես ամեն ինչ արեցի։ Մինչդեռ, եթե աշակերտը դասի ժամանակ եւ դասից դուրս չաշխատեց, նշանակում է՝ մենք կորցնում ենք աշակերտին որպես այդպիսին։ Իսկ եթե նա աշխատում է, ինքն է ուսուցչի ուղղորդմամբ գիտելիքին հասնում եւ արդեն որոշակի կարողություններ է մշակում իր մեջ։ Նա սովորում է գիտելիք ձեռք բերելու ճանապարհը եւ, ամենակարեւորը՝ ինչպես իր իմացածը հանրությանը ծառայեցնի»։

Փորձագիտական խմբի ղեկավարը շատ է կարեւորում ուսուցիչների մտածողության փոփոխությունը․ «Մենք նախատեսում ենք առանձին հանդիպումներ ուսուցիչների հետ, որոնց ընթացքում իրենց կբացատրենք, թե ինչ սկզբունքով է կառուցված այս ամբողջը, իսկ դրանից հետո եւ հենց հիմա մեր խումբը պատրաստում է որոշակի մոդուլներ, որոնցով մենք պետք է վերապատրաստենք ուսուցիչներին եւ իրենց հետ քայլ-քայլ աշխատելով՝ գանք։ Իսկ այդ ազատությունը, որ մենք տալիս ենք, եւս հետաքրքիր է, որը բնավ չենք պարտադրի։ Իհարկե, մենք կտանք ցանկեր, բայց ուսուցիչն ու աշակերտը միասին կարող են ընտրել գեղարվեստական երկ եւ դրա շուրջ աշխատել։ Եթե չի ուզում «Սամվելը» կարդալ, թող ընտրի ուրիշ պատմավեպ, որովհետեւ հիմնական նպատակը հաղորդակցման բանավոր եւ գրավոր խոսքի զարգացումն է, որն այսօր մեզանում բավական թույլ վիճակում է, դպրոցն ավարտում են եւ չեն կարողանում 2 բառ իրար կապել ու խոսել։ Պատճառներից մեկն էլ շատ խիստ քերականացումն է․ այստեղ էլ ենք բավականին լավ թեթեւացրել՝ գործնական քերականություն է լինելու, այսինքն՝ քերականության այն բաժինները, որոնք կօգնեն, որ խոսքդ կառուցես, ամբողջ շեշտադրումը լինելու է բանավոր եւ գրավոր խոսքի վրա։ Մենք ծրագրերը լավ բեռնաթափել ենք, առաջ ուղղակի հեղինակ էին անցնում վազեվազ, հիմա այդպես չէ․ անցնելու են ոչ թե հեղինակ, այլ՝ ստեղծագործություններ, որոնց տեքստերը հնարավորություն կտան զարգացնել լեզուն, պատկերավոր մտածողությունը, վերլուծել, քննադատաբար մոտենալ»։

Առաջիկայում նախատեսում են սեմինարներ՝ դասագրքեր կազմող հանձնաժողովների հետ, որի ժամանակ կբացատրեն իրենց մոտեցումները, բայց չեն կաշկանդի նրանց ստեղծագործական միտքը․ «Բայց, որ դասագրքերը պետք է փոխվեն, այդ թվում՝ առաջադրանքների տեսակները, դրանք պետք է լինեն միտք, երեւակայություն շարժող, լեզվամտածողություն զարգացնող, դա փաստ է»։

Ինչ վերաբերում է շտեմարաններին, ապա «մենք առաջարկում ենք աշակերտի խոսքը ստուգել, այսինքն՝ ե՛ւ 9-ում, ե՛ւ 12-րդ դասարանում աշակերտը կգրի շարադրանք, հիմա թե այդ շարադրանքն ինչ բովանդակություն կունենա, առաջարկում ենք, որ դա լինի նաեւ նախագիծ, որ աշակերտն աշխատի, ենթադրենք, 2 տարի, ինչ-որ հետազոտություն իրականացնի, իսկ ավարտին ներկայացնի որոշակի շարադրանքով իր վերլուծությունը։ Այս դեպքում դուրս է գալիս շտեմարանի կամ թեստի տարբերակը, ամեն դեպքում՝ մենք առաջարկել ենք։ Թե ինչ չափով կընդունվի՝ պարզ չէ»։

Այն, որ այլեւս անբավարար գնահատական չի լինելու, ապա «այն, ինչ կար, եւ բոլորն աչք էին փակում, հիմա արդեն օրենքի ուժ է ստացել, եւ որեւէ զարմանալի բան չկա։ Եթե աշակերտը դասին նստած էր, արդեն մի դրական գնահատական նշանակում էին, որ չմնար նույն դասարանում եւ փոխադրվեր։ Հետո վերջում հանկարծ հայտնաբերում էին, որ մարդը կարդալ, գրել չգիտի։ Մոտեցումները պետք է փոխվեն, եւ ուսուցիչը պետք է ընդունի, որ դասարանը մեկ դերասանի թատրոն չէ, այլ աշակերտների գործունեության վայր է, կրթական միջավայր, որտեղ պետք է աշակերտներն աշխատեն իր ղեկավարությամբ եւ ուղղորդումով»։