«Ազգային անվտանգության ռազմավարություն»` Պողոսի համար

«Ազգային անվտանգության ռազմավարություն»` Պողոսի համար

Հուլիսի 10-ին Անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության նոր տարբերակը` փոխարինելով դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ` 2007թ․ փետրվարին ընդունված փաստաթղթին։

Տարբեր պատճառներից ելնելով՝ սույն փաստաթուղթը դեռեւս չի արժանացել որեւէ քննարկման, բացառությամբ իմքայլական որոշ սուբյեկտների ֆեյսբուքյան գրառումները, որոնք կարելի է համարել ուղեկցող աղմուկ։ Մինչդեռ փաստաթուղթն ունի էական մի շարք խնդիրներ ու բացթողումներ, որոնք թերեւս կարելի էր ակնկալել ողջ աշխատանքային կենսագրությունը Թրանսփարենսի ինթերնեշնլների շողքի տակ Հայաստանի պետական համակարգի դեմ պայքարած պրոպագանդիստ ներկայիս Անվտանգության խորհրդի քարտուղարից։

Սույն փաստաթուղթն արեւմտյան ոճի նկարազարդումով կազմված գեղեցիկ կուրսային աշխատանք է։ Երկու-երեք անգամ ԱԽ տանիքի տակ հրավիրված փորձագետներից (թեեւ Ստյոպա Սաֆարյանից ինչ փորձագետ) շատերն ասում են, որ իրենցից որեւէ ներդրում չի եղել կամ չի քննարկվել։ ԱԽ-ում նույնպես, ինչպես հայտնի է, չկա որեւէ ինտելեկտուալ ներուժ՝ օգտակար ռազմավարական փաստաթղթեր գրելու կամ գոնե այդ պրոցեսը կազմակերպելու համար։
Փաստաթուղթը սկսվում է Նիկոլ Փաշինյանի նկարով եւ պատմությունից ու պատմության փիլիսոփայությունից որեւէ բան չհասկացող մարդու կամ մարդկանց կողմից գրված նախաբանով, որտեղ ամենահիշվող միտքը մ.թ.ա. 189-160թթ․ գահակալած Արտաշես Ա Բարեպաշտ արքայի ու մեր ժամանակների միջեւ արված ծիծաղելի համեմատությունն է։

Իհարկե, նշվում է նաեւ համեղ հայկական խոհանոցը՝ որպես ազգային արժեք։ Խոհանոցից մի քիչ վերեւ հեղինակներն ազգային արժեքների շարքում նշում են նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին (ճիշտ անվանումը` Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի, համաձայն գործող Սահմանադրության 18 հոդվածի), Հայ կաթողիկե, Հայ ավետարանական եկեղեցիները: Հարց է ծագում, թե ինչու, օրինակ, առանձին չեն նշել Փաշինյանի սրտի կաթողիկոս Արամ Ա-ին։ Իսկ եթե ավելի լուրջ` եթե նշվում էին փոքր համայնքներ ունեցող կաթոլիկներն ու ավետարանականները, ինչո՞ւ չեն նշել հայ բողոքականներին եւ ներկայումս Թուրքիայում բնակվող համշենահայերին ու իսլամադավան հայերին։ Նրանք հայ չե՞ն։

Այս կուրսային աշխատանքի շատ պարբերություններ արտատպված են կա՛մ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից, կա՛մ գերատեսչական փաստաթղթերից։ Չկա մտքի թռիչք կամ տեսլական առ այն, թե ինչպես է Հայաստանն արձագանքելու առկա սպառնալիքներին, որոնք պարզ են նույնիսկ առանց այս ռեֆերատի։ Ամենակարեւորը` այս փաստաթղթի հեղինակը, ըստ երեւույթին՝ հենց ապագա գործազուրկ Արմեն Գրիգորյանը, չի հասկանում այս փոքր, բայց շատ հպարտ երկրի առջեւ ծառացած խնդիրների խորությունը կամ, ավելի ճիշտ, գրել է այնպես, ինչպես տարիներ շարունակ քարոզչական ֆեյսբուքյան հնարքներով գրել-ջնջել է «Թրանսփարենսիի» գրասենյակից։

Մասնավորապես, մեր հարաբերությունների «իրավահավասարությունը» պետք էր մտցնել Ռուսաստանի աչքը, ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն դիտարկել մեզ համար հավասար հարթություններում, Ռուսաստանը պետք է մեզ էժան զենք տա ու անվտանգություն ապահովի, իսկ Եվրամիությունը՝ օգնի զարգանալ։ Սրանք այն ծանծաղ մտածողության գաղափարներն են, որոնցով տարված են եղել ՀԿ-ական համարվող ակտիվիստները «Սերժի ժամանակ»։

Այս փաստաթուղթն արդեն իր առաջին փորձությունն է անցնում` Տավուշում Ադրբեջանի ռազմական արկածախնդրության ֆոնին։ Իհարկե, փայլուն են գործում զինվորական հրամանատարությունը եւ գեներալ Խաչատուրովի որդի գեներալ Խաչատուրովը, իսկ Փաշինյանն ու Մնացականյանը դեռ չեն կարողանում Հայաստանի շահերից բխող որեւէ միջազգային արձագանք ապահովել։ Կրակը դադարեցնելու միջազգայինների կոչերն անատամ ու թույլ են, Հայաստանի տարածքի ռմբակոծումն ուղիղ չի քննադատվում, Ռուսաստանը հերթապահ հայտարարություններ է անում, Վրաստանը միացավ հակահայկական հայտարարության, ժողովրդավարության փարոս եւ Արմեն Գրիգորյանի ու Զոհրաբ Մնացականյանի երազանքների կազմակերպության` ԵՄ հանձնակատար Ժոզեֆ Բորելը բավարարվեց անիմաստ թվիթերյան գրառմամբ… Իսկ ինչ անել «հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդող ռազմաքաղաքական դաշինքների եւ դրանց մաս կազմող երկրների միջեւ տարաձայնությունների խորացման» դեպքում․ Արմեն Գրիգորյանը չի գրել։ Ավելին, ներկա պայմաններում չի իրականանում նաեւ իմքայլականների խոստումը, թե ժողովրդավարական Հայաստանին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շտապելու են պարուրել սիրով ու աջակցությամբ։ Այն մասին, թե ինչ անել, եթե երազանքները չեն կատարվում, ռազմավարությունում նույնպես խոսք չկա։

Ի դեպ, անհասկանալի մնաց, թե ինչու Փաշինյանը հուլիսի 10-ի նիստին չէր հրավիրել նաեւ թղթեր ստորագրելու մեծ սիրահար Արմեն Սարգսյանին (բայց հրավիրել էր ամեն կերպ ԱԽ խցկվել ցանկացող Արարատ Միրզոյանին), եւ ինչու վերջինս նույնպես չէր գրել որեւէ երկտող այս փաստաթղթում։ Եվս մեկ անիմաստ տեքստից այս ռեֆերատը հաստատ չէր տուժի։
Այսպիսով, շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում ստացվել է անիմաստ ու ձանձրալի տեքստ` մեկանգամյա օգտագործման համար, որտեղ միայն ազգային արժեք «հայկական խոհանոցի» ներառումը կուրախացնի «մեր հարեւան Պողոսին»։

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ