Նրանք Մեհրիբանի՞ «շեհիդներն» են

Նրանք Մեհրիբանի՞ «շեհիդներն» են

Ալիեւյան քարոզչամեքենան կամ լիովին մաշվել է, կամ Ադրբեջանում իրոք երկիշխանություն է: Տեղեկություն է տարածվել, որ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան կարգադրություն է արել, որպեսզի վերջին մարտերում սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերվի: Մինչ այդ նման հարցերը կարգավորում էր անձամբ Իլհամ Ալիեւը՝ որպես ադրբեջանական ժողովրդի «հոգատար հայր»: Մեհրիբան Ալիեւայի այս նախաձեռնությունից կարելի է ենթադրել, որ սահմանային լարվածությունը սադրվել է նրա հրահանգով, ուստի ինքն էլ հետեւանքները մաքրում է: Կամ էլ «ժողովրդի հոր» կերպարը հիմնավին արժեզրկվել է եւ կարիք կա ունենալ նոր՝ «ժողովրդի գթառատ մոր» սիմվոլիկա:

Գրեթե բոլորն են պնդում, որ կադրային վերջին փոփոխությունները, մանավանդ՝ արտգործնախարարի պաշտոնում Ջեյհուն Բայրամովի նշանակումը, կատարվել են Մեհրիբան Ալիեւայի ցանկությամբ: Բաց է մնում պաշտպանության նախարարի հարցը: Եթե Մեհրիբան Ալիեւային հաջողվի այդ պաշտոնում նշանակել ՊԱԾ ներկայիս տնօրեն Մադաթ Գուլիեւին, ապա, թերեւս, հնարավոր կլինի արձանագրել, որ Ադրբեջանում «սահուն իշխանափոխությունն» այլեւս անշրջելի է, եւ Իլհամ Ալիեւը հեռանում է: Minval.az-ն արձանագրում է Ռուսաստանի մոտեցման փոփոխություն՝ հօգուտ Ադրբեջանի:

Տարեսկզբին Կրեմլում ՌԴ նախագահ Պուտինը ընդունել էր Մեհրիբան Ալիեւային: Մեկնաբանների մեծ մասը հակված է ենթադրելու, որ այդ ընթացքում քննարկվել է Ադրբեջանում իշխանության փոխանցման հարցը: