Իրենք սարքել են, իրենք էլ բողոքում են ստեղծված իրավիճակից

Իրենք սարքել են, իրենք էլ բողոքում են ստեղծված իրավիճակից

Հատկապես այն պահից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները բարձրաձայնեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ նրա կազմում, արվել են մի շարք հայտարարություններ, որոնք մի ընդհանուր օրինաչափություն ունեն. իրենք հայտարարում են, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, իրենք էլ զարմանում ու բողոքում են, որ Ալիեւը փակել է Լաչինի միջանցքը եւ պաշարել Արցախը՝ պահանջելով, որ հայերն ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, Արցախի ու Սյունիքի տարածքով միջանցք է ուզում եւ այլն։ Բաներ, որոնք բխում են Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու փաստից: Զարմանալի է, որ միջազգային հարթակներում որեւէ երկրի ներկայացուցիչ չի ասում. եղբայր, դուք եք ձեր կամքով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ նրա կազմում, հիմա մեզնից ի՞նչ եք ուզում: Չէ՞  որ մի բան է որեւէ ազգի ներկայացուցիչ լինելը, մեկ այլ բան՝ որեւէ երկրի  բնակիչ լինելը:

Ասենք՝ որեւէ ազգի ներկայացուցիչներն ապրում են մեկ այլ երկրում, ինչ է, այդ երկրից պետք է պահանջեն, որ իրենց ինքնավարությո՞ւն տա: ՀՀ իշխանությունները կա՛մ չեն գիտակցում, որ իրենց բոլոր դժբախտությունները գալիս են նրանից, որ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, կա՛մ լավ էլ գիտակցում են, ուղղակի Արցախը համարում են ավելորդ գլխացավանք եւ ուզում են ազատվել նրանից:

Հուլիսի 8-ին Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովում «Համաշխարհային կարգը խախտված է. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» քննարկման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերությանը․ «Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության եւ անկախ դատական համակարգի ամրապնդմանը»։ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, շեշտել է էթնիկ զտման վտանգը:

«Չեմ կարող խոսքս սահմանափակել միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ անվտանգային իրավիճակը ենթադրում է նաեւ Հարավային Կովկասում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող հարցերի հետ կապված որոշ թեմաներ: Քանի որ մենք խոսում ենք խախտված աշխարհակարգից, պետք է որոշ դիտարկումներ անեմ այն արտաքին սպառնալիքների եւ մարտահրավերների վերաբերյալ, որոնց առերեսվում է Հայաստանը: Հիմա խոսում ենք համաշխարհային կարգի, միջազգային իրավունքի եւ կանոնների խախտման մասին: Մենք խոսում էինք այս ամենի մասին՝ սկսած 2020 թվականից, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց ԼՂ-ում: Մենք բարձրաձայնում էինք այս մասին, սակայն այդ պահին աշխարհի միայն մի քանի երկրներ մեզ ականջալուր եղան, իսկ այժմ բոլորն առերեսվում են առավել մեծ խնդրի հետ: Մենք ներկայացնում էինք մեր խնդիրները, որոնք մաս են կազմում առավել մեծ հիմնախնդրի՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչին այսօր բախվել են բոլորը: ՀՀ ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ենթարկվեց ներխուժումների, եւ այս համատեքստում ես պետք է մեր երախտիքը հայտնեմ ԵՄ-ի կողմից շատ արագ արձագանքելու կապակցությամբ, ինչը, ի դեպ, գուցե մի փոքր անսպասելի էր ԵՄ պարագայում: ԵՄ-ն արագ որոշում կայացրեց՝ մշտադիտարկման առաքելություն ուղարկել՝ Հայաստանի եւ մեր արեւելյան հարեւան Ադրբեջանի միջեւ պետական սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով: ԵՄ դիտորդները ներկայում այնտեղ են եւ իրականացնում են իրենց առաքելությունը: Սա էական գործոն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի կայունության համար, եւ մենք շնորհակալ ենք դրա համար: Սակայն սա խնդրի միայն մի մասն է. առկա է նաեւ ԼՂ հայ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը: Մենք չենք կարող աչք փակել եւ ձեւացնել, թե չկա նման խնդիր. կա խնդիր, եւ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլորի խնդիրն է: ԼՂ-ում ժողովուրդն առերեսվում է իրական էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգին: Եթե աշխարհակարգը, որի մասին մենք խոսում ենք եւ երազում, հիմնված է արժեքների վրա, ուրեմն մարդկությունը դեռ ունի հնարավորություն: Եթե խոսքն արժեքների մասին է, ուրեմն չենք կարող զերծ մնալ այս խնդիրը լուծելուց, քանի որ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին, եւ քաղաքականությունը մարդկանց կյանքը բարելավելու մասին է: Սա բարդ իրավիճակ է, որով մենք պետք է զբաղվենք. առաջին հերթին` գիտակցել, երկրորդ հերթին` առավել մեծ ջանքեր ներդնել` կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումները, կա նման հնարավորություն: Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, փորձում ենք լուծումներ գտնել, թեեւ բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի. վերջինիս համար հարկավոր է զուգընկեր, խաղաղության համար եւս հարկավոր է, որ ձեր հարեւանը պատրաստ լինի խաղաղություն հաստատել, տեւական խաղաղություն: Միայնակ հնարավոր է պատերազմ սկսել, բայց հնարավոր չէ հասնել տեւական խաղաղության: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց դրան զուգահեռ մենք դեռեւս բախվում ենք ուժի սպառնալիքի եւ բուն ուժի կիրառմանը, ինչպես նաեւ ականատես ենք լինում ԼՂ շրջափակման: Սա նույնիսկ շրջափակում չէ, սա ԼՂ պաշարում է. բավականին երկար ժամանակ է, ինչ սնունդ եւ դեղորայք չեն մատակարարվում Լեռնային Ղարաբաղ։ Մարդիկ պաշարված են։ Եվ սա խնդիր է, որը, ցավոք, մենք միայնակ չենք կարող լուծել, ունենք ձեր աջակցության կարիքը: Կարծում եմ, յուրաքանչյուրն ունի կամ պետք է ունենա պատասխանատվության իր սեփական բաժինը։ Եթե մենք ուզում ենք ապրել ոչ թե քաոսի, այլ կարգուկանոնի մեջ»:

Այս բոցաշունչ ելույթից ուզում եմ առանձնացնել 2 միտք՝ ՀՀ տարածքների օկուպացման եւ Արցախի պաշարման մասին: Երկուսի առնչությամբ դժգոհություններն էլ գալիս են նրանից, որ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի տարածք եւ փոխանակ իրենց մեղադրելու, մեղադրում են Ադրբեջանին, մասնակիորեն՝ նաեւ միջազգային հանրությանը: Նույնն է, որ առանց մտածելու մի քայլ անես, հետո պարզվի, որ սխալ ես արել, դրանից հետո սկսես՝ բացի քեզնից, ում ասես մեղադրել։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ