Միակ բացառությունը Կարեն Դեմիրճյանի թանգարանն է

Միակ բացառությունը Կարեն Դեմիրճյանի թանգարանն է

Հայաստանում բազմաթիվ թանգարաններ կան, բայց, իմ տպավորությամբ, դրանք մեծ մասամբ մշակութային գործիչներին նվիրված թանգարաններ են: Ավելի փոքրաթիվ են պատմության թանգարանները` Էրեբունի արգելոց-թանգարանն է, Հայաստանի պատմության թանգարանը, Երեւանի պատմության թանգարանը, Սարդարապատի թանգարանը, երկրագիտական թանգարանները՝ մարզերում, գուցե եւս մի քանիսը, որ վերջնահաշվում եւ հանրագումարում, սակայն, աննշան թիվ են կազմում` ի տես այն իրողության, որ այսօր մենք գտնվում ենք Ք. ծ. հ. 2023 թվականում, սակայն հայոց տոմարի եւ պատմության 4515-րդ տարում: 

Աշխարհում քանի՞ ժողովուրդ գոյություն ունի, որ 4515 տարվա ազգային պատմություն ունի ու դրանից էլ վաղնջական ժամանակների պատմական հիշողություն: Եվ, այդքանով հանդերձ, Հայաստանում, էլ չեմ ասում՝ Հայաստանի սահմաններից դուրս, քանի՞սը գիտեն, որ մենք Էրեբունի-Երեւանից 1000 տարով ավելի հին քաղաք ունենք Հայաստանի տարածքում` Արմավիրը: Եթե Էրեբունին հիմնադրվել է 782թ․ Ք. ծ. ա.՝ Արարատյան (Ուրարտական) արքաների կողմից, ապա Արմավիրը հիմնադրվել է Ք. ծ. ա. 1980թ․՝ Հայկազունիների արքայատան գահակալների կողմից: Իսկ Արմավիրում կա՞ մի թանգարան, որ այդքանը պատմի եւ ցուցադրի սերունդներին: Իհարկե` ոչ: 

Կամ՝ քանի՞ հայաստանցի, էլ չեմ ասում՝ օտարերկրացի գիտի, որ Երեւանից 20-30 կմ հեռավորության վրա գտնվող Արտաշատ քաղաքը հիմնադրվել է անտիկ աշխարհի մեծագույն ռազմական եւ քաղաքական գործիչներից մեկի` Կարթագենի զորավար Հաննիբալի հատակագծով եւ մասնակցությամբ, ով Հռոմի դեմ մղած պատերազմներից հետո հյուրընկալվել էր հայոց Արտաշես Առաջին արքային եւ մի տեւական ժամանակ բնակվել է հայոց արքունիքում: Արտաշատում ունե՞նք մի թանգարան, որն այդքանը այցելուներին պատմի, հայոց Արտաշիսյան արքայատան գահակալների` Արտաշես I-ին, Տիգրան Մեծին, Արտավազդ II-ին ու մյուսներին ներկայացնի: Իհարկե` չունենք: Եվ այդպիսի տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր օրինակներ կարելի է բերել:

Առանց չափազանցության, աշխարհում հազիվ չորս-հինգ ժողովուրդ գտնվի, որ այնքան հին ու փառահեղ պատմություն ունի, որքան մենք, բայցեւ այդքան անփույթ գտնվի իր պատմությունը պատշաճ ուսանելու, էլ չասած՝ մնացյալ աշխարհին ներկայացնելու հարցերում, որքան մենք: Բայց եթե պատմությանը նվիրված թանգարանները որքան էլ անբավարար, այնուամենայնիվ, կան, ապա պատմական, քաղաքական գործիչներին նվիրված թանգարաններ գրեթե չկան: Ո՛չ հայոց գահակալներին եւ թագավորությունների ժամանակներին նվիրված թանգարաններ գոյություն ունեն, ո՛չ առաջին, երկրորդ կամ երրորդ հանրապետությունների ժամանակներին եւ գործիչներին նվիրված:

Իմ իմացած միակ բացառությունը Կարեն Դեմիրճյանի թանգարանն է: Մինչդեռ ինչի՞ց է հյուսվում ազգային պատմությունը: Հազարամյակների հեռավորությունից, դիցուք, Հայկազունիների, Երվանդունիների, Արարատյան արքայատան, Արտաշիսյան հարստության մասին մենք այսօր ի՞նչ գիտենք՝ գահակալների անուններից ու նրանց գործերից բացի: Հենց գահակալներն ու առաջնորդներն են այն առանցքը, որի շուրջ հյուսվում է ժողովրդի պատմությունը: Մի իրողություն, որ մենք կարծես չենք ընկալում՝ դատելով նրանից, թե քաղաքական պետական առաջնորդներին, ժամանակաշրջաններին նվիրված քանի թանգարան, գրադարան կամ հաստատություն ունենք: 

Կարեն Դեմիրճյանի թանգարանը

Կարեն Դեմիրճյանը եղել է Խորհրդային Հայաստանի, այլ կերպ ասած` Հայաստանի Երկրորդ Հանրապետության, ըստ էության, վերջին ղեկավարը, եւ ներկայիս Հայաստանի ազգաբնակչության երեւի կեսը ծնվել կամ ապրել է նրա իշխանության օրոք (1974-88թթ.): Քանի որ Դեմիրճյանի ժամանակները շատերը, այդ թվում՝ մշակութային գործիչները, սիրով, ջերմությամբ, հպարտությամբ են հիշում, Դեմիրճյանի թանգարանում նրանք ուրախությամբ հյուրընկալվում են: Ես, դիցուք, չգիտեմ՝ Հայաստանում քանի թանգարան, նույնիսկ համերգասրահ գոյություն ունի, որտեղ Կոմիտասի անվան լարային քառյակն ամբողջական կազմով, 1-2 ժամ տեւող երաժշտական հայտագրով հանդես կգա: Բայց այս գարնանը՝ ապրիլին, Կոմիտասի անվան լարային քառյակի (Էդուարդ Թադեւոսյան, Սյուզի Երիցյան, Ալեքսանդր Կոսեմյան, Անժելա Սարգսյան կազմով) համերգին Կարեն Դեմիրճյանի թանգարանում ինքս ներկա եմ եղել: Համերգը կազմակերպվել էր «Կարեն Դեմիրճյան հիմնադրամի» նախաձեռնությամբ: 

Այդ հիմնադրամը ստեղծվել է տարիներ առաջ, Դեմիրճյանների ընտանիքի կողմից, այժմ այն ղեկավարում է Ստեփան Դեմիրճյանի կինը` Թամարան (Տոման): Հիմնադրամի հանգամանքն է բացատրում Կոմիտասի անվան լարային քառյակի նման նշանավոր համույթի` այդքան փոքրաթիվ լսարանի առջեւ (երեւի 100-150 հոգի) հանդես գալը, երբ երեւանյան մեծ դահլիճներում անգամ նրանց ունկնդրելու հնարավորությունները շատ չեն: Ինչպես պրն Էդուարդ Թադեւոսյանն ասաց համերգի վերջում, իրենք հաճույքով ընդունել էին համերգային ծրագրով հանդես գալու հրավերը, քանի որ դա առիթ էր՝ հարգանքի տուրք մատուցելու Դեմիրճյանի հիշատակին եւ երախտագիտությունը հայտնելու այն հոգատարության համար, որ խորհրդային ժամանակներում Դեմիրճյանի ղեկավարման տարիներին ցուցաբերվել է մշակութային արժեքների եւ գործիչների հանդեպ:

Նույն բացատրությունն ուներ հայաստանյան մեկ այլ հայտնի համույթի` մանկահասակ երաժիշտներին միավորող «Նոր անուններ» ծրագրի համերգը Դեմիրճյանի թանգարանում` ամռան սկզբին: Այդ երեխաներն այնքան փոքրահասակ են, որ ո՛չ Խորհրդային Հայաստանի, ո՛չ խորհրդային ժամանակների եւ առաջնորդների մասին հիշողություն ունենալ չեն կարող: Պարզապես ծրագիրը հիմնադրվել է 1988-ին, Սպիտակի երկրաշարժից հետո՝ այն ժամանակվա ՀՀ մշակույթի փոխնախարար տիկին Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ: Երկրաշարժի օրը, թե հաջորդ օրերին կառավարության մյուս անդամների նման տիկին Մեքինյանը գործուղված է եղել աղետի գոտի եւ ավերակների, զոհերի մեջ կանգնած՝ մտածել է, թե ինքն ինչ կարող է անել, ինչով կարող է օգտակար լինել: Եվ ահա Գյումրիի երաժշտական դպրոցներից մեկի ավերակների մոտ այդ միտքն է ծնվել` Գյումրիի երաժշտական դպրոցների առավել տաղանդավոր սաներին մի ծրագրում ընդգրկել եւ նրանց աջակցելով՝ ժողովրդի վերընձյուղման եւս մի շիվ բարձրացնել: Այդպես ծնվել է «Նոր անուններ» ծրագիրը: Երեքեւկես տասնամյակ անց արդեն որերորդ սերունդն է բեմ բարձրանում այդ ծրագրում, այսօրվա երեխաները ծնվել են 1988-ից եւ «Նոր անունների» ծնունդից տասնամյակներ հետո, սակայն թվում է՝ խորհրդային ժամանակների, մշակութային վերելքի, կոլորիտի մասին իրենց այնքան է պատմվել

«Նոր անունների» ստեղծման, անցած ուղու համատեքստում, որ թվում էր՝ այսօրվա փոքրիկներն էլ այդ ժամանակների հետ կապող հոգեհարազատության զգացում ունեն: 

Ավելի կարեւորը` այս փոքրիկներն ակնհայտորեն Հայաստանն աշխարհին ներկայացնելու գիտակցում եւ պատասխանատվություն ունեն: Այդ երեխաները Փարիզի համերգասրահներից մինչեւ Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, Մեխիկոյից մինչեւ Բուենոս-Այրես համերգներ են ունենում եւ ծափահարություններ նվաճում, ինչն էլ առիթ տվեց Դեմիրճյանի թանգարանում կայացած համերգից հետո նրանց ասելու. «Փոքրիկնե՛ր, Դուք Հայաստանի դեսպաններն եք աշխարհում, որ մեծ հաջողությամբ եք մեր մշակույթը ներկայացնում: Ո՜ւր էր, թե ԱԳՆ-ում աշխատող դեսպաններն էլ ձեր չափ տաղանդավոր եւ հաջողակ լինեին»: 

ԱԳՆ-ում երբեւէ կլինե՞ն դեսպաններ, որ այնպես հիացնեն ու հպարտություն ներշնչեն, ինչպես «Նոր անունների» փոքրիկ երաժիշտները` չգիտեմ: Սակայն փոքրիկները (ոմանք իրապես այնքան փոքրիկ են, որ թվում է՝ մանկապարտեզի սաներ են, եւ տեսնել էր պետք, թե ինչպես են իրենց հասակից մեծ գործիքների վրա այդքան վարժ նվագում) արժանի են նրան, որ իրենց անունները թվարկվեն. Արտյոմ Աբրահամյան` դաշնամուր, Եվա Ներսիսյան՝ ֆլեյտա, Մենուա Մելիք-Հայկազյան`դաշնամուր, Դավիթ Բաբայան` ջութակ, Մարիա Ներսիսյան` դաշնամուր, Լուիզա Մելքումյան` սանթուր, Մերի Մուսինյան` քանոն, Քրիստինե Ենգոյան` քանոն, Արսեն Բալայան` կլարնետ, Անի Մարգարյան` վոկալ, Ավետիս Էսկենյան` ֆլեյտա, Էռնա Քասինյան՝ սաքսոֆոն: Ծրագրի ղեկավարն այսօր էլ տիկին Սիլվա Մեքինյանն է, պրոդյուսերը` Նոնա Ոսկանյանը:

Մշակույթը, իհարկե, մի կողմից հավերժության է հավակնում, մյուս կողմից ժամանակի կոլորիտն է արտահայտում: Դեմիրճյանի հիմնադրամը եւ թանգարանը հենց այդ՝ Խորհրդային Հայաստանի կոլորիտը, ժամանակաշրջանի ոգին պահպանելու եւ ներկայացնելու առաքելություն են ջանում իրականացնել` ցուցանմուշներից մինչեւ միջոցառումներ, ինչը դրվատանքի է արժանի: Ինչը, սակայն, նաեւ հարցեր է առաջացնում` ինչո՞ւ առաջին կամ երրորդ հանրապետությունների ժամանակների եւ գործիչների համար նույնը չի արվում: 

Գուցե մեկը վերջապես նախաձեռնի՞

Այն, որ խորհրդային ժամանակները հիշում, պահպանում եւ ներկայացնում են Կարեն Դեմիրճյանի թանգարանում, հրաշալի է, բայց Խորհրդային Հայաստանից առաջ Առաջին Հանրապետություն է եղել` 540-ամյա ընդմիջումից հետո մեր վերականգնված պետականությունը, հայոց իրավունքների ճանաչմանը հասած եւ Սեւրի դաշնագիրը ստորագրած հայոց պետությունը, բոլշեւիզմի դեմ ընդվզած ու փետրվարյան ապստամբությունը բարձրացրած մեր ինքնությունը: Կամ՝ Խորհրդային Հայաստանից հետո Երրորդ Հանրապետությունն է, մեր անկախության վերականգնումը, անկախության ատրիբուտներ հանդիսացող ինստիտուտների հիմնադրումը` ԱԳՆ-ից ու Զինված ուժերից մինչեւ Սահմանադրություն, հայկական դրամ ու բանկային համակարգ, Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմները եւ այլն: Երրորդ Հանրապետության անցած ուղին՝ իր նվաճումներով ու կորուստներով, մեր այսօրն է եւ ապագան: Մենք ի՞նչ ենք անում այդ անցած ուղին պահպանելու, կանոնակարգելու, սովորելու եւ իմանալու համար… 

Ասենք՝ 88-ի Ղարաբաղյան շարժմանը, անկախության հռչակմանը եւ այլ դարակազմիկ իրադարձություններին նվիրված մի թանգարան, գրադարան, կամ հաստատություն ունե՞նք, որտեղ փաստագրական նյութ հասանելի, Գերմանիայի Բեռլինի պատի թանգարանի նման՝ տեսանյութեր ցուցադրվեն, այդ իրադարձությունների մասնակիցների հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպվեն, պատկերավոր ասած` անցյալը կենդանի պահվի ու ներկայի հետ կապվի: Փաստ է` չունենք (եթե չհաշվենք 1999-ի «Միասնություն» դաշինքի մասին փոքր ցուցադրությունը` Դեմիրճյանի թանգարանում)։ 

Հետեւաբար, Կարեն Դեմիրճյանի թանգարանի եւ հիմնադրամի հաջողված օրինակին հետեւելով՝ գուցե առաջին եւ երրորդ հանրապետությունների ժամանակներին նվիրված հաստատություններ ստեղծվելու մասի՞ն մտածվի` հանուն մեր հիշողությունը մեր պատմության լիցքին ու մասշտաբին մոտեցնելու հրամայականի: