Թուրքական ուլտիմատում Հայաստանին` բավարարեք Ադրբեջանի պահանջները 

Թուրքական ուլտիմատում Հայաստանին` բավարարեք Ադրբեջանի պահանջները 

Մինչ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ խրոխտ տեքստեր է արտասանում Ադրբեջանի կողմից իրագործվող հակահայ քաղաքականության մասին, նրա իշխանության ներկայացուցիչներն իր իսկ հանձնարարությամբ փակ հանդիպումների ժամանակ փորձում են ներկայացնել իշխանության իրական նարատիվները` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում լավագույն տարբերակը հանձնվելն է: Դիմադրությունը ոչ միայն անօգուտ է, այլեւ՝ անարդյունավետ. Ադրբեջանը, միեւնույն է, ստանալու է իր ուզածը, իսկ մենք հավելյալ կորուստներ ենք ունենալու: Օրերս փաշինյանական իշխանության ներկայացուցիչները փակ հանդիպում են ունեցել փորձագետների հետ՝ իբրեւ թե ստեղծված իրավիճակի շուրջ անկեղծ եւ բաց խոսակցություն ունենալու համար, բայց լուսաբանման ոչ ենթակա:

Ըստ հանդիպմանը մասնակցած մեր զրուցակցի՝ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին, ասել է, որ Թուրքիան Հայաստանին մեկ ամիս ժամանակ է տվել՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ինչը կնշանակի հարաբերությունների կարգավորում նաեւ Թուրքիայի հետ, եթե այդ ընթացքում Հայաստանը չհասցնի կատարել թուրք-ադրբեջանական պահանջները, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին կարելի է մոռանալ, դրանք կարխիվացվեն: 

Թուրքիայի կողմից այս ուլտիմատում- սպառնալիքը միայն մի բան է նշանակում. ձեզ մեկ ամիս ժամանակ ենք տալիս՝ Ադրբեջանի պահանջներն ընդունելու եւ կատարելու համար: Դրանից հետո մեզ հետ երկխոսելու հնարավորություն չեք ունենա, մենք անցնելու ենք գործողությունների: Թուրքիայի իշխանությունները հասկացրել են, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններն իրարից տարանջատելու, Թուրքիային իբրեւ քաղաքակիրթ եւ կառուցողական, իսկ Ադրբեջանին՝ ագրեսիվ եւ անզիջում ներկայացնելու Հայաստանի իշխանության պրիմիտիվ փորձերը ձախողված են: Թուրքիային ցամաքային կապ է պետք Ադրբեջանի հետ, Զանգեզուրի միջանցքի իրական տերն ու շահառուն Թուրքիան է, ուղղակի դա անում է Ադրբեջանի անունից: Թուրքիան հասկացնում է, որ Հայաստանի հետ չի լինելու ոչ մի հարաբերությունների կարգավորում, սահմանի բացում, քանի դեռ իրենք չեն տիրացել իրենց ուզածին:

Վերջին հայ-թուրքական բանակցությունները տեղի են ունեցել ավելի քան մեկ տարի առաջ` 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում: Այս ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ամենասեղմ ժամկետում հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին, բայց այս հարցում որեւէ առաջընթաց չկա: Դրանից հետո Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած թուրքական քաղաքներ, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, հայտարարել է հայ ժողովրդի պատմությունն ուրանալու իր պատրաստակամության մասին, բայց ոչ մի ստորացում եւ նվաստացում չի օգնում: Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում են իրենց զիջել Սյունիքի մի մասը, որ իրենք Զանգեզուրի միջանցք ունենան: Պարզվում է, որ հիմա էլ ուլտիմատիվ սպառնալիք են ներկայացնում, որ եթե մեկ ամսվա ընթացքում այդ պահանջը չբավարարվի, բանակցությունները կդադարեցվեն, եւ իրենք ուժով կստանան իրենց ուզած միջանցքը:

Ռուբինյանը չի խոսում Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցք տալու մասին, Հայաստանի իշխանություններն այնպես են խաղում, թե միջանցքն իրենց համար կարմիր գիծ է՝ անընդունելի գաղափար: Բայց մյուս կողմից հանրությանն ուզում են համոզել, որ դրա այլընտրանքը նոր պատերազմն է Թուրքիայի եւ Ադրբեջան հետ: Հայաստանն էլ այդ պատերազմում հաղթելու որեւէ հնարավորություն չունի: Իրենց ասածն այն է, որ ընտրությունը երկու հնարավոր տարբերակների միջեւ է. դիմադրենք, պատերազմենք՝ զիջենք, թե բանակցենք՝ խաղաղ եւ անկորուստ հանձնենք: Մենք ներկայացնում ենք իրականությունը, մնացածը դուք գիտեք, դուք որոշեք:

Այս հանդիպման ժամանակ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկացնել, որ նման մի ընտրության առաջ էլ արցախահայերն են կանգնած. կա՛մ համաձայնում են Ադրբեջանի պայմաններին եւ ինտեգրվում են ադրբեջանական պետական կառույցներին եւ հասարակական ինստիտուտներին, Արցախը դառնում է Ադրբեջան, արցախահայերը՝ ադրբեջանցի, կա՛մ հակադրվում են ու պարտադրված են լինում լքել Արցախը: Հանդիպմանը մասնակցող Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, ի պատիվ իրեն, հակադարձել է՝ ասելով, որ կա նաեւ երրորդ տարբերակը` Արցախում այս պահին 10 հազարից ավելի տղամարդ պատրաստ է զենք վերցնել եւ պատերազմել՝ իր հայրենիքում, իր տանն ապրելու իրավունքի համար: Քանի որ Փաշինյանին եւ նրա իշխանության ներկայացուցիչներին «պայքարել» բառը եւ երեւույթը խորթ ու անընդունելի են, Ղազարյանին փորձել են բացատրել, որ այդ տարբերակը պետք է բացառել, որովհետեւ Ադրբեջանի դեմ պատերազմելն անհեռանկարային է:

Փաշինյանը, Ռուբինյանը եւ գործող իշխանությունը, ընդհանրապես, առաջնորդվում են առեւտրականի հոգեբանությամբ. մասը միշտ փոքր է ամբողջից, ավելի լավ է զիջենք մասը, քան ամբողջը: Խոսքն այս դեպքում ոչ միայն Հայաստանի եւ Արցախի մասին է, այլեւ՝ իշխանության: Փաշինյանական իշխանությունը պատրաստ է զիջել Արցախի, Սյունիքի, Հայաստանի այլ տարածքների նկատմամբ ունեցած իր իշխանությունը՝ մնացածի վրա իշխանությունը պահելու համար: Քանի դեռ իրենք Երեւանում իշխանություն ունեն եւ կարողանում են տնօրինել հանրային միջոցները, ամեն ինչ լավ է: 

Ավետիս Բաբաջանյան