Փաշինյանն իջեցնում է ոչ միայն Արցախի կարգավիճակի նշաձողը

Փաշինյանն իջեցնում է ոչ միայն Արցախի կարգավիճակի նշաձողը

Այս տարվա ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»: 
Նախ փաստենք, որ Նիկոլի Հայաստանը բարեկամներ չունի, 44-օրյա պատերազմի ընթացքն ու արդյունքը՝ վկա: Եվ արձանագրենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեցին գերտերությունների, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային կենտրոնների հայտարարություններ, քայլեր ու գործողություններ, որ ապացուցեցին Նիկոլի անհասցե, անանուն խոսքի կեղծ լինելը: Սա նկատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով սեփական նախաձեռնությամբ իջեցնում է Արցախի կարգավիճակի նշաձողը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժինը սեպտեմբերի 3-ին տեղեկացրեց, որ Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին եւ Լիլիթ Սարգսյանին։ Հանդիպմանը ներկա է եղել Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չկա Լիլիթ Սարգսյան անունով պատգամավոր, կա Լիլիթ Ստեփանյան պատգամավոր, եւ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի տարածած լուսանկարում հենց Լիլիթ Ստեփանյանն է: Այս սխալն իջեցնում է սեփական հանրային խոսքը կարեւորելու նշաձողը, բայց Արցախի համար անհամեմատ պակաս վտանգավոր է, քան բուն հանդիպման կողմերի պաշտոնական դիրքորոշումները:

Երկրների հարաբերություններում պետք է պահել պաշտոնյաների մակարդակների հավասարակշռությունը: Ասենք, որեւէ երկրի վարչապետ հարցեր չի քննարկում մեկ այլ երկրի գյուղատնտեսության նախարարության ընտանի կենդանիների բազմացման առանձնահատկություններն ուսումնասիրող վարչության պետի տեղակալի հետ: 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պետք է հանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ: Հայաստանի ԱԺ-ից ամենացածր պաշտոնյան, ում հետ պետք է հանդիպի Արցախի ԱԺ նախագահը, կարող է լինել ՀՀ ԱԺ փոխնախագահը: Այն էլ՝ բացառիկ դեպքերում, երբ ԱԺ նախագահի «գլուխը խառն է»: Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է պատգամավորների, ովքեր իշխանական կուսակցության անդամ են, կուսակցության ղեկավար մարմնում՝ վարչությունում չկան, Լիլիթը սովորական պատգամավոր է, Ռուստամը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրենց բոլոր մեղքերի համար ուրիշներին մեղադրող իշխանավորների շարքում Լիլիթն ու Ռուստամը չկան: Նիկոլ Փաշինյանն այս երկուսին հանրային խոսք չի վստահում: Այս երկուսը որոշում կայացնող չեն, կատարող են՝ կոճակ սեղմող: Բայց Նիկոլ Փաշինյանը հենց կոճակ սեղմողներին է ուղարկել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ հանդիպման: Ի՞նչ է սա, եթե ոչ Արցախի ինքնուրույնության նշաձողի իջեցում: Չեմ զարմանա, եթե վաղը Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ հանդիպման գործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի վերջին եւ նախավերջին համարները:

Արցախի համար ցավալին այն է, որ Արթուր Թովմասյանը մասնակցում է նշաձողն իջեցնելու գործողություններին: Այսպես են հայրենիք կորցնում, այսպես պարտվեցինք պատերազմում: «Սիրուն չի, տղերք»,- կասեր դասականը:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ