Կվերադառնա ընդդիմությունը խորհրդարան իր օրակարգո՞վ, թե՞ բոյկոտը կշարունակի

Կվերադառնա ընդդիմությունը խորհրդարան իր օրակարգո՞վ, թե՞ բոյկոտը կշարունակի

Դեռեւս հունիսին ընդդիմության ներկայացուցիչներն ասում էին, որ իրենք խորհրդարան կվերադառնան իրենց օրակարգով: Ընդդիմության օրակարգը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է` իմպիչմենթը: Հնարավո՞ր է, որ սեպտեմբերի 12-ին սկսվող ԱԺ հերթական նստաշրջանին ընդդիմությունը վերադառնա խորհրդարան անվստահության օրակարգով, թե՞ նիստերի բոյկոտը կշարունակվի:

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ անվստահության համար անհրաժեշտ է 54 պատգամավորի աջակցություն: Մինչեւ անվստահության նախագիծը քննարկելն ու քվեարկելը պետք է այդ նախագիծը ներկայացնել խորհրդարան: Ըստ Սահմանադրության 115 հոդվածի՝ «Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու»: ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը 107-ն է, իսկ դրա մեկ երրորդը՝ 36 պատգամավոր: Ստացվում է, որ նման նախագիծ ներկայացնելու համար ընդդիմության ունեցած 35 ձայնը բավարար չէ, անհրաժեշտ է եւս 1 պատգամավորի աջակցություն: Առնվազն այս պահին հայտնի չէ, թե ով կարող է լինել այդ մեկ պատգամավորը, եւ հանուն ինչի նա պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:

Տեսականորեն հնարավոր է, որ ՔՊ խմբակցության անդամները միանան վարչապետի անվստահության նախաձեռնությանը, բայց դա հնարավոր է միայն որոշակի քաղաքական պրոցեսների արդյունքում: Արժե հիշել, որ քաղաքական որոշակի գործընթացների արդյունքում առնվազն 2 անգամ խորհրդարանական մեծամասնությունը վերաձեւել են, որի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն: Առաջինը 1998 թվականին էր, երբ «Հանրապետություն» խմբակցության պատգամավորները մեկ օրվա ընթացքում դուրս եկան խմբակցությունից եւ միացան Երկրապահ խմբին, ինչի արդյունքում խորհրդարանում մեծամասնությունը կորցրած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա քաղաքական թիմը հրաժարական տվեցին։ Իսկ մյուսը 2018-ին էր, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի իշխանազավթումն օրինականացրեց ՀՀԿ խմբակցության մի մասի աջակցությամբ: Ճիշտ է՝ Փաշինյանին աջակցեցին նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բայց առանց իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչների աջակցության հնարավոր չէր Փաշինյանի իշխանազավթմանը քիչ թե շատ օրինական տեսք տալ. առանց ՀՀԿ-ի պառակտման հնարավոր չէր նոր քաղաքական մեծամասնության ձեւավորում:

Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է պառակտվել հասարակական ճնշման ազդեցության տակ: Նրանք նկատի ունեն 2018 թվականի փորձը, երբ հանրային ճնշման ներքո ՀՀԿ պատգամավորների մի մասն աջակցեց իշխանազավթմանը: Բայց 2018-ին Փաշինյանը եւ նրան աջակցող ուժերը հստակ կազմակերպեցին հանրային ճնշումը՝ իշխանական պատգամավորների բնակարանների մոտ դագաղներ դնելով, մահվան սեւ պաստառներ կախելով, բազմահազարանոց հանրահավաքներով: Հիմա ընդդիմությունը ոչ մի նման գործողություն չի ձեռնարկում: Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ հիմա հակաիշխանական տրամադրություններն ավելի սուր են, քան 2018 թվականին, եւ հատուկ որեւէ բան կազմակերպելու կարիք չկա: Պետք է ընդամենը գտնել այդ պակասող մեկ պատգամավորին, անվստահության նախագիծը ներկայացնել խորհրդարան, իսկ դրանից հետո հասարակությունն ինքնուրույն ոտքի կկանգնի:

Սահմանադրության նույն՝ 115 հոդվածի համաձայն, «Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո»: Ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ երբ պաշտոնանկության նախագիծը մտնի խորհրդարան, եւ Փաշինյանի պաշտոնանկությունն իրական դառնա, այդ 48-72 ժամվա միջակայքում ինքնաբուխ փողոց դուրս կգա 50-100 հազար մարդ եւ իշխանությանը կստիպի հանձնվել:  Թե որտեղից այդքան վստահություն, դժվար է ասել:

Անվստահության նախագծի համար պետք է լինի վարչապետի թեկնածու: Ընդդիմությունն առայժմ չի հայտարարում, թե ով կարող է լինել իր թեկնածուն: «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ոչ հրապարակային հայտարարում են, որ վարչապետի միակ ընդունելի թեկնածուն իրենց ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանն է: Թե ինչու նրանք դա հրապարակային չեն հայտարարում, կարելի է միայն ենթադրել: Էդգար Ղազարյանը պատրաստ էր ինքը լինել ընդդիմության միասնական թեկնածուն, բայց ո՛չ «Հայաստանը» եւ ո՛չ էլ «Պատիվ ունեմ»-ը նրան չեն պատասխանել, ինչը նշանակում է, որ դեմ են:

Վերադառնալով այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը կվերադառնա՞ խորհրդարան՝ վարչապետի պաշտոնանկության նախագծով, ասենք, որ դա քիչ հավանական է կամ գրեթե անհավանական: Ներկա ստատուս քվոյի պահպանումն ընդդիմության համար միանգամայն կոմֆորտ է: Իրենք բոյկոտում են խորհրդարանի նիստերը՝ արմատական անհաշտ դիրքորոշում դրսեւորելով իշխանության նկատմամբ: Իշխանությունը չի կարող ընդդիմությանը զրկել մանդատներից, որովհետեւ դա միջազգային շատ վատ արձագանք կունենա, բացի այդ՝ ընթացակարգն է շատ բարդ: Ընդդիմությունն անվստահություն հայտնելու համար բավարար ձայներ չունի, եւ միակ հույսն այն է, որ մի օր հասարակությունը կստիպի, որ ՔՊ-ականները միանան ընդդիմությանը, եւ այդ ժամանակ հնարավոր է ընդդիմությունն ունենա անհրաժեշտ 36 եւ 54 ձայները: Ճիշտ է՝ բացակայությունների համար որոշ տույժեր կիրառվում են. պատգամավորների աշխատավարձից պահվում է նիստերի բացակայության գումարը, բայց աշխատավարձը պատգամավորների ապրուստի միակ միջոցը չէ, ուստի նրանց գործողությունների վրա դժվար թե ազդեցություն թողնի։

Ավետիս Բաբաջանյան