«Հրապարակ». Գրագողությունը խրախուսում են, ազատ մտածողությունը` ոչ

«Հրապարակ». Գրագողությունը խրախուսում են, ազատ մտածողությունը` ոչ

Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ 2021 թ. հունիսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարված է եղել դասախոսի թափուր տեղի մրցույթ, որին մասնակցել է նաեւ ինքը, սակայն իր քաղաքական հայացքների պատճառով կառավարման խորհրդի 15 անդամներն իր թեկնածությանը դեմ են քվեարկել, առանց որեւէ պատճառաբանության: Անգամ երբեմնի ընդդիմադիր ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, որը կառավարման խորհրդի անդամ է, դեմ է քվեարկել: Մենք օրեր շարունակ փորձեցինք միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է դեմ քվեարկել,  սակայն Մելքումյանը ցածրաձայն ասաց, որ խիստ զբաղված է՝ խոսելու ժամանակ չունի: Մելքումյանի այսօրինակ պահվածքն արդեն իսկ ինչ-ինչ հարցերի տեղիք է տալիս:

Մենք փորձեցինք Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի դեկանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա էլ է ընդհատակ անցել: Մեր զանգերն օրեր շարունակ մնացին անպատասխան: Կապ հաստատեցինք ֆակուլտետի փոխդեկան Վարդան Վլասյանի հետ, ով նույնպես Ղազարյանի թեկնածությանը դեմ է եղել: Նա, լսելով մեր հարցը, ասաց. «Դա եղել է իմ որոշումը, եւ ես չեմ պատրաստվում դրա պատճառների մասին բարձրաձայնել»: Այն հարցին, թե ռեկտորատից չե՞ն եղել ուղղորդումներ, փոխդեկանը նշեց․ «Ոչ, նման բան չի եղել»: Նկատենք, որ Ղազարյանը համարվում է համալսարանի լավագույն դասախոսներից մեկը, եւ ուսանողները նրան սիրում են, ուստի նրան համալսարանից դուրս թողնելու միակ պատճառը կարող է լինել համալսարանի ռեկտորատի եւ իշխանությունների հրահանգը: Ցավալի է, որ դասախոսներն այդքան կեղծ ու ստրկամիտ են, հետն էլ՝ ստախոս ու իրենց ղեկավարությունից կախված:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին  «Անկախություն» շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը, ով դասախոսում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետում, ազատվել է աշխատանքից, իր խոսքով` քաղաքական գործունեության պատճառով:

Ռեկտոր Դիանա Գալոյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, թե Ղազարյանին որեւէ մեկն աշխատանքից չի հեռացրել, նրա պայմանագրի ժամկետն է լրացել` նա չի դիմել երկարացնելու համար: Սակայն Ղազարյանը պնդում է, որ ավելի քան մեկ տարի բուհում ամեն հնարավոր եւ անհնարին քայլին գնացել են` իրենից ազատվելու համար: Մինչեւ անգամ իրեն զրկել են որպես հիմնական դասախոս աշխատելու հնարավորությունից՝ դարձնելով պայմանագրային աշխատակից: Հետագայում նա հրապարակեց նաեւ բուհի աշխատակցի նամակը՝ ուղղված դասախոսներին, որ ժամկետը սպառվում է` եկեք ձեր դիմումները երկարացրեք: Իսկ Ղազարյանին ոչ միայն չեն տեղեկացրել, այլեւ գաղտագողի ազատել են` ասելով, թե դիմում չես տվել պայմանագիրդ երկարացնելու համար:

ՀԳ․ Երեւանի պետական համալսարանից էլ դուրս են թողել երկարամյա սիրված դասախոս Սերժ Սրապիոնյանին, ով 20 տարի դասախոսել է ԵՊՀ-ում: Սրապիոնյանն ասում է, որ նախարարն անձամբ է հրահանգել, որ իր հետ պայմանագիրը չերկարացնեն: Նույն «պատահականությամբ» ԵՊՀ-ից դուրս են թողել նաեւ իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանին, ով նույնպես հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։ Ազատ միտքը համալսարաններից դուրս թողնելու, ապա այդ համալսարանները մարզ տեղափոխելու մարտավարությունը հստակ ցույց է տալիս, թե իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է որդեգրել կրթական ոլորտում։