Ինչ աշխատանք են առաջարկում Եվրոպայում

Ինչ աշխատանք են առաջարկում Եվրոպայում

Ֆեյսբուքում տարբեր հրապուրիչ առաջարկներ կան՝ բարձր աշխատավարձով աշխատանք Եվրոպայում՝ աշխատանքային վիզայով։ Գրեթե առանց տարիքային սահմանափակումների՝ 19 - 59 տարեկանների համար։ Հայտարարություններից մեկում, օրինակ, ասվում էր՝ ծառայություններն անվճար են, քանի որ վճարում է գործատուն։ Առաջարկում են պատրաստել անձնագիր, դիմել գրասենյակ, որտեղ Joblio հավելվածում կլինի հարցազրույց, ապա առաջարկվում է գնել ավիա կամ ավտոբուսի տոմս և  ապահով ճանապարհորդել։

Կորոնավիրուսային փակ աշխարհում սա մի քիչ արտառոց է, հաշվի առնելով, որ Եվրոպայի փակված սահմանները նոր-նոր են բացվում առանձին երկրների համար, իսկ պատերազմից հետո էլ շատ մեծ է քաղաքական ապաստանի համար դիմողների՝ պոտենցիալ չվերադարձողների հավանականությունը։

«Հրապարակը» կապ հաստատեց հայտարարության տակ հեռախոսահամար թողած երիտասարդի հետ, որն ասաց, որ աշխատանքը Լեհաստանում և Լիտվայում է։ Հարցին էլ, թե արդյոք փակ չե՞ն մեզ համար սահմանները, երիտասարդն ասաց․ «Ես էս գործն անում եմ, կովիդի ժամանակ էլ եմ մարդկանց ուղարկել։ Դե որ փակ լիներ, առաջարկը չէր լինի, բնականաբար։ Սրանք տուրիստական չեն, վեց ամսով, մեկ տարով աշխատանքային վիզաներ են»։ Սա, ըստ երիտասարդի, բավականին ժամանակատար պրոցես է, փաստաթղթերի ձևակերպումը մոտ 3 ամիս տևում է, սակայն ասաց, որ 95 տոկոս դեպքերում դեսպանատները չեն մերժում։ Աշխատանքները արտադրական ոլորտում ու հոսքային աշխատանքներ են։ Վերջին շրջանում շատ նորաձև է դարձել չափազանց օգտակար հապալասի հավաքողների հավաքագրումը։ Հապալասի մասին հարցը հայտարարություն տված երիտասարդին դուր չեկավ, նա ասաց․ «Դա սեզոնային է, 3 ամիս միայն ձևակերպումն է, ինչ հապալաս, հապալասն էդ մի ամիսն ա ու ֆսյո։ Չգիտեմ՝ մարդիկ էդ ինչ են տեսնում, լսում»։

Հարցին, թե շա՞տ են դիմողները, նա պատասխանեց․ «Պետության վիճակը որ նայում ես, Ձեր կարծիքով՝ շատ կլինե՞ն, թե՞ չէ»։