Նամակ - խնդրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Նամակ - խնդրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք հայտնել մեր բարձր հարգանքը Ձեր և ամերիկյան ժողովրդի հանդեպ, ինչպես նաև հայցել Ձեր ներողամտությունը՝ Ձեր երկրի և համաշխար­հային նշանակության կարևոր գործերից շեղելու համար:

Վերջերս տեղեկացանք, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ - ի ռազմական կոնտինգենտը լքել է Բահրամ ավիացիոն բազան: Որոշների համար այդ կազմակերպված գործո­ղութ­յունը եղել է անակնկալ, ինչպես նաև առաջացրել զարմանք, թե ինչպես էր հնարավոր դա անել գրեթե աննկատ ու այդքան արագ: Գերազանց է:

Նկատի ունենալով աշխարհի տարբեր մասերում ԱՄՆ-ի մարդասիրական առաքելությունների հարուստ պատմությունը, կարող ե՞ք, արդյոք, մի այդպիսի առաքելություն իրականացնել արյունահոսող Հայաստանում: Խոսքը վերաբերում է Բահրամի նմանությամբ մի օպերացիա մշակելու և իրագործելու մասին:

Հնարավո՞ր է մեկ օրում Հայաստանից տարհանել մեր միջի թուրքերին (հայցում ենք իսկական թուրքերի ներողամտությունը. այդ բառն օգտագործվում է մեզանում տևական ժամանակ արմատավորված բացասական երևույթների նույնա­կանացման նպատակով և կապ չունի թուրք ժողովրդի հետ):

Հույսով, որ այս խնդրանքի արձագանքը կլինի այնպես արագ, ինչպես եղել 1915 թվականի սեպտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի արձագանքը՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագրին, որից հետո անհապաղ միջոցներ ձեռնարկվեցին ցե­ղասպանությունից փրկվածներին օժանդակություն ցուցաբերելու համար:  

Կանխավ շնորհակալություն:

Հրաշքի ակնկալիքով՝

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր