«Յուքոմից» հեռացած 400 աշխատակից ետ է վերադարձել․ մյուսները ընդունվել են Եսայանների մոտ այլ աշխատանքի

«Յուքոմից» հեռացած 400 աշխատակից ետ է վերադարձել․ մյուսները ընդունվել են Եսայանների մոտ այլ աշխատանքի

Մեկ ամիս առաջ «Յուքոմի» շուրջ բարձրացած աղմուկը կամաց-կամաց մարում է. վեճերից հետո ընկերությունն արդեն տնօրեն ունի՝ ի դեմս Արա Խաչատրյանի, որը արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է որպես «Յուքոմ» ՓԲԸ տնօրեն:

Աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցների մի մասն էլ վերադարձել է աշխատանքի։ Վերջիններիս իրավաբանական աջակցություն ցույց տվող փաստաբան Հարություն Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով՝ 400 աշխատակից հետ են վերադարձել աշխատանքի, եւ ըստ այդմ՝ նա այլեւս չի ներկայացնում նրանց շահերը։

«Իմ տեղեկություններով՝ 850-ից մոտավոր 400-ը հրաժարվել է իր դիմումից, բայց մյուսները կարծես թե ազատվել են։ Քանի որ գործատու-աշխատող լարված վիճակը անցավ, դրա հետ կապված լրացուցիչ այլ դատավարական խնդիրներ չառաջացան․․․Գործատուն միջնորդավորված ասում էր, որ, եթե աշխատանքից ազատվեք, մենք ձեզնից վնաս կպահանջենք, իրենց մտահոգող թեման դա էր, որ մեզ դիմեցին»,-ասաց Հարությունյանը։

Նա նաեւ նշեց, որ իրեն հասած լուրերով՝ ազատման դիմում գրածների մի մասը գնացել է «Յուքոմ», իսկ մյուս մասը՝ Եսայանների այլ ընկերությունում աշխատանքի․ «Իրենք նախօրոք ծանուցել էին, որ աշխատանքից ազատվելու են»։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները «Յուքոմի» հիմնադիր Հայկ եւ Ալիկ Եսայաններին հայտնել էին, որ «Վեոն Արմենիա» ընկերության` «Բիլայնի» հետ ցանկանում են միավորել «Յուքոմը» եւ տնօրեն նշանակել Բիլայնի տնօրենին, Եսայանները սակայն դեմ էին` առաջարկելով մեկ տարբերակ՝ վաճառել մոտ 94,06 տոկոս բաժնեմասերը եւ հեռանալ: 

Այնուհետեւ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր նկատմամբ բոլոր կիրառվող միջոցները որակել է իրենց ընտանիքի ստեղծած «հաջողված բիզնեսները կազմաքանդելու» փորձ: